2007-ի 6,6 տոկոսի դիմաց
Ամփոփելով 2007-ի ցուցանիշները, Կենտրոնական բանկի խորհուրդն արձանագրել է, որ անցյալ տարվա դեկտեմբերին 12-ամսյա գնաճի ցուցանիշը կազմել է 6,6 տոկոս, ինչն ավելի քան 1 տոկոսով բարձր է եղել նպատակային թիրախի վերին սահմանից: Դա պայմանավորված է եղել բուսական եւ կենդանական յուղերի միջազգային գների եւ դրանցով պայմանավորված ներքին գների աճով: Մասնավորապես, վերոնշյալ ապրանքների, կանխատեսվածից էապես ավելի ներքին գների աճը ընդհանուր գնաճին նպաստեց 1,2 տոկոսային կետով: Հացահատիկի միջազգային գների աճը ակնկալվում էր, որ տեղի կունենա ավելի երկար ժամանակահատվածումՙ մինչեւ 2008-ի առաջին կիսամյակ, բայց դրսեւորվեց 2007-ի երկրորդ կիսամյակում:
Ինչ վերաբերում է 2008-ի կանխատեսումներին, ապա, ըստ ԿԲ խորհրդի, այս տարվա առաջին կիսամյակում 2007-ի չորրորդ եռամսյակի արտաքին գնաճային ճնշումները կպահպանեն իրենց ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա: Հետագայումՙ արտաքին նոր գնաճային ցնցումների բացակայության պայմաններում դրանք կթուլանան:
Եվրոյի փոխարժեքը դոլարի նկատմամբ ակնկալվում է, որ 2008-ի ընթացքում որոշակիորեն կարժեզրկվիՙ տարեվերջին հասնելով եվրոյի դիմաց 1,37 դոլարի: Նավթի միջազգային գները առաջին եռամսյակում կպահպանեն բարձր մակարդակը, բայց հետո կսկսեն նվազելՙ տարեվերջին հասնելով մինչեւ 76 դոլար 1 բարելի դիմաց նշագծին: Հայաստանի Կենտրոնական բանկի գնահատմամբ, հիմնական անորոշությունը ԱՄՆ տնտեսության վրա անշարժ գույքի շուկայի ազդեցությունն է: Այդ ազդեցությունը կարող է փոխել ԱՄՆ տնտեսական աճի հեռանկարները, որը կարող է անդրադառնալ ե՛ւ դոլարի փոխարժեքի, ե՛ւ հումքային ապրանքների գների վրա: Ինչ վերաբերում է հացահատիկի գներին, ապա այստեղ անորոշություններն ավելի մեծ են եւ կախված 2008-ի բերքից:
Կենտրոնական բանկը կանխատեսում է, որ 2008-ին Հայաստանի տնտեսական աճը կլինի 10-11 տոկոսի սահմաններում, հիմնականում շինարարության եւ սպասարկումների ոլորտների զարգացման շնորհիվ:
Շինարարությունում ակնկալվում է 14-17 տոկոսի աճ, որը պայմանավորված է լինելու տրանսպորտի, կապի, էներգետիկայի եւ մետաղագործության ոլորտներում ակնկալվող ներդրումներով: Արդյունաբերության ճյուղում ակնկալվում է 6,5-8 տոկոս աճՙ պայմանավորված քիմիական արդյունաբերության, մետաղագործության եւ շինանյութերի արտադրությունում սպասվող ծավալների աճով: Ծառայությունների ոլորտում այս տարի կանխատեսվում է 12-14 տոկոս աճ, որը ընդհանուր տնտեսական աճին կնպաստի 3,5-4,2 տոկոսային կետով: Այդ աճը սպասվում է, որ ապահովվելու է տրանսպորտի եւ կապի ծառայությունների, ինչպես նաեւ զբոսաշրջության հետ կապված ծառայությունների աճով: Գյուղատնտեսության ճյուղում ակնկալվում է 2-4 տոկոս աճ:
2008-ի համար 2007-ի դեկտեմբերին հաջորդող գնաճի 12 ամսյա ժամանակահատվածում գնաճըՙ ԿԲ խորհրդի կանխատեսմամբ, կկազմի 5,4 տոկոս, իսկ 2008-ի երկրորդ եռամսյակումՙ 6,3 տոկոս: Այս ցուցանիշներից շեղումներ աճի ուղղությամբ հնարավոր են նավթի եւ պարենային ապրանքների միջազգային սպասվող գներից ավելի բարձր գների ձեւավորման, ամբողջական պահանջարկի կազմում սպառման բաղադրիչի կանխատեսվածից բարձր աճի, տնտեսության վարկավորման ակնկալվածից առավել բարձր աճի տեմպերի դեպքում: Գնաճի ցուցանիշից նվազման ուղղությամբ շեղումը հնարավոր է արտահանման արտարժութային ծավալների աճի ավելացման, սպասվածից ավելի կապիտալի ներհոսքի պայմաններում, դրամի փոխարժեքի արժեւորման եւ ներմուծվող ապրանքների գների նվազման հետեւանքով: Միաժամանակ նշվում է, որ գյուղատնտեսության ոլորտի զարգացումները, կախված բնակլիմայական պայմաններից, կարող են ռիսկեր պարունակել ինչպես աճի, այնպես էլ նվազման ուղղությամբ:
Ավելացնենք նաեւ, որ Կենտրոնական բանկի խորհուրդը որոշել է անփոփոխ թողնել ԿԲ վերաֆինանսավորման տոկոսադրույքըՙ սահմանելով 5,75 տոկոս:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ