Աշխարհի 157 երկրների մեջ
Ամերիկյան Heritage Foundation կազմակերպության եւ The Wall Street Journal թերթի հրապարակած աշխարհի երկրների տնտեսական ազատության 2008-ի զեկույցի համաձայն, Հայաստանը 157 երկրների ցանկում զբաղեցնում է 28-րդ տեղը, համարվելով հիմնականում ազատ տնտեսությամբ երկիր: Հիշեցնենք, որ տնտեսական ազատության ցուցիչով անցյալ տարի մեր երկիրը զբաղեցնում էր 32-րդ տեղը:
Վերոնշյալ ցուցանիշով Հայաստանը առաջատար է ԱՊՀ երկրների շարքում, իսկ նախկին խորհրդային երկրներից ավելի բարձր դիրքեր ունեն միայն Էստոնիան եւ Լիտվան: Բացի այդ, տնտեսական ազատությամբ մեր երկիրն առաջ է անցել ԵՄ մի շարք երկրներիցՙ Իսպանիայից, Ֆրանսիայից, Իտալիայից, Հունաստանից, Լեհաստանից, Ավստրիայից: Զեկույցում նաեւ նշված է, որ Հայաստանի այս ցուցանիշը տպավորիչ է, հաշվի առնելով մեր երկրի շրջափակման մեջ գտնվելը: Հայաստանի ուժեղ կողմերն են նշվել բարենպաստ ներդրումային միջավայրը, ցածր հարկերը, պետական ապարատի ցածր ծախսերը, բանկային զարգացող համակարգը, ցածր գնաճը, առեւտրային ճկուն եւ համեմատաբար պարզ գործարքները: Չնայած կոռուպցիայի դեմ պայքարում եւ սեփականության իրավունքների բնագավառում արձանագրած հաջողություններին, այս խնդիրները դեռ շարունակում են խոչընդոտել մեր տնտեսությանը:
Լրիվ ազատ են ճանաչվել միայն 7 երկրներ, այդ թվումՙ Հոնկոգը, Սինգապուրը, Իռլանդիան, Ավստրալիան, ԱՄՆ-ն: Մեր հարեւաններից Վրաստանը զբաղեցնում է 32-րդ տեղը եւ համարվում է չափավոր ազատ տնտեսությամբ երկիր, իսկ Ադրբեջանը 107-րդ տեղում է եւ համարվում է անազատ տնտեսությամբ երկիր:
Ա. Մ.