Հանրամատչելի ուղեցույց` դեպի Եվրոմիություն
Քսաներորդ դարի ամենահաջողված քաղաքական փորձառությունը համարվող Եվրոմիությունը նշանակալի տեղ է զբաղեցնում մեր կյանքում: Ընդհանրապես Եվրոպան եւ եվրոպական քաղաքական, սոցիալական, տնտեսական կառույցները մեր կենցաղի անքակտելի մասն են դարձել եւ մեծ դեր են խաղում հատկապես հայկական հարցերի միջազգային ճանաչման գործում:
Այդ կառույցների մասին հակիրճ, բայց գործնական տեղեկություններ տալու նպատակով եվրոպական երեք հաստատություններ` «Les Nouvelles d՛Arme՛nie magazine» ամսաթերթը (Ֆրանսիա), «Օրեր» ամսագիրն ու «Կովկաս-Արեւելյան Եվրոպա տեղեկատվական կենտրոնը» (Չեխիա), «Inside Europe» գաղափարների մշակման գիտահետազոտական կենտրոնը (Բրյուսել) մտահղացել են ընթերցողի սեղանին դնել անգլերեն լեզվով հանրամատչելի մի գրքույկ, որը կրում է «Armenians Inside Europe» («Հայերը Եվրոպայում») խորագիրը:
Գիրքը հեղինակել է Նիկոլաս Դավթյանը ԿԱԵՏԿ-ի համագործակցությամբ, տպագրվել է Չեխիայի Հանրապետությունում հովանավորությամբ Եվրոհանձնաժողովի եւ Հայկական բարեգործական ընդհանուր միության:
Քառասունվեց էջանոց գրքույկը բացվում է ներածականով, որտեղ ներկայացված են հայերն ու Եվրոպան եւ Եվրոմիությունը: Այնուհետեւ «Եվրոմիությունը եւ Հայկական Հանրապետությունը» բաժնում քննարկվում են Եվրոպայի հարեւանների եւ Հայաստանի Եվրոմիությանն անդամակցելու խնդիրները: Երրորդ` «Հայկական սփյուռքը Եվրոպայում» բաժինը խոսում է բազմամշակութային եւ բազմալեզու հասարակության եւ ռասիզմի ու ցեղասպանության ժխտման դեմ պայքար մղելու անհրաժեշտության մասին:
Չորրորդ` վերջին բաժնում քննության են առնվում Թուրքիայի, Հայաստանի եւ Եվրոմիության առնչությունները, անդամակցության մեխանիզմները եւ զանազան հիմնադրամներից օգտվելու հնարավորությունները: Այստեղ խոսք կա նաեւ, որ 1987-2007 թվերի ընթացքում Եվրոխորհրդարանը վեց անգամ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:
Վերջում տրված են Եվրոմիության, նրա կառույցների եւ քաղաքականության վերաբերյալ տվյալներ ձեռք բերելու աղբյուրները եւ գրքի հրատարակման ծրագիրը իրագործած երեք հաստատությունների մասին հակիրճ տեղեկություններ:
Գիրքը օգտակար է բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրվում են եվրոպական կառույցներով, եւ խորհուրդ է տալիս հավելյալ մանրամասնություններ ձեռք բերելու համար այցելել «www.insideeurope.eu» կայքը:
Հ. Ծ.