«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#5, 2008-01-12 | #6, 2008-01-15 | #7, 2008-01-16


ՆՐԱՆ ՁԵՎԱՎՈՐԵԼ ԷՐ ԱՆՑՅԱԼԸ

Դոլորես Զոհրապ-Լիբմանի կենսագրության մանրամասնությունները

Նյու Յորքի հայկական եկեղեցու արեւելյան թեմին կից գործում է «Գրիգոր եւ Կլարա Զոհրապի անվան տեղեկատվական կենտրոնը», որի տնօրենն է Ռեյչըլ (Ռաքել) Կոշկարյանը: Վերջերս կենտրոնում որոշ վերակազմակերպչական աշխատանքներ կատարելիս թղթապանակների կույտերի միջից ձայնագրված մի ժապավեն է դուրս եկել հետեւյալ մակագրությամբ. «Տիկին Դ. Զ. Լիբման (հարցազրույց). 7/7/88»: Նորանշանակ տնօրենը մեծ հետաքրքրությամբ ցանկացել է իմանալ, թե ո՞վ է այդ տիկին Լիբմանը, որը 1.6 մլն դոլարի նվիրատվություն կատարելով, ստեղծել էր նման մի կենտրոն:

Ստորեւ «Արմինյն միրոր-սփեքթեյթր» շաբաթաթերթից թարգմանաբարՙ նրա հայտնաբերած մանրամասնությունները Օսմանյան կայսրության խորհրդարանի պատգամավոր, մարդու եւ հատկապես կանանց իրավունքների անխոնջ մարտիկ եւ տաղանդավոր գրող Գրիգոր Զոհրապի դստերՙ Դոլորեսի կենսագրության վերաբերյալ:

Մինչ մենք վերակազմակերպչական աշխատանքներն էինք առաջ տանում, բազմաթիվ նոր եւ հետաքրքրական փաստեր հայտնաբերեցինք այդ չքնաղ եւ արտասովոր կնոջ կյանքի եւ գործունեության վերաբերյալ: Մի լուսանկարում նա գնչուական տարազ էր կրում: Ճանապարհորդական մի քանի թղթերի վրա «փախստական» բառն էր գրված: Գտանք նաեւ նրա «գրին քարտը», գավազանը, հարցազրույցների ուրիշ ձայնագրություններ, որոնցում նա խոսում էր պոլսահային բնորոշ հայերենով, բայց ֆրանսիական շեշտադրությամբ: Ի մի բերելով այդ բոլորը, մեր առջեւ հառնեց նվիրվածության, բաժանումի եւ կարոտի զգացումներով միահյուսված, տարագրված հայուն բնորոշ մի կյանքի պատմություն, որն առավել ամբողջական էր դարձել իր ողբերգական ելեւէջներով եւ անշուշտ ազգին, մարդկությանը հսկայական ժառանգություն թողնելու իր վճռականությամբ:

1915 թվի մայիսին Դոլորեսը ականատես էր եղել, թե ինչպես են իր հորը անվերադարձ տանում Ստամբուլի իր տնից: «Մենք ճաշում էինք սեղանի շուրջը նստած: Կեռաս էինք ուտում: Մինչեւ օրս կեռաս չեմ դնում բերանս: Չեմ կարող: Նա մեզ համբուրեց եւ այդքանը: Նրանք ոչ մի բացատրություն չտվեցին», վերհիշում է նա:

Այդ ժամանակաշրջանում Դոլորեսի եղբայրները Եվրոպայում են եղելՙ ուսանելիս: Մայրըՙ Կլարան, քույրըՙ Հերմինեն եւ ինքը որոշ ժամանակ շարունակել են կարագի արկղերի մեջ թաքցրած նամակներ ստանալ հորից, որին Ստամբուլից դուրս հանելուց հետո, տարագրել են Դիարբեքիր: Ասում ենՙ Գրիգորը ներքին գործերի նախարար Թալեաթի հետ նարդի է խաղացել: Երեւի դրանից էլ դրդված Դոլորեսը հոր ձերբակալությունից հետո մոտեցել է Թալեաթին խնդրելով, որ միջամտի հոր ձերբակալման հարցում: Թալեաթը պատասխանել է. «Աղջիկս, հայրդ իմ եղբայրն է», բայց...

«Հորիցս ստացած վերջին նամակը հատկանշական էր», հիշում է Դոլորեսը: «Հայրս կրոնասեր մարդ չէր, բայց այդ նամակում նա աղերսում էր «մեզի համար, ինծի համար աղոթք ըրեք»: 80-90-ականների նրա հետ կատարված հարցազրույցները շատ մանրամասնություններ են պարունակում այդ ժամանակահատվածի վերաբերյալ: Նա հիշում է, թե ինչպես մորը հեռախոսային զանգով տեղեկացրել էին, որ սպանել են Գրիգորին: Դրանից հետո, երբ ես Թալեաթ փաշային հանդիպեցի փողոցում « երեսս շուռ տվեցի: Ուրիշ ի՞նչ կարող էի անել», վերհիշում է նա: 1915-ին Լիբմանը 20 տարեկան է եղել: Իր ընտանեկան կյանքը, որ նա նկարագրում է, անցել է Փերայի (Պոլիս) գերմանական հյուպատոսարանի մոտ գտնվող իրենց տանը, որը նայում էր մի կողմից Դոլմաբահչե պալատին, մյուս կողմիցՙ Բոսֆորին: «Մենք աչքի ընկնող հարուստներից չէինք, բայց հանգիստ կյանք էինք ապրում, մեզ օգնում էին», բացատրում է նա ընդգծելով, որ իրենց 4 սենյականոց բնակարանը «ճաշակով» էր կահավորված եւ այնտեղ շատ գեղեցիկ իրեր կային բերված հոր կողմից աշխարհի տարբեր մասերից:

Տանը միշտ հայերեն են խոսել, բայց ինքըՙ Դոլորեսը հայ ընկերներ չի ունեցել: «Ես մեծացել եմ ֆրանսիացի եւ գերմանացի երեխաների շրջապատում», խոստովանում է նա, հաստատելով, որ հայերեն գրել, կարդալ լավ չի իմանում: Հաճախել է գերմանական վարժարան Ստամբուլում եւ լավ է տիրապետել ֆրանսերենին: Խոսելով հյուրերի մասին, նշել է. «Դեսպանատներից շատ մարդիկ էին գալիս հորս այցելության»: Նրանց մեջ աչքի է ընկել պրոֆ. Լեփսիուսը: Տանը երկու գերմանացի խոհարար է աշխատել, որոնք հոր ձերբակալությունից հետո մնացել են կանանց կողքին, քանի որ Դոլորեսի եղբայրները քաղաքում չեն եղել: «Հայրս այն մարդկանցից էր, որ երբ խոսում էր, ոչ միայն իր ընկերները, այլեւ թշնամիները հոտնկայս ծափահարում էին», հիշում է Դոլորեսը: «Երբ սպանեցին հորս, Ստամբուլի հայերը ահ ու դողի մեջ էին: Մենք երեքովՙ Կլարան, Հերմինեն եւ ես մեր շանը վերցնելով գնացքով մեկնեցինք Վիեննա եւ ապա Ժնեւ: Գերմանացի խոհարարները մեզ հետ էին եւ շարունակում էին մեզ համար ճաշ պատրաստել»: Ժնեւից նրանք անցել են Փարիզ եւ դարձել բարձր հասարակության անդամներ:

Ամռան մի գեղեցիկ օր Դոլորեսը Կաննում հանդիպել է Ռեյնգոլդի հարստության ժառանգորդ բրուկլինցի հրեա-ամերիկացի Հենրի Լիբմանին, որին «այնքան էլ մեծ ուշադրություն չդարձրի սկզբում», գրում է նա: Բայց 1932-ին նրանք ամուսնացել են Ռումինիայում: Լիբմանն ամուսնացած է եղել եւ որդին հորն ասել է, որ «հարմար զույգ չեմ նրա համար եւ որ ամուսնանում եմ լոկ նրա հարստությանը տիրանալու նպատակով»: Հայրը որդուն հարստության իր բաժինը տալով հարցերը լուծել է: Դոլորես-Հենրի զույգը հետագայում տեղափոխվել է Մ. Նահանգներ:

Նյու Յորքում Դոլորեսը կամավոր հիմունքներով աշխատել է որպես բուժքույրերի օգնական, բայց ժամանակ է գտել նաեւ այցելելու իր երկու եղբայրներին (մեկըՙ Ռումինիայում, մյուսըՙ Եգիպտոսում) եւ քրոջըՙ Հերմինեինՙ Փարիզում:

«Ես ինձ կորած էի զգում Ամերիկայում: Իմ սիրտը Եվրոպայում էր», ասել է նա հարցազրույցներից մեկի ժամանակ:

Երբ Հերմինեն Փարիզում հիվանդացել է, Դոլորեսի ամուսինըՙ Հենրին առաջարկել է նրան տեղափոխել Նյու Յորք իրենց հետ ապրելու «Մեդիսոն» հյուրանոցում:

Հերմինեին տեղափոխելուց որոշ ժամանակ անցՙ 1950-ին Հենրին մահացել է: Տարիներ անց Ռումինիայում ապրող եղբայրըՙ Լեւոնը (Լեոն), որ կաթնարդյունաբերության շնորհիվ բավական հարստացել էր, կորցրել է ամբողջ ունեցվածքը:

Անտեսելով կոմունիստական Ռումինիա չմեկնելու բոլոր հորդորները, Դոլորեսը մեկնել է եղբորը փրկելու նպատակով:

«Զգուշանալու պատճառ չունեի: Մենակ էի մնացել: Սրան-նրան կաշառելով ինձ հաջողվեց փրկել եղբորս եւ նրան Վիեննա տեղափոխել: Մենք մնացինք Նյու Յորքում եւ շարունակեցինք օգնել Լեւոնին», գրել է նա: 1959 թ. հունվարի 11-ի նամակում Լեւոնը հաստատում է, որ ստացել է դրամական օգնությունը, եւ Հերմինեին ու Դոլլիին շնորհակալություն է հայտնում, միաժամանակ շնորհավորելով Նոր տարին:

Քիչ անց վախճանվել է նաեւ Հերմինեն: Նրան թաղել են Վուդլոունում: Դոլորեսը շարունակել է զբաղվել բարեգործությամբ: Գումարներ է հատկացրել ամերիկյան Կարմիր խաչին, Ռոքֆելեր համալսարանում եւ Նյու Յորքի հանրային գրադարանում ուսումնասիրությունների խրախուսմանը, Կոլումբիա համալսարանում հայագիտական ամբիոնի եւ Հայաստանյայց եկեղեցուն կից «Գրիգոր եւ Կլարա Զոհրապ ընկերության» հիմնադրամին:

Չբավարարվելով այս նախաձեռնություններով, նա խոշոր նվիրատվություններ է կատարել նաեւ ՀԲԸՄ-ին եւ արեւելյան թեմին: Միաժամանակ հիմնել է «Դոլորես Զոհրապ-Լիբման հիմնադրամը» հումանիտար եւ հասարակագիտական առարկաների համալսարանավարտ ուսանողների հետագա գիտական գործունեության համար, ինչպես նաեւ «Դոլորես Զոհրապ հրատարակչական հիմնադրամը», իսկ 1991 թվի սեպտեմբերի 15-ին իր մահկանացուն կնքելուց մի փոքր առաջ նաեւ «Գրիգոր եւ Կլարա Զոհրապ տեղեկատվական կենտրոնը»: Կենտրոնի բացման առիթով նա խոսք է առել եւ ասել. «Ծնողներիս հանդեպ ունեցած անսահման սիրո եւ իմ հայ արմատների հանդեպ ունեցած հպարտության զգացումներով է, որ այսօր բացումը կատարում ենք այս հրաշալի կենտրոնի, որն իմ խորին համոզմամբ ծառայելու է բոլոր նրանց, ովքեր հետաքրքրվում են հայերենով եւ Հայաստանով: Վստահ եմ, որ ուսման լուրջ կենտրոն է դառնալու մեր երիտասարդների համար, որոնք մեր հայկական հոգեւոր հարստության ժառանգորդներն են»:

Մինչեւ իր կյանքի վերջը նա պահպանել է իր ուժեղ բնավորությունը: Արժանացել Սուրբ Ներսես Շնորհալի մեդալինՙ ձեռամբ Վազգեն Ա Ամենայն հայոց կաթողիկոսի:

Թարգմանեց ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4