Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ մշակութային կապերի ասպարեզը ինչ որ չափով թերի կլիներ, եթե այդ գործին թեւքերը քշտած խառնված չլիներ Գորիսում բնակվող ու ստեղծագործող արձակագիր, հրապարակախոս, կինոսցենարիստ, Հայաստանի գրողների միության Սյունիքի բաժանմունքի նախագահ, ԽՍՀՄ սպորտի վարպետ Էդուարդ Զոհրաբյանը: Հենց այդ ծառայությունն էլ գնահատվել է Ռուսաստանի Դաշնության «Ազգային փառք» բարեգործական հիմնադրամի կողմից, որը նրան արժանացրել է «Փառքի ոսկե աստղ» շքանշանի: Այն տրվել է հայ-ռուսական մշակութային հարաբերությունների զարգացմանը նպաստելու համար:
Զոհրաբյանը հինգերորդ անձն է, որ արժանացել է նման պարգեւի: Տվյալ շքանշանով իրենից առաջ պարգեւատրվել են ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վյաչեսլավ Տիխոնովը, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Լեւ Լեշչենկոն, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լեոնիդ Ռոշալը եւ Սանկտ Պետերբուրգի շինարարական-ինժեներական «ԼենՏԻՍԻԶ» կազմակերպության ղեկավար Միխայիլ Սոլոդուխինը: Այլ անվանակարգերում պարգեւատրվածների թվում են Մոսկվայի եւ համայն Ռուսիո պատրիարք Ալեքսիյ Երկրորդը, մեր հայրենակից Արթուր Չիլինգարովը, բանաստեղծուհի Բելա Ախմադուլինան եւ ուրիշներ:
Գրողի վերջերս լրացած 70-ամյակի առթիվ տրված պարգեւը Գորիսում, հանդիսավոր արարողության ժամանակ հոբելյարին հանձնեցին այդ նպատակով ժամանած մոսկվաբնակ գորիսեցիներ, ՌԴ պատվավոր շինարարներ Մարինա եւ Համլետ Միրզոյանները:
Այն, որ Գորիսը նշանավորվել է ռուսական մշակույթի հայտնի վարպետների, գրողների ստեղծագործություններում, պիտի բացատրել ոչ միայն Է. Զոհրաբյանիՙ ռուսական մամուլում ունեցած հրապարակումներով, թեեւ դրանք քիչ չեն: Հիշատակենք միայն, որ Մոսկվայի հեղինակավոր «Դրուժբա նարոդով» ամսագիրը ժամանակին Է. Զոհրաբյանին սիբիրյան գործուղում է վստահելՙ հանդեսի համար ակնարկաշար պատրաստելու նպատակով:
- Իսկ Գորիսի բույրն առնելու համար, որին հաջորդել է այնուհետեւ հաստատված բարեկամությունը, դու հրավիրել ես շատերին,-ասում եմ Է. Զոհրաբյանին:
- Մոսկվայում հայտնի մտավորական ընկերներ շատ ունեի: Եվ նրանց հրավիրել եմ Զանգեզուրը տեսնելու: Ոմանք եկել են, մյուսները չեն կարողացել: Բրոնիսլավ Խոլոպով, Յան Ֆրենկել, Էշպայ, Լեւ Օզերով, Չակլայս, Իվան Դրաչ, Չուրսինա: Իզոլդա Իզվիցկայայի հետ եմ մի զգալի ժամանակ բարեկամություն արել: Հիշո՞ւմ ես «Քառասունմեկերորդը» ֆիլմը. իսկապես տաղանդավոր դերակատարում: Ափսոս, ինքնասպանություն գործեց: Ալլա Պուգաչովա: Էլ ո՞ւմ ասեմ: Ռեգինա Ժյուրոմսկայտե` թարգմանչուհի, արվեստաբան:
Գորիսի շրջանի Բարձրավան գյուղն է Էդուարդ Զոհրաբյանի ծննդավայրը, ուսանողական նստարանները մաշել է Երեւանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտում եւ Մոսկվայի երկու համալսարաններում, որպեսզի այսօր մեզ ներկայանա շուրջ 30 ժողովածուներով, որոնք հայ ժողովրդի ու նրա մի հատված Գորիսի պատմության գեղարվեստական եւ փաստագրական վավերացումներն են: Պատահական չէ, որ արդեն վատառողջ Սերո Խանզադյանը, բռնելով Էդուարդի ձեռքը, ասել է .«Ակսելը, Գարեգինը, Սուրենը (նկատի է ունեցել Բակունցին, Սեւունցին եւ Այվազյանին) այլեւս չկան, գնում եմ նաեւ ես...Պիտի առաջ տանես մեր գրական հոգսը: Ես հավատում եմ քեզ»: Գրողի հավատի մի հաստատում դարձավ օրերս Է. Զոհրաբյանի հրատարակած նոր ժողովածուն, որում մի մեծ հատվածով շարադրված է հենց Խանզադյանի կյանքը:
Հազվադեպ են մարդիկ, որոնց բնությունը շռայլում է բազում տաղանդներով: Է. Զոհրաբյանը հրաշալի է երգում իր երկրացիներ Կոնստանտին Օրբելյանի ու Աշուղ Աշոտի երգերը, իր հարազատ եզերքը պատկերող շատ նուրբ նկարչական վրձնահարվածներ ունի, ֆուտբոլի գծով առաջին ԽՍՀՄ սպորտի վարպետն է Գորիսում: Նրա սցենարով նկարահանվել է փաստագրական հինգ ֆիլմ: Թարգմանել է Ե. Շվարցի, Ա. Չխեիձեի, Ա. Ավերչենկոյի, այլ հեղինակների ստեղծագործություններից:
Երկար տարիներ աշխատել է տեղի շրջանային թերթում, հանրապետական մամուլում:
Մոսկվայում ռուսերեն լույս տեսնող «Նոեւ կովչեգ» («Նոյյան տապան») թերթը օրերս մեկ ամբողջական էջ է նվիրել Է. Զոհրաբյանին:
ՎԱՆԻԿ ՍԱՆԹՐՅԱՆ, Արմենպրեսի թղթակից-«Ազգի» համար