«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#5, 2008-01-12 | #6, 2008-01-15 | #7, 2008-01-16


ՀԱՅԿԱԿԱՆ ՖՈՒՏԲՈԼԻ ՆԱՀԱՊԵՏԸ

Ջերմ մթնոլորտում նշվեց Սեմյոն Իսրայելյանի ծննդյան 80-ամյակը

Հունվարի 18-ին լրանում է հայկական ֆուտբոլի անվանի վետերաններից մեկիՙ Երեւանի «Դինամոյի» եւ «Սպարտակի» նախկին դարպասապահ Սեմյոն Իսրայելյանի ծննդյան 80-ամյակը: Այդ կապակցությամբ Հայաստանի ֆուտբոլի վետերանների միությունն ու մարզական լրագրողների ֆեդերացիան համատեղ երեկո էին կազմակերպելՙ նշելով հոբելյանը: Հանդիսությանը ներկա էին հայկական ֆուտբոլի անվանի վետերաններ, «Արարատ-73»-ի կիսապաշտպան, վետերանների միության նախագահ Սերգեյ Պողոսյանը, նրա անվանի թիմակից Նիկոլայ Ղազարյանը, Հովհաննես Աբրահամյանը, Ժակ Սուփրիկյանը, Հենրիկ Նալբանդյանը, մարզական լրագրողներ: Ջերմ ու հաճելի մթնոլորտում անցած երեկոյում բարեմաղթանքի խոսքեր հղվեցին Սեմյոն Իսրայելյանի հասցեին, որը հուզմունքից հազիվ էր զսպում արտասուքները:

Այսօր էլ, նայելով Սեմյոն Իսրայելյանին, դժվար է հավատալ, որ առույգ ու կենսախինդ նախկին դարպասապահն արդեն 80 տարեկան է: Նա իր մեծարման երեկոյին ներկայացել էր կնոջՙ նախկինում անվանի բասկետբոլիստուհի Ջեմմայի հետ: Իսրայելյանը ֆուտբոլային առաջին քայլերը կատարել է 1942-ին Բաքվում, որտեղ բնակվում էր մոր եւ երկու եղբայրների հետ: Երկու տարի անց նրանք ընտանիքով տեղափոխվեցին Կիրովաբադ, եւ երիտասարդ դարպասապահն ընդգրկվեց տեղի «Դինամոյի» կազմում: Այնուհետեւ նրա խաղն արժանացավ Բաքվի «Նեւթյանիկի» մարզիչների ուշադրությանը, որոնց հրավերով Իսրայելյանը 1950-51-ին հանդես եկավ այդ թիմում: 1951-ին, երբ «Նեւթյանիկը» ժամանել էր Երեւան տեղի «Դինամոյի» հետ հանդիպմանը, վերջինիս ներկայացուցիչները հանդիպեցին դարպասապահի հետՙ հրավիրելով Երեւան: Այսպես, Իսրայելյանը 1952-ին հայտնվեց Երեւանի «Դինամոյում», որտեղ մեկ մրցաշրջան հանդես գալուց հետո կրկին վերադարձավ Բաքու: Սակայն վերադարձը կարճ տեւեց, քանի որ 1953-ի սկզբին Հայկ Անդրեասյանը կրկին նրան հրավիրեց թիմՙ խոստանալով 3 ամսում լուծել բնակարանային հարցը:

«1953-ի փետրվարի 23-ին եկա Երեւան, իսկ մեկ ամիս անց ինձ բնակարան հատկացրին Նալբանդյան 3 հասցեում: «Դինամոյում», այնուհետեւ «Սպարտակում» եղել եմ լեգենդար Սերգեյ Զատիկյանի փոխարինողը: Մենք եղբայրներ էինք նրա հետ, շատ մտերիմ եմ եղել Սերգեյի հետ: Հանդես եմ եկել նաեւ Չելյաբինսկում, Գյումրիի «Շիրակում»: Մեծ ֆուտբոլում ելույթներս ավարտել եմ 1962-ին, սակայն չեմ հեռացել ֆուտբոլից: Շուրջ 65 տարի կյանքս կապված է եղել ֆուտբոլի հետ, առանց որի չեմ պատկերացրել կյանքս: 1968-77-ին «Արարատի» ադմինիստրատորն եմ եղել, աշխատել եմ սպորտկոմիտեի ֆուտբոլի բաժնում, 12 տարի եղել եմ Հայաստանի պետական մարզիչ ֆուտբոլի հավաքականների գծով: Վերջին տարիներին էլ համագործակցում եմ վետերանների միության հետ: «Արարատում» աշխատել եմ Ալեքսանդր Պոնոմարյովի, Նիկոլայ Գլեբովի, Նիկիտա Սիմոնյանի, Վիկտոր Մասլովի հետ, որոնց հետ շփվելը մեծ հաճույք էր ինձ համար ու հաճելի հիշողություններ է թողել իմ սրտում: Օգտվելով առիթից, ցանկանում եմ շնորհակալությունս հայտնել բոլորից, ովքեր այսօր նախաձեռնել ու մասնակցում են մեծարման երեկոյին», մեր հետ զրույցում նշեց Սեմյոն Իսրայելյանը:

Հոբելյարին առաջինը շնորհավորական խոսքեր հղեց Հայաստանի ֆուտբոլի վետերանների նախագահ Սերգեյ Պողոսյանը. «Շատ ուրախ եմ, որ այսօր մարզական լրագրողներն ու ֆուտբոլի վետերանները կրկին միասին են: Առիթը հայկական ֆուտբոլի լավագույն ներկայացուցիչներից մեկիՙ Սեմյոն Իսրայելյանի 80-ամյակն է: Սեմյոն Արամայիսիչը մշտապես մեզ հետ է եղել «Արարատ-73»-ից մինչ օրս: Նա շատ օգտակար աշխատանք է կատարել եւ շարունակում է կատարել հայկական ֆուտբոլի համար: Կարելի է ասել, որ նա այսօր հայկական ֆուտբոլի վերջին մոհիկաններից մեկն է, մեր բոլորիս ավագ ընկերը, որից դեռ շատ բան ունենք սովորելու: Հույս ունենք, որ նա առաջիկա տարիներին էլ մեզ հետ կլինի, կծառայի հայկական ֆուտբոլին: Շնորհավորում եմ նրան ծննդյան օրվա առթիվ, քաջառողջություն եմ մաղթում: Երբ դեռ նոր էր ստեղծվում ֆուտբոլի վետերանների միությունը, նա մշտապես մեր կողքին էր ու իր խորհուրդներով օգնում էր մեզՙ մեծապես աջակցելով գործին: Միությունը շատ աշխատանքներ ունի կատարելու եւ նրա փորձը մեզ շատ է անհրաժեշտ: Նրա շնորհիվ մեզ հաջողվեց պարզել, թե այսօրվա դրությամբ հայկական ֆուտբոլի վետերանները որտեղ են գտնվում»:

Ի դեպ, Սերգեյ Պողոսյանը մի փոքր ուշացումով ներկայացավ հանդիսությանը: Ինչպես հետո պարզվեց, նա գործնական հանդիպման էր ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի հետ: Պողոսյանի տեղեկացմամբ հանդիպման նախաձեռնողը ԱԺ նախագահն էր, որը մամուլից տեղեկանալով հայկական ֆուտբոլի վետերանների միության առկա դժվարությունների մասին, անձամբ էր զանգել ու հանդիպելու եւ աջակցելու առաջարկ կատարել, ինչը շնորհակալությամբ էր ընդունվել: Սերգեյ Պողոսյանը շատ զգացված էր նման վերաբերմունքից:

Հոբելյարի մասին իրենց երախտիքի խոսքը հայտնեցին նաեւ հայկական ֆուտբոլի երկու երախտավորներՙ Նիկոլայ Ղազարյանն ու համամիութենական կարգի մրցավար Հենրիկ Նալբանդյանը:

Նիկոլայ Ղազարյան- Եթե մարդը 65 տարի իրեն անմնացորդ նվիրում է ֆուտբոլին, նա լեգենդար անձնավորություն է, դա հերոսություն է: Այսօր Հայաստանում դժվար է գտնել մեկ ուրիշին, որն այդքան երկար տարիներ իրեն նվիրած լինի ֆուտբոլին: Միշտ զգացել եմ նրա հոգատարությունը ֆուտբոլի նկատմամբ: Արամայիսիչը շատ ինտելեգենտ անձնավորություն է, իր փորձը մշտապես հաղորդում է երիտասարդներին, շատ ուշադիր է բոլորի նկատմամբ: Բոլորս էլ նրանից միշտ լավն ենք տեսել համատեղ աշխատանքի ընթացքում: Շատ ուրախ եմ, որ ինձ բախտ է վիճակվել նրա հետ աշխատել, քանի որ շատ բան եմ սովորել նրանից: Շնորհակալություն եմ հայտնում նրան ֆուտբոլային գործունեության համար: Եվ պատահական չէ, որ այսօր վետերաններս ու մարզական լրագրողները հավաքվել ենք նշելու Սեմյոն Իսրայելյանի 80-ամյակը: Ցանկանում եմ նրան միշտ կենսախինդ մնա, առողջ լինի: Նա այսօր իսկապես հայկական ֆուտբոլի նահապետն է: Մարզական երկարակեցություն ու երջանկություն եմ ցանկանում մեր բոլորի կողմից սիրված Արամայիսիչին:

Հենրիկ Նալբանդյան- Սյոմային 50 տարուց ավելի եմ ճանաչում: Բախտ եմ ունեցել նրա հետ խաղալ ՖԻՄԱ-ում, «Բուրեվեստնիկում», մարզիչ աշխատել Մալաթիայի ֆուտբոլի դպրոցում: Նա իմ լավ ընկերն ու բարեկամն է: Ճանաչում եմ նաեւ նրա կնոջըՙ Ջեմային, որը ժամանակին Հայաստանի լավագույն բասկետբոլիստուհիներից էր: Նա շատ կուլտուրական, բարեխիղճ ու պարտաճանաչ աշխատող է, որն իր ուրույն տեղն ունի հայկական ֆուտբոլում: Մինչ օրս էլ նա ազնվորեն ծառայում է հայկական ֆուտբոլին: Սյոմային ցանկանում եմ քաջ առողջություն, երկար տարիների համատեղ կյանք Ջեմայի հետ:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4