Հոլանդական Վեյք ան Զեե քաղաքում երեկ կայացավ շախմատի մրցաշարի 4-րդ տուրը: Ուշադրության կենտրոնում մրցաշարի առաջատարներ Լեւոն Արոնյանի եւ նորվեգացի Մագնուս Կառլսենի մրցավեճն էր: Այդ պարտիայում Արոնյանը խաղում էր սեւ խաղաքարերով: 36-րդ քայլում մրցակիցները հաշտություն կնքեցին: Այսպիսով, Արոնյանն ու Կառլսենը վաստակեցին 3-ական միավոր եւ շարունակում են գլխավորել մրցաշարային աղյուսակը: Նրանցից կեսական միավորով հետ են մնում Ռաջաբովն ու Պոլգարը: Ռաջաբովը ոչ-ոքի ավարտեց պարտիան հայրենակցիՙ Մամեդյարովի հետ: Իսկ Պոլգարը մրցաշարում անդրանիկ հաղթանակը տոնեցՙ առավելության հասնելով Բորիս Գելֆանդի նկատմամբ: Ոչ-ոքի ավարտ ունեցան Լեկո-Իվանչուկ, Անանդ-Ադամս պարտիաները:
«B» խմբի մրցաշարում Գաբրիել Սարգսյանը ոչ-ոքի ավարտեց պարտիան Լ՛Ամիի հետ: Գաբրիելը 4 տուրից հետո իր օգտին 1,5 միավոր է գրանցել: Հաշտություն կնքեց նաեւ Սերգեյ Մովսիսյանը ֆրանսիացի Էթիեն Բաքրոյի հետ մրցավեճում: Մովսիսյանը վաստակեց 2,5 միավոր: Մրցաշարային աղյուսակը 4 տուրից հետո 3-ական միավորով գլխավորում են Յան Սմիթսը եւ Էթիեն Բաքրոն: Սմիթսը ոչ-ոքի խաղաց Միխալ Կրասենկովի հետ: 2,5-ական միավոր ունեն Սթելվագենը եւ Չեպարինովը: Վերջինս հաղթեց Նեպոմնյաշչուն: Ոչ-ոքի ավարտվեցին Շորթ-Կոներու եւ Հոու-Սթելվագեն պարտիաները:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ