Շախմատի Հայաստանի կանանց առաջնությունում բավական սուր պայքար է ծավալվել չեմպիոնուհու տիտղոսի համար: Առայժմ բոլորից հաջող է հանդես գալիս Սիրանուշ Անդրեասյանը, որը 2,5 միավորով միանձնյա գլխավորում է աղյուսակը: 2-րդ տուրում նա հաղթեց Նաիրա Մովսիսյանին, հետո էլ ոչ-ոքի խաղաց Լիա Մարտիրոսյանի հետ: Առաջատարից կես միավորով հետ է մնում Նարինե Գասպարյանը: Նա Մարիաննա Գասպարյանին զիջելուց հետո հաղթեց Լիանա Աղաբեկյանին:
1,5-ական միավորով հաջորդ տեղերում են Աղաբեկյանը, Աղինյանը, Գալոյանը, Մարտիրոսյանն ու Կարապետյանը: Աղինյանը ոչ-ոքի խաղաց Նաիրա Մովսիսյանի հետ, Կարապետյան-Գալոյան պարտիայում եւս հաշտություն կնքվեց: Առաջին միավորը վաստակեց Անահիտ Խառատյանըՙ պարտության մատնելով Մարիանա Գասպարյանին:
Տղամարդկանց մրցաշարում երեկ հանգստյան օր էր: Չնայած դրան, կայացավ 6-րդ տուրից հետաձգված Ասրյան-Արա Մինասյան պարտիան, որում մրցակիցները խաղաղ դաշն կնքեցին: Այսօր կկայանան հերթական տուրի հանդիպումները:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ