«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#5, 2008-01-12 | #6, 2008-01-15 | #7, 2008-01-16


ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ ՀԱՋՈՂ ՄԵԿՆԱՐԿԵՑ

Մելբուռնում մեկնարկել է թենիսի Ավստրալիայի բաց առաջնությունը: Այս տարի մրցաշարի կազմակերպիչները ռեկորդային մրցանակային հիմնադրամ են սահմանել (18 մլն 400 հազար դոլար): Հաղթողը կստանա 1 մլն 281 հազար դոլար եւ 1000 միավոր: William Hill բուքմեյքերական ընկերությունը տղամարդկանց մրցաշարի հաղթողի գլխավոր թեկնածու է համարում Ռոջեր Ֆեդեռերին: Երկրորդ տեղում է սերբ Նովակ Ջոկովիչը, երրորդը իսպանացի Ռաֆայել Նադալն է:

Կանանց մրցաշարի հաղթողի գլխավոր հավակնորդը Ժյուստին Էնենն է, որին հաջորդում են Մարիա Շարապովան եւ Սերենա Ուիլյամսը:

Մրցաշարը մեծ հետաքրքրություն է առաջացրել Ավստրալիայում: Տոմսերը (19-929 ավստրալական դոլար արժողությամբ) շատ շուտ են սպառվում: Հաջող մեկնարկեց Դավիթ Նալբանդյանը, որի մասնակցությունը վնասվածքի պատճառով կասկածի տակ էր: Նա առաջին փուլում պարտության մատնեց ավստրալացի Ռոբերտ Սմիթսին:

Կանանց մրցաշարում ամերիկացի Լինդսեյ Դեւենպորտը հաջողությամբ հաղթահարելով առաջին փուլի արգելքը, գերազանցեց հանրահայտ Շտեֆի Գրաֆի ֆինանսական ռեկորդը: Վերջինս մարզական իր կարիերայում 21 մլն 895277 դոլար է վաստակել: Իսկ Դեւենպորտն այսօրվա դրությամբ Շտեֆիից 2224 դոլար ավելի է վաստակել:

Ցավոք, ինչպես եւ անցած տարի, այս անգամ էլ մրցաշարի ընթացքում տհաճ միջադեպեր գրանցվեցին: Եթե 2007-ին բախումներ էին տեղի ունեցել սերբ եւ խորվաթ երկրպագուների միջեւ, ապա այս անգամ կոնֆլիկտի կենտրոնում հայտնվել էին հյուրերը: Անկարգությունները տեղի ունեցան չիլիացի Ֆեռնանդո Գոնսալեսի եւ հույն Կոնստանտինոս Էկոնոմիդիսի մրցախաղի ժամանակ: Երկրորդ խաղափուլի ժամանակ ընդհարում տեղի ունեցավ հույն մարզասերների ու ոստիկանության միջեւ: Վերջինս ստիպված էր նույնիսկ արցունքաբեր գազ բաց թողնել: Հանդիպումը ստիպված էին 10 րոպեով ընդմիջել: Ի վերջո տրիբունաներում կարգուկանոն հաստատվեց եւ խաղը շարունակվեց, որում հաղթեց չիլիացի թենիսիստը:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4