«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#6, 2008-01-15 | #7, 2008-01-16 | #8, 2008-01-17


«ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻՆ» ՀԱՆՁՆՎԵՑ 30-ԱՄՅԱ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ

Հայտարարված մրցույթը շահեց միակ մասնակից «Ռուսական երկաթուղին»

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը եւ «Ռուսական երկաթուղի» ընկերության նախագահ Վլադիմիր Յակունինը երեկ ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր, համաձայն որի, կողմերը մեկ ամսվա ընթացքում պետք է մշակեն 30-ամյա կոնցեսիոն կառավարման պայմանագիրը: Իսկ մինչ այդ Անդրանիկ Մանուկյանը հայտարարեց, որ «Հայկական երկաթուղու» կառավարման մրցույթը շահել է «Ռուսական երկաթուղին»: Այնուհետեւ նա մեկ անգամ եւս թվարկեց այն ներդրումները, որ պարտավորվել է կատարել ռուսական կողմը: Մասնավորապես, Հայաստանի շրջափակումը շարունակվելու դեպքում ռուսաստանյան ընկերությունը կներդնի 572 մլն դոլար, որից 220 մլն դոլարը կառավարման առաջին 5 տարում: Եթե բացվի Թուրքիայի հետ հաղորդակցությունը, ապա ներդրումները կկազմեն 610 մլն դոլար, Ադրբեջանի հետ երկաթուղային ճանապարհը բացվելու դեպքումՙ ներդրումները կհասնեն 1,8 մլրդ դոլարի, իսկ աբխազական երկաթուղու բացման դեպքումՙ 2,2 մլրդ դոլարի: Նախարարը հայտնեց, որ մրցույթի իրականացման խորհրդատու կանադական «Սի Փի Էս տրանսկոմ» ընկերության գնահատմամբ` «Ռուսական երկաթուղին» 100 միավորանոց համակարգով ստացել է 94,4 միավոր: Մի խոսքով, Անդրանիկ Մանուկյանի հավաստմամբ, սա շատ հաջող գործարք է:

«Ռուսական երկաթուղի» ընկերության նախագահ Վլադիմիր Յակունինը տեղեկացնելով, որ «Հայկական երկաթուղին» վերջին տարիներին զարգացում է ունեցել, դա մի կողմից պայմանավորեց ընկերության կառավարմամբ, մյուս կողմիցՙ Հայաստանի տնտեսական աճով: Նա դրական բնութագրեց այն հանգամանքը, որ «Ռուսական երկաթուղին», եւ «Հայկական երկաթուղին» գործում են մեկ միասնական համակարգում, նույն ստանդարտներով եւ նորմատիվներով: Տեղեկացնելով, որ «Ռուսական երկաթուղին» արդեն երրորդ տարին է, ինչ բաց բաժնետիրական դառնալով ինքնուրույն իրականացնում է բարեփոխումներ, Վլադիմիր Յակունինը նշեց, որ այդ ընթացքում ձեռք բերված հաջողությունները հերքեցին հոռետեսների կարծիքները, թե այդ բարեփոխումները արդյունավետ չեն լինի: Մասնավորապես տեղեկացվեց, որ «Ռուսական երկաթուղու» բեռնափոխադրումներն անցյալ տարի ավելացել են 7 տոկոսով, ուղեւորափոխադրումներըՙ 3,8 տոկոսով, եկամուտները կազմել են 874 մլրդ ռուբլի: Ընկերության ղեկավարը հայտարարեց, որ «Ռուսական երկաթուղին» ռուսաստանյան ամենաբարձր վարկանիշ ունեցող երեք ընկերություններից է, ընդ որում, զբաղեցնում է առաջին տեղը: Ընկերության մենեջմենտին բարձր գնահատական է տվել նաեւ Ռուսաստանի կառավարությունը: Վլադիմիր Յակունինը վստահություն հայտնեց, որ «Հայկական երկաթուղին» կշարունակի զարգանալ եւ որ իրենք գալիս են ներդրումների միջոցով բարձրացնելու նրա կառավարման մակարդակը:

Պատասխանելով այն հարցին, թե ինչպես է ռուսական կողմը տեսնում 2009-ին Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երկաթուղային հաղորդակցության բացման հեռանկարը, Վլադիմիր Յակունինն ասաց, որ իրենք նման հեռանկար իրենց առջեւ չեն դրել: Քանի որ այդ մասին անցյալ շաբաթ կառավարության նիստին հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել էր Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը, նա էլ լրացուցիչ պարզաբանումներ տվեց: Ըստ այդմ, խոսքն այն մասին է, որ եթե քաղաքական որոշում ընդունվի երկու երկրների միջեւ երկաթուղային հաղորդակցության մասին, այդ պարագայում ռուսական կողմը պետք է կատարի վերոնշյալ հավելյալ ներդրումները: «Ռուսական երկաթուղու» նախագահն ավելացրեց, որ երկաթուղու բացումը Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների գործն է, իսկ իրենց խնդիրը երկաթուղու անվտանգ, արդյունավետ եւ եկամուտով աշխատեցնելն է: Այդուհանդերձ, անհասկանալի մնաց, թե ինչո՞ւ էր հայկական կողմը կոնկրետ թվականներ նշում հարեւանների հետ հաղորդակցության վերականգնման մասին խոսելիս:

Վլադիմիր Յակունինը, պատասխանելով լրագրողների հարցին, երեկ հայտնեց նաեւ, որ Ռուսաստանը եւ Իրանը ծրագրեր են մշակում «Հյուսիս-հարավ» միջանցքի բացման ուղղությամբ, ավելացնելով, որ Հայաստանի եւ Իրանի միջեւ երկաթուղի կառուցելու խնդիրը, իր տեղեկություններով, քննարկվում է երկու երկրների ամենաբարձր մակարդակներով: Այդ նախագծի ենթակառուցվածքները ստեղծելու համար պետք է ստեղծվի պետական կազմակերպություն: Անդրանիկ Մանուկյանն իր հերթին ասաց, որ Հայաստանի եւ Իրանի միջեւ ստորագրվել է Իրան-Հայաստան երկաթուղու նախագծի տեխնիկական պայմանները ուսումնասիրելու հուշագիր:

Ինչպիսի՞ն կլինեն «Հայկական երկաթուղու» սակագները կառավարման հանձնվելուց հետո` հարցին «Ռուսական երկաթուղու» ղեկավարը պատասխանեց, որ դրանք կլինեն արդարացի եւ կսահմանվեն նկատի ունենալով բոլոր շահագրգիռ կողմերի մոտեցումները: «Մենք չպետք է այնպես անենք, որ սպանենք տնտեսությունը», ասաց Վլադիմիր Յակունինը: Վերջինս նաեւ նշեց, որ ակնկալում են ներդրումները վերադարձնել մոտ 20 տարի հետո, բայց ճշտեց, որ դա ավելի հստակ կնշվի բիզնես-ծրագրում: Վլադիմիր Յակունինն այն կարծիքը հայտնեց, որ «Հայկական երկաթուղու» ենթակառույցներն ավելի բարվոք վիճակում են, քան իրենք ենթադրում էին: «Մենք կարծում էինք, որ դրանք ավելի վատ վիճակում կլինեին», նշեց նա:

Վերջում մամուլի ասուլիսին մասնակցող «Հայկական երկաթուղու» տնօրեն Արարատ Խրիմյանը տեղեկացրեց, որ ռուսական կողմը պարտավորվել է առաջնահերթ նորոգել Դիլիջան-Իջեւան չգործող երկաթուղու հատվածը, որը հնարավորություն կտա ապագայում շահագործելու դեպի Ղազախ գնացող երկաթգիծը, իսկ ներկայումսՙ նպաստել Հայաստանի այդ տարածաշրջանի խոշոր ձեռնարկությանՙ «Բենտոնիտի» գործարկմանը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4