Թեքեյան մշակութային միության «Վահան Թեքեյան» ամենամյա մրցանակաբաշխությունը տարիների ավանդություն ունի արդեն: Մշակույթի ամենատարբեր ասպարեզներում սահմանված անվանակարգային մրցանակները տրվում են ներկայացված աշխատանքների` նախեւառաջ գեղագիտական, արվեստային պատշաճ չափանիշները հաշվի առնելով, երբեմն նաեւ հեղինակի վաստակն ու ներդրումը, հայ մշակութային կյանքում ունեցած նրա դերը:
Սովորաբար մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությանը նախորդող օրերում Թեքեյան կենտրոնի ցուցասրահում կազմակերպվում է տարվա ընթացքում ներկայացված կերպարվեստային աշխատանքների հանրային դիտում:
Երեկվա ցուցադրությանը ներկայացված էին գեղանկարների 15 եւ քանդակագործական 9 աշխատանքներ (Արա Սարգսյան, Աննա Հարությունյան, Գրիգոր Մարիկյան, Վարուժան Վարդանյան, Գետիկ Բաղդասարյան, Աշոտ Բաղդասարյան, Ռոբերտ Մինասյան, Գեւորգ Մշեց-Ջավրուշյան եւ ուրիշներ): Անվանակարգային համապատասխան մրցանակների հանձնաժողովի նախագահ, արվեստաբան Հրավարդ Հակոբյանը խոսեց մրցանակաբաշխության նշանակության եւ ֆինանսական եւ կազմակերպչական այն դժվարությունների մասին, որ ունենում է միությունն այդ ընթացքում:
Անշուշտ, ներկայացված 24 աշխատանքները աղոտ պատկերացում կարող էին ստեղծել արվեստի այս ոլորտում տեղի ունեցող ներկա իրողությունների մասին: Մանավանդ որ այս տարվա ներկայացված գործերը նախորդի համեմատությամբ զիջում էին իրենց գեղարվեստականությամբ, եւ անհատականության ընդգծված դրսեւորումներով գրեթե աչքի չէին ընկնում: Ինչ-որ տեղ խեղճ էր մթնոլորտը. արվեստային ամենաազդեցիկ միջոցներից անգամ գույնը չէր կարողացել տրամադրություն ստեղծել: Ուստի դժվարություն էր հարուցվում դիտողի համար որոշակի պատկերացումներ կազմել արդի հայ կերպարվեստում տեղի ունեցող շարժումների եւ նոր երեւույթների մասին: Այս հանրային դիտումը եւ կարծիքները տվյալ հանձնաժողովի աշխատանքները որքան դյուրացնում, նույնքան դժվարացնում են:
Վաղըՙ հունվարի 18-ին ԹՄՄ կենտրոնում կհայտարարվեն ինչպես այս, այնպես էլ մնացած անվանակարգերի հաղթողների անունները:
Մ. Բ.