Կանադայում եւ ԱՄՆ-ում
Երեկ ՀՀ մշակույթի փոխնախարար Կարինե Խոդիկյանը ասուլիսի ընթացքում տեղեկացրեց, որ նախարարությունը ամերիկյան «Ավանդական խաչմերուկներ» կազմակերպության հետ համատեղ 2008-ի հունվարի 19-ից մարտի 2-ը իրականացնում է «Շողակն» ֆոլկ համույթի համերգային շրջագայությունը ԱՄՆ-ում եւ Կանադայում: Համույթի մեներգչուհի Հասմիկ Հարությունյանը նշեց, որ վերը նշված կազմակերպության հետ համագործակցում են 2000 թվականից, որի արդյունքում ծնունդ են առել մեկ տասնյակ լազերային սկավառակներ, որոնցից առաջինը ստացել է ամերիկյան փոքր արտադրողների Գրեմմի մրցանակը:
1994-ին ստեղծվել է «Շողակն» համույթը, որի հիմնադիր անդամները Հայրիկ Մուրադյանի եւ Մարո Մուրադյանի աշակերտներն են եղել: Համույթը համերգներով հանդես է եկել ԱՊՀ եւ Մերձբալթյան երկրներում, Եվրոպայի, Կանադայի եւ ԱՄՆ-ի ամենահեղինակավոր համերգասրահներում, համալսարաններում եւ միջազգային փառատոներում, մասնակցել է Արաբական Միացյալ Էմիրություններում, Սանկտ Պետերբուրգում, Բելառուսում Հայաստանի մշակույթի օրերին: Սակայն դրսում փայլուն համերգներ ու հաջողություններ ձեռք բերած «Շողակնը» հայրենիքում համերգներով հանդես չի եկել, ու մեկ տասնյակ ձայներիզներն էլ ՀՀ-ում չեն վաճառվում:
Առաջիկա 44-օրյա հյուրախաղերի ընթացքում, համույթը հայ մշակույթը կներկայացնի ԱՄՆ-ի «Carnegie Hall» հեղինակավոր համերգասրահում, ինչպես նաեւ Ֆիլադելֆիայի «Kimmel Center»-ում, Քլիվլենդի արվեստի թանգարանում, Կոռնելի, Վիրջինիայի, Սանտա Բարբարայի եւ Սան Դիեգոյի համալսարաններում ու երկու երկրների մշակութային միություններում: Իսկ ծրագրի գլխավոր մասըՙ փետրվարի 26-ին Ֆրեզնոյի պետական համալսարանի «Satellite Union» սրահում կայանալիք համերգը նվիրվելու է մեծ հայորդի Վիլյամ Սարոյանի 100-ամյա հոբելյանին: Համույթն ամեն կերպ ջանում է հայ մշակույթը, ժող. երաժշտությունը ներկայացնել ու ծանոթացնել աշխարհումՙ սեմինարների, վարպետության դասերի ու համերգների միջոցով, բավարարելով այն մեծ հետաքրքրությունը, որ այժմ նկատվում է ժող. երաժշտության հանդեպ: Ուրախալի է, որ վերջապես, օգոստոս ամսին «Շողակն»-ը առաջին մեծ համերգով հանդես կգա Երեւանի հանդիսատեսի համար ու կներկայացնի վերջերս արտադրված ձայներիզը, համույթի քանոնահար Կարինե Հովհաննիսյանի կատարմամբ կոմպոզիտոր Խաչատուր Ավետիսյանի քանոնի կոնցերտը: Տարօրինակ է, որ այսօր սնկի պես աճող երգիչ-երգչուհիներին, համույթներին ավելի մեծ հնարավորություններ ու եթեր է տրամադրվում, իսկ աշխարհում մեծ անուն ու հեղինակություն ձեռք բերած յուրօրինակ համույթին Հանրապետության հեռուստատեսությունը մոռացել է:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ