Երեկ մշակույթի նախարարությունում լրագրողների հետ հանդիպեցին Դաբաղյանների տրիոյի անդամները, որոնք Teatre de la ville-ի հրավերով Փարիզի երկու քաղաքներում տվել են համերգներ: Օդանավակայանից անմիջապես ասուլիսի եկած երաժիշտները բարձր տրամադրություն ունեին: Ինչպես տեղեկացրեց ճանաչված դուդուկահար, Կոմիտասի անվ. պետ. կոնսերվատորիայի պրոֆեսոր Գեւորգ Դաբաղյանը, «երկու տարի առաջ Teatre de la ville ճանաչված կազմակերպությունը «Շողակն» ֆոլկ համույթին հրավիրել էր համերգների, եւ դրանից հետո առիթ ընձեռվեց մեզ` հանդես գալու համերգով: Ասեմ, որ դահլիճի 95 տոկոսը օտարազգիներ էին եւ պետք է տեսնեիք, թե ինչ խանդավառությամբ էին ընկալում մեր ազգային մեղեդիները: Ուրախ ենք, որ մի քանի օրից կրկին այդ ֆրանսիական կազմակերպության հրավերով «Շողակնի» հետ կշրջագայենք ԱՄՆ-ում եւ Կանադայում ու հնարավորություն կունենանք ներկայացնելու մեր մշակույթը»: Դաբաղյանը տեղեկացրեց նաեւ, որ իրենց համերգները կազմակերպող Traditional Crossroads կազմակերպությունը թողարկել է հերթական ձայներիզը` Գ. Դաբաղյանի եւ Կոմիտասի անվան լարային քառյակի նվագակցությամբ: Ձայներիզում տեղ են գտել միայն Կոմիտասի ստեղծագործությունները` Վաչե Սարաֆյանի մշակումներով: Տեղեկացանք նաեւ, որ երկու համերգների տոմսերը վաճառվել էին համերգից 25 օր առաջ, ու ցանկացողների մի հոծ բանակ հնարավորություն չի ունեցել դահլիճ մտնելու: Համերգային ծրագրում ընդգրկված են եղել` Նարեկացի, Կոմիտաս, Սայաթ-Նովա, ժողովրդական, արեւելյան գործիքավորումներ եւ այլն: «Ազգի» այն հարցին, թե առաջիկայում ի՞նչ ծրագրեր ունեք, պրն Դաբաղյանը ասաց. «Մարրոկոյում մասնակցելու եմ մեծ փառատոնի, այնուհետեւ կմեկնեմ Բեռլին, որտեղ 2 համերգ կտամ դասական նվագարանների հետ, մեկ համերգ էլ կլինի Ցյուրիխում (Շվեյցարիա)...»: Իր նոր ձայնասկավառակի առաջին օրինակը Գեւորգ Դաբաղյանը նվիրեց մշակույթի նախարարությանը:
Մ. Մ.