Ճապոնիայի կառավարության եւ Մաշտոցի անվան Մատենադարանի միջեւ երեկ ստորագրված հուշագրով Մատենադարանի ձեռագրերի վերականգնողական աշխատանքների համար այս տարի կհատկացվեն 23 հազար դոլար ընդհանուր արժողությամբ սարքավորումներ եւ անհրաժեշտ նյութեր։
Մատենադարանի հանդեպ Ճապոնիայի կառավարության ուշադրության առաջին դրսեւորումը 2003թվականին հատկացված կես մլն դոլար արժողության սարքավորումներն էին ու ձեռագրերի վերականգնողական աշխատանքների համար անհրաժեշտ նյութերը, որոնց օգտագործման եղանակներն ու մեթոդները մատենադարանցիներին փոխանցեցին ճապոնացի փորձագետները։
Հուշագիրը ստորագրելու նպատակով երեկ Մատենադարան էին այցելել Ռուսաստանում Ճապոնիայի դեսպանի խորհրդական Հիրոկի Հազումին եւ դեսպանի երկրորդ քարտուղար Յուկիկո Միզունոն, որոնց ընդունեցին Մատենադարանի տնօրենի խորհրդական Սեն Արեւշատյանը, փոխտնօրեն Արշակ Բանուչյանը եւ գիտնական քարտուղար Շուշանիկ Խաչիկյանը։ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի հետ համատեղ Անթիլիասում անցկացվող միջազգային գիտաժողովին մասնակցելու պատճառով տնօրեն Հրաչյա Թամրազյանը ներկա չէր հուշագրի ստորագրմանը։ Սեն Արեւշատյանը նշեց, որ իրենց համար չափազանց գնահատելի է Ճապոնիայի կառավարության ցուցաբերած հոգատարությունը, որի շնորհիվ նոր կյանք կստանան վնասված ձեռագրերը։ Արշակ Բանուչյանը ուրախությամբ հայտնեց, որ վերջին մի քանի տարիներին, ավելի ստույգՙ անցած տարի նկատելիորեն ավելացել է Մատենադարան այցելող ճապոնացիների թիվը։ «Տարածված խոսք կա այն մասին, որ այնտեղ, ուր այցելում են ճապոնացիները, հրաշալի հեռանկար կա զբոսաշրջության համար»։ Յուկիկո Միզունոն հաստատեց այն ասելով, որ ճապոնացիները հետաքրքրված են օտար մշակույթները ճանաչելով, նրանց համար դա հոգեւոր հարստացման միջոց է, ինչն էապես արտահայտվում է իրենց կառավարության քաղաքականության մեջ։ Մատենադարանի հանդեպ իրենց կառավարության առանձնահատուկ հոգածության հիմքում զարգացող երկրների մշակութային արժեքները պահպանելու ձգտումն է, այդպիսի ծրագրեր են իրականացվել բազմաթիվ երկրներում։ Նա նաեւ նշեց, որ Հայաստանում իրենք անհրաժեշտ սարքավորումներով ապահովել են ոչ միայն Մատենադարանին, այլեւ Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբին եւ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի թատրոնին։
«Իսկ որքանո՞վ է Ճապոնիայի հասարակությունը ծանոթ հայկական մշակույթին»։ «Մատենադարանի եւ առհասարակ հայկական մշակույթի մասին մեր երկրում քիչ գիտեն, որովհետեւ դրանց մասին բավարար տեղեկություն չեն ստանում։ Հայաստան այցելած ճապոնացիներն, անշուշտ, բավականին տեղեկացված են, սակայն ընդհանուր առմամբ պատկերացումը շատ թույլ է։ Հայկական մշակութային արժեքները Ճապոնիայում ներկայացնելու անհրաժեշտություն, իրոք, զգում ենք», հավելեց Յուկիկոն։
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ