«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#7, 2008-01-16 | #8, 2008-01-17 | #9, 2008-01-18


ՀԱՅ ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՑՈՒՅՑԸ ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ

2007-ի դեկտեմբերի 14-ին ՀՅԴ-ը, վայելելով Ֆրանսահայերի խորհրդի (CCAF) օրհնությունը, հավաքեց բազմաթիվ հայրենակիցներ Բրյուսելի Եվրոպական Միության կենտրոնին կից «Սենքանթներ» կոչված հրապարակի վրա:

Ինչն էր նպատակը այդ ցույցիՙ «Արգելք հանդիսանալ առանց Ցեղասպանության ճանաչմանը Թուրքիային Եվրոպական Միության անդամակցելուն»: Ո՞ր հայը կարող է դեմ արտահայտվել այս պահանջին: Սակայն ՀՅԴ-ն, այստեղ եւս որպես «միահեծան իշխան» փորձում է իր քաղաքականությամբ դառնալ սփյուռքի ներկայացուցիչը, ինչ որ կարծում ենք, չի կարող նպաստ բերել համամիութենական աշխատանքին: Շատ հեշտ է շահագործել հայ ժողովրդի ամենազգայուն լարը, որն է Ցեղասպանության հարցը: Ազգային դատը կարելի է պաշտպանել միայն սփյուռքի կազմակերպությունների համապարտ կեցվածքով, որը Ֆրանսիայում մարմնավորում է Ֆրանսահայերի խորհուրդը (CCAF): Ժամանակն է, որ ՀՅԴ-ն ընդունի այդ իրողությունը, եւ թէ նման նախաձեռնություն պիտի կազմակերպի Համահայկական խորհուրդը, եւ ՀՅԴ-ն որպես անդամ այդ կազմակերպության, պարտավոր է գործակցել այլ մարմինների կողքին որպես գործընկեր:

Այս հավաքի ընթացքին ՀՅԴ-ի հարավային Ֆրանսիայի ներկայացուցիչը իր ճառի մեջ մեզ ցավ պատճառեց, երբ ասաց. «... մենք Թուրքիան ծունկի պիտի բերենք...»: Միայն մանուկը կարող է խաբվել նման խոսքերին: Այդ պարոնը պետք է հասկանա, որ Հայ ժողովուրդը անցել է մանկական շրջանը, եւ ժամանակն է դասեր քաղել պոռոտախոսների խոսքերի հետեւանքներից: Մանավանդ որ համանման արտահայտություն արտասանվել է տարիներ առաջ, երբ մայիսի 18-ին 2006-ի Ֆրանսիայի Ազգային ժողովի օրակարգին դրված էր Հայոց ցեղասպանությունը օրենքի հանգամանք ստանալու բանաձեւը: Այդ օրը Ազգային ժողովի հարակից հրապարակում Համահայկական խորհուրդը կազմակերպել էր ցույց, որի ժամանակ համայնքի ներկայացուցիչները, ինչպես նայեւ Ազգային ժողովի երեսփոխանները, հանդես էին գալիս կրակոտ ելույթներով: Երբ որոշ պատճառներով բանաձեւի հաստատումը հետաձգվեց հաջորդ նիստին, ՀՅԴ-ի Եվրոպայի շրջանի պատասխանատուի լուտանքներ սփռող ելույթը պատճառ դարձավ կուսակցության նախագահի պաշտոնից ժամանակավորապես հեռացման:

2000 թվականին Ֆրանսիայի Ազգային ժողովը մեծամասնությամբ ընդունեց Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւը, սակայն Սենատը, ենթարկվելով թուրք կառավարության ճնշումներին, իր օրակարգին ցավոք չդրեց այն: Այդ ժամանակ «24 Ապրիլ 1915» կոմիտեի նախագահ Ալեքսի Կյովճյանը ուղղակի հուսալքված վիճակի մեջ էր: Անդամական ժողովի ընթացքում, որը տեղի էր ունենում «Եանց» ակումբում, նախագահը փնտրում էր պատասխան իր հարցին. «Ի՞նչ ճար պետք է գտնել գործը հաջողեցնելու համար»: Երբ հարցումը ուղղվեց «Ֆրանսահայ Հառաջադիմական Շարժմանը» (MAFP), պատասխանը չհապաղեց. «Այնքան ժամանակ, որ Հայոց ցեղասպանության հարցը մնում է համահայկական պատյանի մեջ, շատ հույս չպիտի ակնկալենք: «Այն հաջողություն կունենա, երբ կդառնա Ֆրանսիայի քաղաքական եւ սենտիքայական կառույցների հարց»: Այդ պահին մեզ ընդհատեց ՀՅԴ-ի նախագահը բացականչելով, որ չի բաժանում մեր կարծիքը եւ ասաց, որ «Հայոց ցեղասպանության հարցը լոկ մեր ջանքերով է, որ պետք է իրագործվի»: Ալեքսի Կյովճյանը դառնալով մեզ, հարցրեց, արդյո՞ք մեր կազմակերպությունըՙ MAFP-ն, կարող է զորակցություն հայցել Ֆրանսիայի Համայնավար կուսակցությունից, եւ դրական պատասխան ստանալուց հետո որոշվեց դիմել Ֆրանսիայի բոլոր քաղաքական կուսակցություններին, ինչպես նաեւ աշխատավորական եւ համալսարանական սենտիքայական միություններին: Ընդառաջելով մեր դիմումին, բացի CFDT սենտիքայից, մյուս բոլորն էլ անխտիր զորավիգ կանգնեցին Հայոց ցեղասպանության բանաձեւին: Շնորհիվ այս զորակցության է, որ Ֆրանսիայի Սենատը մեծամասնությամբ վավերացրեց Հայոց ցեղասպանության վերաբերյալ օրինագիծը:

Այնպես որ, նման հարցերում հատվածական գործունեությունը միայն վնաս կարող է բերել ընդհանուր շահին. Ֆրանսահայերի խորհուրդը ստեղծվել է մասնակից բոլոր կազմակերպությունների ջանքերն ու հնարավորությունները մեկտեղելու համար:

ՆԵՐՍԵՍ ՏՈՒՐՄԱՆ, Փարիզ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4