«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#7, 2008-01-16 | #8, 2008-01-17 | #9, 2008-01-18


ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԱՐՁԱԳԱՆՔԸ

«Ազգին» ուղարկած նամակում գիտության եւ կրթության նախարար Լեւոն Մկրտչյանը հայտնում է, որ անցած տարվա դեկտեմբերի 26-ին մեր թերթում տպագրված « Ապագա ճարտարապետները քաղաքականապես ավելի տկար կլինեն » հրապարակման մեջ արծարծված հարցերը ուսումնասիրվել եւ քննարկվել են Երեւանի ճարտարապետության ու շինարարության պետական համալսարանի խորհրդի նիստում: Ըստ քննարկման արդյունքների, համալսարանում հասարակագիտական եւ հումանիտար ամբիոնները չեն փակվել, այլ գիտական խորհրդի որոշմամբ վերախմբավորվել են էկոնոմիկայի, իրավունքի եւ կառավարման եւ ճարտարապետության տեսության, հուշարձանների վերակառուցման եւ պատմության ամբիոններում: Իսկ քաղաքագիտության դասընթացի թեմաները ներառվել են փիլիսոփայության եւ հայոց քաղաքական պատմության առարկայական ծրագրերում եւ համապատասխան ուսումնական պլաններում:

Նախարարն անդրադարձել է նաեւ մեր թերթի միջոցով հանրապետության վարչապետ Սերժ Սարգսյանին մի շարք հարցեր ուղղած նշյալ համալսարանի քաղաքագիտության դասախոս Ռուբեն Պետրոսյանի խնդրին, նշելով, որ նրա պայմանագրի ժամկետն ավարտվելուց հետո պայմանագիր չի կնքվելՙ ամբիոնից երաշխավորություն չստանալու պատճառով:

Հիշեցնենք միայն, որ քաղաքագիտություն առարկան 2007-2008 թթ ուսումնական տարվա շեմին ուսումնական ծրագրից հանելու մասին տեղեկացել էինք Ռուբեն Պետրոսյանի նամակից, որից հետո հարցի վերաբերյալ պարզաբանումներ էինք ստացել համալսարանի էկոնոմիկայի, իրավունքի ու կառավարման ամբիոնի վարիչ Սարգիս Ստեփանյանից: Վերջինս վերահաստատել էր Պետրոսյանի պնդումը, միաժամանակ տեղեկացնելով հումանիտար ամբիոնները վերախմբավորելու մասին, ինչը, մեր համոզմամբ, հեռու չէ դրանք փակելու իրողությունից: Անկասկած, դա նաեւ ենթադրում է հումանիտար առարկաների հպանցիկ դասավանդումՙ դրանից բխող մակերեսային գիտելիքներով: Իսկ դրանից հետո պետք է լռելյայն ընդունել, որ բնագիտական մասնագիտություններ ստացող նոր սերնդի ազգային ինքնագիտակցությունը դպրոցական մակարդակից հեռու չի գնալու: Դատելով վերոնշյալ խնդրի վերաբերյալ Սարգիս Ստեփանյանի խոսքից, հիշյալ համալսարանում իրոք տիրապետող է հենց այդ մտածելակերպը. «Եվրոպական տեխնիկական բուհերում այդպիսի քաղաքականացված ծրագիր գոյություն չունի, ոչ մի տեղ չեն դասավանդվում քաղաքագիտություն, տնտեսագիտություն, պատմություն, որովհետեւ տեխնիկական առարկաները չեն տեղավորվում հատկացված ժամաքանակում: Այդ առարկաների հիմնական դրույթները դասավանդվում են միջնակարգ դպրոցում եւ իմացության այդ մակարդակը լիովին բավարար է տեխնիկական բարձրագույն կրթություն ունեցողի համար»:

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4