«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#7, 2008-01-16 | #8, 2008-01-17 | #9, 2008-01-18


ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳԵՐԱԿՇՌՈՒՄ ԵՆ ԲԺՇԿԱԳԻՏՈՒԹՅԱՆ, ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ, ՄԵԽԱՆԻԿԱՅԻ ՈԼՈՐՏՆԵՐԻ ԳՅՈՒՏԵՐԸ

Դրանց արտոնագրումը կհեշտացվի

Գյուտերի գրանցման ոլորտի օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ, որոնք երեկ հաստատել է կառավարությունը, լրագրողներին մանրամասներ հաղորդեց առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության մտավոր սեփականության գործակալության պետ Արմեն Ազիզյանը: Նա հայտնեց, որ այդ փոփոխությունները նպատակ ունեն կատարելագործելու արդյունաբերական սեփականության պաշտպանության իրավական դաշտը, ինչպես նաեւ այն համապատասխանեցնելու «եվրոպական դիրեկտիվներին»:

Առաջարկվող փոփոխություններով արտոնագրերի տրամադրումը կպարզեցվի: Ներկայումս արտոնագիր տրվում է երկու անգամՙ առաջին անգամ 10 տարով, երկրորդ անգամՙ 20 տարով: Նոր օրենքով նախատեսվում է տրամադրել մեկ արտոնագիրՙ 20 տարով: Եվս մեկ օրենսդրական փոփոխություն է առաջարկվել օրենքում, որը բխում է գյուտը գրանցելու հայտ ներկայացրած գյուտարարի շահերից: Ներկայումս հայտատուն իր գյուտի էությունը պետք է բացահայտի գործակալությանը հայտ ներկայացնելուց 2 ամիս հետո: Նոր օրենքով այդ ժամկետը երկարացված է մինչեւ 18 ամիս, որը համապատասխանում է միջազգայնորեն ընդունված ժամկետին: Այդ ժամանակահատվածում նա պետք է կողմնորոշվի, թե ինչպես վարվի իր գյուտի հետ: Արմեն Ազիզյանը հայտնեց, որ այս փոփոխությունները ձեռնտու են նաեւ գյուտն իր արտադրության մեջ ներդրած ձեռնարկատիրոջը, քանի որ նա երկար ժամանակ է ավելի մրցունակ մնում:

Պետական տուրքերի օրենքում նույնպես փոփոխություններ են կատարվել, սակայն տուրքերի չափերը չեն փոխվել, այլ միայն դուրս են եկել այն տուրքերը, որոնք այլեւս չեն կիրառվում: Մտավոր սեփականության գործակալության պետը հայտնեց, որ արտոնագրի գրանցման համար պետական տուրքերը բավականին մատչելի են: Օրինակՙ անհատ ձեռնարկատերը այդ նպատակով կարող է վճարել տուրքի մեկ քառորդ չափըՙ 8700 դրամ:

Արմեն Ազիզյանը տեղեկացրեց, որ Հայաստանում տարեկան միջինը 200 գյուտերի արտոնագրման հայտեր են ներկայացվում, բայց անցյալ տարի դրանց թիվը կազմել է 138: Որքա՞նն է դրանցից ներդրվում արտադրության մեջ: Պատասխանելով այս հարցին, գործակալության պետը նշեց, որ զարգացած երկրներում ներդրվում է գյուտերի 5-10 տոկոսը, իսկ ոչ զարգացածներումՙ մինչեւ 5 տոկոսը: Մնացածը համարվում են տեխնիկական նորամուծություններ եւ հետագայում կիրառում գտնում: Հայաստանում գյուտերի ներդրման մասին ցուցանիշը Արմեն Ազիզյանը դժվարացավ նշել, ասելով միայն, որ անցյալ տարի միայն երեք գյուտերի ներդրման պայմանագիր է գրանցվել գործակալությունում: Նա նաեւ հայտնեց, որ մեր երկրում գերակշռում են բժշկագիտության, կենսաբանության, մեխանիկայի, իսկ անցյալ տարի նաեւ լեռնահանքային արդյունաբերության ոլորտների գյուտերը:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4