«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#8, 2008-01-17 | #9, 2008-01-18 | #10, 2008-01-19


ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆ. «ՄԱԴՐԻԴՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ ԿԱՐԾՐ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ ՉԷ, ՈՒԼՏԻՄԱՏՈՒՄ ՉԷ ԿՈՂՄԵՐԻՆ»

Վերջին մի քանի օրվա ընթացքում ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջան այցելության ընթացքում մի քանի անգամ եղան ինչպես Երեւանում, այնպես էլ Բաքվում եւ Ստեփանակերտում: Երեւան այցելության ժամանակ հանդիպումների գնահատականի եւ Հայաստանի` ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների մադրիդյան փաստաթղթին արձագանքի առնչությամբ «Ազգի» հարցին լրագրողների հետ քաղաքապետարանում տեղի ունեցած հանդիպմանը Ռոբերտ Քոչարյանը պատասխանեց, որ արձագանք արդեն եղել է:

«Նաեւ իրենք (համանախագահները - Ա.Հ.) են հայտարարել մեր հանդիպման ժամանակ, որ այդ փաստաթուղթը կարծր փաստաթուղթ չէ, ուլտիմատում չէ կողմերին: Իհարկե, այդ փաստաթղթի բովանդակությունը, ընդհանուր տրամաբանությունը ընկալելի է, բայց կան կետեր, որոնց շուրջը մենք ունենք այլ կարծիք: Քննարկումները կոնտեքստից դուրս չեն, բայց կան մի քանի կետեր, որոնց շուրջը բանակցությունները շարունակվելու են: Կարող եմ ասել, որ այդ փաստաթղթի տրամաբանության մեջ իրականում կարելի է հարցի լուծումը գտնել»:

Ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն հունվարի 17-ին Երեւանում հայտարարեց, թե բանակցություններից իր ժամանակին Լեռնային Ղարաբաղի դուրս մնալը միջնորդների որոշումը չէր, այլ «դա տեղի ունեցավ Քոչարյանի Հայաստանի նախագահ դառնալուց հետո` միակողմանի որոշմամբ»: «Ազգի» այս մեջբերմանը Հայաստանի նախագահը պատասխանեց. «Հայաստանը երբեք նման որոշումներ չի կայացրել: Դա եղել է մինչեւ պրն Ֆասիեի համանախագահ դառնալը, բայց այդպիսի որոշում չի եղել: Դա ստացվեց մեկ այլ կերպ: Եթե հիշում եք, կար փակուղի, եւ սկսվեց իմ եւ նախագահ Հեյդար Ալիեւի միջեւ ակտիվ բանակցային գործընթաց, որը գրեթե ավարտվում էր փաստաթղթի ստորագրմամբ Քի Վեսթում: Ուղղակի այդ գործընթացը բերեց դրան, իսկ մինչ այդ բանակցություններն ուղղակի սառեցված էին, ուղղակի փակուղի էր:

Հատուկ որոշում երբեք չի եղել: Եվ այսօր Ղարաբաղը շարունակում է մնալ գործընթացի մեջ, քանի որ նաեւ համանախագահները տարածաշրջան այցելելիս գնում են Ղարաբաղ: Պատկերացրեք, որ ես կամ հաջորդ նախագահը մի 6-7 ամիս չհանդիպի Ադրբեջանի նախագահի հետ: Ղարաբաղը ճիշտ այնպես է մասնակցում գործընթացին, ինչպես Հայաստանի Հանրապետության նախագահը, ուղղակի այս ընդհանուր բանակցային գործընթացում կա նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումների ֆորմատ: Բայց դա կոնտեքստից դուրս չէ եւ բոլոր հարցերը միջնորդները քննարկում են Ղարաբաղի իշխանությունների հետ:

Դրա համար ես ուղղակի փաստն եմ արձանագրում, որ Ղարաբաղը բանակցային գործընթացի ակտիվ մասնակից է: Մենք կցանկանայինք, որ նախագահների հանդիպման ֆորմատում Ղարաբաղը եւս ներգրավված լինի, եւ բոլորը հետեւյալն են ասում, որ եթե փաստաթուղթը լինի վերջնականապես պատրաստ, նաեւ մենք ենք դա պնդում, առանց Ղարաբաղի իշխանությունների ստորագրության չի կարող հարցը լուծվել, եւ անմիջապես այդ պահից հետո Ղարաբաղը կմասնակցի այս ֆորմատին»:

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4