Հիմա արդեն նրանց հետապնդում է մեր հանգուցյալ հայրենակցի հիշատակը
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
Այսօր մեր հայրենակից Հրանտ Դինքի մահվան տարելիցն է: Մեկ տարի առաջ, հունվարի 19-ին, տեղական ժամանակով 15-ին Ստամբուլումՙ «Ակօս» շաբաթաթերթի խմբագրական մուտքի մոտ Օգյուն Սամասթ կոչեցյալ մարդասպան ստահակը ատրճանակով թիկունքից երեք կրակոց էր արձակել Դինքի վրա, ապա եւ դիմել փախուստի: Իրավապահ մարմինները սպանությունից 36 ժամ հետո Սամսունի ավտոկայանում ձերբակալել էին Սամասթին: Սակայն Տրապիզոնի անվտանգության վարչությունում, վարչության աշխատակիցները, չթաքցնելով իրենց հիացմունքը պատանի ստահակի նկատմամբ, թուրքական մամուլի վկայությամբ հերթի էին կանգնել, որ լուսանկարվեն նրա հետ: Ավելին, որպեսզի լուսանկարը տպավորիչ լինի, նրանք մարդասպանի ձեռքին տվել էին Թուրքիայի դրոշը, կարծես ընդգծելու համար, որ դա ներկված է Օգյուն Սամասթի նման պատանի, թե մեծահասակ բազմաթիվ ստահակների զոհը դարձած ժողովուրդների, ինչպես նաեւ հազարավոր անմեղ մարդկանց արյունով:
Հրանտ Դինքի հուղարկավորությանը մասնակցել էր հայերի, հույների, ասորիների, թուրքերի, քրդերի, ալավիների ավելի, քան 200 հազարանոց բազմությունը: Այս հանգամանքը, ինչպես նաեւ սգո թափորի «Մենք բոլորս հայ ենք, բոլորս Հրանտ Դինք» կարգախոսը Թուրքիայում աննախադեպ բնույթ էր հաղորդել թաղման արարողությանը: Եթե ոչ աննախադեպ, ապա ակնհայտ լկտիություն էր Դինքի նկատմամբ կարեկցանքի, իսկ ընտանիքին վշտակցություն արտահայտող այդ կարգախոսին ժամանակակից Թուրքիայի հիմնադիր Քեմալ Աթաթուրքի ստեղծած ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության, ազգայնական շարժում եւ վերջինի պես «գորշ գայլերի» քաղաքական կազմակերպությունը հանդիսացող «Մեծ միասնություն» կուսակցությունների բուռն հակազդեցությունը: Իսկ թուրք խառնամբոխի «Մենք բոլորս Օգյուն Սամասթ ենք» մակագրությամբ օրեր, շաբաթներ, ամիսներ շարունակ մարզադաշտերում բարձրացրած ցուցապաստառներն ու ինքնամոռաց բացականչությունները լկտիության գագաթնակետն էին:
Ի դեպ, եթե վերոհիշյալ կուսակցությունները հակազդեցությամբ նախադրյալներ էին ստեղծում «Մենք բոլորս Օգյուն Սամասթ ենք» մակագրությամբ ցուցապաստառների բարձրացման համար, ապա թուրք խառնամբոխը ինքնամոռաց բացականչություններով արտահայտում էր մարդասպանին նմանվելու անզուսպ մոլուցքը, որ գովերգի սպանությունը: Հատկանշական է, որ վերոհիշյալ կուսակցություններն առաջնորդվում են քեմալական ազգայնականությամբ, իսկ խառնամբոխին մարզադաշտեր էին առաջնորդում քեմալական մտածողության միությունները:
«Մենք բոլորս հայ ենք, բոլորս Հրանտ Դինք» կարգախոսին հակազդելու պատրվակով, մարդասպան Սամասթին պաշտպանության տակ առնելու քեմալական ազգայնականների արարքը, որոնց համար առաջամարտիկի դեր են կատարում քեմալական մտածողության միությունները, մասնակի հիմնավորում է Դինքի սպանության կազմակերպմանը «խորքային պետության» մասնակցության մասին թուրքական իրականության մեջ շրջանառվող կարծիքը: Այլ կերպ, «Մենք բոլորս Օգյուն Սամասթ ենք» բացականչություններով մարդասպանին պաշտպանելու քեմալական ազգայնականության փորձերն իրականում ոչ այլ ինչ են, քան հասարակության ուշադրությունը խառնամբոխի ագրեսիվ նկրտումների վրա բեւեռելու միջոցով Դինքի սպանությանը «խորքային պետության» ուղղակի, կամ անուղղակի մասնակցությունը քողարկելու դրսեւորում:
Թուրքիայում «խորքային պետությունը» գործում է քեմալական ազգայնականության քողի տակ: Իսկ դրա գործունեությունը վերահսկում է դեռեւս Քեմալ Աթաթուրքի օրոք ձեւավորված առանձնաշնորհյալ ընտրախավը, որի առանցքում «երջանիկ փոքրամասնության համայնք», «սպիտակ» կամ «վարդագույն թուրքեր» հորջորջվող «դյոնմեներն» են: Թերեւս այս հանգամանքը առիթ է տվել իսլամական մամուլին նշելու. «Դինքին սպանեցին նրանք, ովքեր Նոբելյան մրցանակի են արժանացրել Օրհան Փամուքին»:
Թեեւ Դինքի սպանության հարցը դրվեց Թուրքիայի ազգային մեծ ժողովի հունվարի 15-ի նիստի օրակարգում, որտեղ ներքին գործերի նախարար Բեշիր Աթալայն, ի պատասխան հետաքննության հասցեին արված քննադատություններին, ասաց, որ անում են այն, ինչ հնարավոր է, որպեսզի սպանության գործում չմնա ոչ մի մութ կետ, եւ հավաստիացրեց. «Չի մնալու, որովհետեւ դրա բացահայտումը մեր «ճիտին պարտքն է», սակայն բուն կազմակերպիչներն առ այսօր մնում են անհասանելիՙ վարչապետ Էրդողանի կառավարությանը:
«Ենի շաֆաքի» հեղինակ, հանգուցյալ Հրանտ Դինքի մտերիմ ընկեր Ալի Բայրամօղլուի դիպուկ արտահայտությամբ. «Կորուստը մեծ է, ամոթը ահավոր, վայրագությունըՙ սարսափելի, հակառակ դրան, շարունակում են տեղում դոփել սպանության բացահայտման աշխատանքները: Գուցե եւ կատարվում է ճիշտ հակառակը, որովհետեւ հետաքննության ընթացքում ի հայտ եկած որոշակի իրողությունները, երկրում կիրառվող դատաիրավական քաղաքականությունն ու դրա մեթոդները, ոչ այնքան հանգեցնում են բուն հանցագործների բացահայտմանը, որքան հանցագործության նոր ոլորտներ են ստեղծում: Բացահայտման ճանապարհին պետական գաղտնիքի արգելքն է դրված»:
Հրանտ Դինքի տարելիցին բազմաթիվ միջոցառումներ են կազմակերպվել ինչպես Թուրքիայում, այնպես էլ նրա սահմաններից դուրս: Երեկ Դինքի հիշատակին նվիրված լուսանկարչական ցուցահանդեսներ, կլոր սեղաններ եւ համաժողովներ են կազմակերպվել Քյոլնում, Բեռլինում, Ֆրանկֆուրտում, ինչպես նաեւ Վաշինգտոնում, Օտտավայում, Լոնդոնում եւ այլ քաղաքներում:
Գլխավոր միջոցառումներն, ինչ խոսք, «Հունվարի 19-ին, ժամը 15-ին, նույն տեղում, հանուն արդարության» կարգախոսով «Ակօսի» խմբագրատան առջեւ կազմակերպել են Դինքի զինակիցները, դատապարտելու համար ինչպես չարանենգ սպանությունը, այնպես էլ սպանության պատճառ դարձած թուրքական օրենսգրքի չարաբաստիկ 301-րդ հոդվածը:
Արձագանքելով մեր հանգուցյալ հայրենակցի զինակիցների դեռեւս հունվարի 15-ին հրապարակած հաղորդագրությանը, որտեղ մասնավորապես ասվում է. «Ուղիղ մեկ տարի է անցել այն օրից, երբ մեզ դավադրաբար բաժանեցին ջերմ բարեկամ եւ ճշմարտության թարգման սիրելի Հրանտից: Նրա կորուստը սգալով անցավ ողջ տարին: Մենքՙ այս երկրի քաղաքացիներս, այլեւս չենք ուզում վախվորած աղավնու անհանգստությամբ ապրել այն սպանությունների ստվերում, որոնց բուն կազմակերպիչները չեն բացահայտվում», հասարակության լայն շրջանակներն ակտիվ մասնակցություն են ցուցաբերել միջոցառումներին:
Նախքան «Ակօսի» խմբագրատան առջեւ բողոքի ցույց կազմակերպելը, միջոցառումների մասնակիցները, որոնց թվում եղել են արվեստի ու մշակույթի հանրահայտ գործիչներ, հայտնի գրողներ, լրագրողներ, մտավորականներ, ինչպես նաեւ հասարակայնության ներկայացուցիչներ, այցելել են Հրանտ Դինքի շիրմին: Երեկոյան միջոցառումները շարունակվել են «Լյութֆի Քըրդարի» անվան համագումարների պալատում, որը Ստամբուլի ամենաշքեղ համերգային համալիրն է: Այս միջոցառումներին պոլսահայոց «Լուսավորիչ» «Սահակյան», «Սայաթ-Նովա» երգչախմբերի կողքին մասնակցել են նաեւ Բոսֆորի թատրոնն ու հայտնի արվեստագետներ, որոնցից թերեւս կարելի է առանձնացնել աշխարհահռչակ դաշնակահար Լեյլա Մանսուրին: Ինչ վերաբերում է Անկարային, ապա այնտեղ Դինքի համախոհները «Բիրգյուն» թերթի խմբագրության առջեւ սպանությունը դատապարտելուց հետո, բողոքի երթ են կազմակերպել դեպի մարդու իրավունքների հուշարձան, որտեղ հնչել են հայկական մեղեդիներ:
Թուրքիայում դեռեւս չեն բացահայտվում Հրանտ Դինքի սպանության բուն կազմակերպիչները: Սակայն երկրում ավելի ու ավելի են համախմբվում նրանք, ովքեր մտածում են Դինքի պես: Այսպիսով, օրըստօրե աճում է բռնությունը դատապարտողների թիվը թուրք հասարակության մեջ, ի հակակշիռ պաշտողների: Բռնություն պաշտողները կենդանության օրոք վախենում էին Հրանտ Դինքից, հենց դրա համար էլ թիրախ ընտրեցին: Հիմա արդեն նրանք պետք է վախենան հիշատակից, որովհետեւ բռնություն պաշտողներին սկսել է հետապնդել Դինքի հիշատակը: Դրա վառ ապացույցը մահվան տարելիցի միջոցառումներն են:
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ