Թեհրանը չի վախենում Թել Ավիվի նախահարձակումից, քանի որ իսրայելցիները «երբեք չեն համարձակվի» հարձակվել Իրանի վրա: Քաթարի «Ալ Ջազիրա» արբանյակային հեռուստաալիքով այսպիսի հայտարարություն է արել Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը:
Նախագահի հայտարարությունը համընկել է Իսրայելի նոր, հեռահար բալիստիկ հրթիռի փորձարկումներին: Այդ երկրի լրատվամիջոցները պնդում են, թե նոր հրթիռը նախատեսված է Իսրայելին սպառնացող օդային թիրախների կալանման համար եւ կարող է կրել «անսովոր օգտակար բեռնվածություն»:
Խոսքը թերեւս միջուկային մարտագլխիկների մասին է: Իսրայելը երբեւէ չի հաստատել եւ չի էլ հերքել իր միջուկային զենքի գոյությանը վերաբերող ենթադրությունները: Վերլուծաբանները կարծում են, որ նման վարքագիծը հաստատում է Իսրայելում միջուկային ուժերի գոյությունը:
Ֆրանսպրեսը մեջբերում է Ահմադինեժադի ելույթի հետեւյալ մասը. «Սիոնիստական վարչակազմը չի համարձակվի հարձակվել Իրանի վրա: Նա գիտի, որ իրանական տարածքների վրա ամեն մի հարձակում մոլեգին պատասխան կառաջացնի: Սիոնիստական կազմավորումն ունի նոր զինատեսակներ, բայց ես հավատում եմ, որ դա նրան չի փրկի ճակատագրական փլուզումից»:
Միեւնույն ժամանակ Ահմադինեժադը շեշտել է, որ իրանցիների միջուկային ծրագիրը բացառապես խաղաղ բնույթ է կրում:
Անդրադառնալով Ջորջ Բուշի մերձավորարեւելյան շրջայցին, Իրանի նախագահն ասել է. «Նախագահ Ջորջ Բուշը պառակտման ուղերձ հղեց, նա մասնատման սերմեր ցանեց: Դա առճակատման ազդանշան է: Բայց նրա հայտարարությունները մեզ բնավ չեն հուզում»: