Կարծում է ՀՀԿ շտաբի մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը
Երկուշաբթի մեկնարկում է երկրի նախագահական ընտրությունների քարոզարշավը, որին Հանրապետական կուսակցությունը պատրաստվել-սպասում է ամբողջ հանրապետությունում ստեղծած շուրջ 1300 շտաբներով եւ տարածքային կառույցներով: ՀՀԿ նախագահ թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի ղեկավարի հարցում էլ փոփոխություն չի եղել, ինչպես գրվել է մամուլում, նախընտրական ամբողջ թոհուբոհի ՀՀԿ-ական մասի պատասխանատուն փաստորեն մնում է տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Երեկ այս մասին հայտարարեց պատգամավոր, ՀՀԿ նախընտրական շտաբի մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը` միաժամանակ հավելելով. «Մամուլում հրապարակվածը հակաքարոզչություն է եւ, մեղմ ասած, չի համապատասխանում իրականությանը: Պարզ է, թե ովքեր են պատվիրատուները, բայց դա ինձ համար երկրորդական է: Կարեւորն այն է, որ մեր շտաբը համախմբված է Հովիկ Աբրահամյանի շուրջը»:
Էդուարդ Շարմազանովը հերքեց նաեւ մամուլում եղած լուրերը, թե հանրապետականներն արդեն մարզպետներին եւ գյուղապետներին զգուշացրել են, թե ով որքան ձայն պետք է ապահովի: Մամուլի խոսնակը շեշտեց, որ իրենք դեմ են օրինախախտումներին եւ իրենց քարոզարշավը կազմակերպելու են Հայաստանի օրենսդրությանն ու միջազգային չափանիշներին համապատասխան: ՀՀԿ-ական պատգամավորը նշեց, որ իրենց համար գերխնդիր է լեգիտիմ, ժողովրդավարական չափանիշներին համապատասխան ընտրությունների անցկացումը, որովհետեւ «մեզ պետք չի խոցելի նախագահ, մեզ պետք է ժողովրդի ընտրած նախագահ»:
ՀՀՇ անդամ Արամ Մանուկյանն օրերս հայտարարել էր, թե Լեւոն Տեր-Պետրոսյանն առաջին փուլում հաղթելու է: Էդուարդ Շարմազանովը բարձր գնահատեց Արամ Մանուկյանի հումորի զգացումն ու շեշտեց, թե Լեւոն Տեր-Պետրոսյանի հաղթանակը հնարավոր էր միայն բոլոր ընդդիմադիրների միավորման պարագայում, ինչը չեղավ: Նկատենք, որ նախկին նախագահի կողմնակիցներն էլ նշում են, որ իրենց թեկնածուին սատարում են 17 կուսակցություններ եւ հասարակական կազմակերպություններ: Փոխարենը, ՀՀԿ նախընտրական շտաբի խոսնակի կարծիքով, զարգացումների այսօրվա տեմպերի շարունակման դեպքում Սերժ Սարգսյանը կհաղթի առաջին փուլում, այն էլ նկատելի տարբերությամբ:
Լեւոն Տեր-Պետրոսյանի մեկ այլ հայտարարությանն անդրադառնալով, թե իրեն աջակցողները կփոխհատուցվեն պետական աստիճանակարգով, Էդուարդ Շարմազանովը խորհուրդ տվեց նախկին նախագահին թերթել սահմանադրությունը, որտեղ հստակ տրվում է կառավարության ձեւավորման մեխանիզմը: Ինչ վերաբերում է հետընտրական գործընթացներին կամ առավել եւս դրանցում երկրի ուժային կառույցների մասնակցությանը, պատգամավորը նշեց. «Հայաստանի Հանրապետությունում գունավոր հեղափոխությունների եւ հեղափոխական իրավիճակների կամ ընդհանրապես հեղափոխական իրադրություն չկա: ՀՀ-ում կան խնդիրներ, որոնք կլուծի կառավարությունը բարեփոխումների երկրորդ փուլում»: Ուժային կառույցների միջամտության մասով էլ թե` «Մեր երկրում ուժային կառույցները չեն մասնակցում քաղաքականությանը: Չգիտեմ, իր ժամանակ ոնց, բայց... ( անավարտ թողնելով միտքը` ժպտում է - Գ. Գ.)»:
Ղարաբաղյան խնդրի կարգավորման առնչությամբ Էդ. Շարմազանովն ընդգծեց, որ Սերժ Սարգսյանը լավատեղյակ է բանակցային ամբողջ գործընթացից եւ նրա նախագահ ընտրվելու դեպքում «Ղարաբաղի հարցի լուծման մեջ հայամետ որոշումը գերակշռող է լինելու»:
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ