Նախագահը համոզված է որակյալ ընտրացուցակներ ունենալու հարցում
Երեւանի քաղաքապետարանում Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն անցկացրել է ամենամյա աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվում են անցած տարվա աշխատանքները եւ քննարկվում ընթացիկ տարվա անելիքները: Նշելով, որ շատ ծրագրեր իրականացվել են եւ դրական ընթացք ունեցել, Քոչարյանը անդրադարձավ նաեւ թերություններին, որոնց անդրադարձ է կատարվել քաղաքապետարանում տեղի ունեցած քննարկումներում: «Անցյալ տարվա համեմատ բոլոր ուղղություններով ունենք բարելավում, բայց վիճակն այն չէ, ինչից կարող ենք շատ գոհ մնալ»:
Ամեն դեպքում, լրագրողների հարցերն առավելաբար վերաբերում էին առաջիկա ընտրություններին: Քաղաքապետարանի` երթեր անցկացնելու առնչությամբ հայտարարության կապակցությամբ Քոչարյանը նշեց, որ ոչ թե քաղաքապետարանն արգելել է, այլ դիմել թեկնածուներին` զուսպ մնալ երթեր կազմակերպելուց, եւ նկատի է ունեցել առաջին հերթին պիկ ժամերին գերծանրաբեռնված փողոցները: «Քաղաքապետի հետ քննարկել ենք այդ հարցը: Քաղաքապետարանն ասում է, որ պատրաստ է քննարկել եւ ընտրել այնպիսի փողոցներ ու ժամեր, որ մյուս քաղաքացիների համար խնդիրներ չստեղծվեն: Ես իմ անվտանգության ծառայությունից իմ շարժը պահանջում եմ կատարել այն փողոցներով, որոնք ծանրաբեռնված չեն: Օրինակ, վերջին մի քանի տարվա ընթացքում իմ մեքենաների շարժի համար երբեք Մաշտոցի պողոտան չեմ օգտագործել»:
Շարունակելով ընտրական թեման` Ռոբերտ Քոչարյանը նշեց, որ պետական կառույցներն անում են ամեն ինչ պատշաճ ընտրություններ կազմակերպելու համար: «Ունենք բավարար քաղաքական կամք ընտրություններն ազատ, արդար եւ թափանցիկ կատարելու համար: Այդքան կամք մենք դրսեւորեցինք խորհրդարանական ընտրությունների ժամանակ եւ գիտակցում ենք, որ նահանջ այդ հարցում մենք ուղղակի իրավունք չունենք ունենալու: Իսկապես շատ լուրջ ենք տրամադրված: Մենք ակնկալում ենք նաեւ, որ ընտրական հանձնաժողովներում ընդգրկված կուսակցությունների ներկայացուցիչները նեղկուսակցական շահերից ուղղակի դուրս կգան, իրենց կդիտեն որպես պետական կառույցի անդամ եւ կաշխատեն այդ ոճով եւ այդ տրամաբանությամբ, որովհետեւ ընտրությունների օրը շատ բան է կախված լինելու հենց ընտրական հանձնաժողովների աշխատանքների որակից»:
Ինչ վերաբերում է ընդդիմադիրների` իշխանությունների կողմից ընտրությունները կեղծելու հեռանկարի մասին հայտարարություններին, ապա Քոչարյանը ծանոթ է դրանց: «Այդպիսի երեւակայությունները մի քիչ շատ էին: Զարմանալի անտեղյակություն է կամ, որոշ հարցադրումների պարագայում, խղճի բացակայության կամ դեֆիցիտի խնդիր եմ ես տեսնում: Նույնիսկ անձնագրերի առնչությամբ (կեղծ անձնագրերի տպագրությամբ ընտրակեղծիքներ իրականացնելու - Ա.Հ.) ցանկության դեպքում չեն կարող դա անել, հնարավոր չէ: Այն գումարը, որ տեղաբաշխված է բյուջեում անձնագրերի համար` 178 մլն դրամ, ես երաշխավորում եմ, որ դրանից գոնե մեկ դրամ չի ծախսվելու առաջին եռամսյակում: Եվ ընդհանրապես մենք մտածում էինք այդ գումարը ծախսել նոր անձնագրային համակարգ ներդնելու համար` բիոչիպերով անձնագրեր ունենալու համար, որի պարագայում ավելի թեթեւ կլինեն վիզային ռեժիմները»:
Ընտրացուցակային ընտրախախտումների, գոյություն չունեցող շենքերի եւ նման որակումների մասով էլ նախագահ Քոչարյանը ընդգծեց, որ ընտրացուցակները խորհրդարանական ընտրությունների ժամանակ եղել են իսկապես բարձր մակարդակի, եւ այնպիսի մեխանիզմներ են դրված ճշտումների առումով, որ «համոզված եմ, այս ընտրություններին ունենալու ենք որակյալ ցուցակներ»: «Մենք գիտակցում ենք, որ անորակ ցուցակների մեղքը անմիջապես կապվելու է իշխանությունների հետ եւ ինչո՞ւ մենք շահագրգռված չպետք է լինենք ունենալու որակյալ ցուցակներ»:
Ինչ վերաբերում է ընդհանրապես ընտրություններից հետո բողոքներին, ապա դրանց մի մասն, ըստ Հայաստանի նախագահի, շինծու են լինելու` ինչ-որ չափով ընտրությունները վարկաբեկելու նպատակով: «Մեր հասարակությունը պետք է գիտակցի, որ մենք ունենք ընդդիմադիրներ, որոնք մասնագիտացել են այդ գործում, եւ ամեն ինչ չընդունեն միանշանակ»:
«Մենք չենք պլանավորում փուլերի քանակը», խոսելով երկրորդ փուլի հավանականության մասին` նշեց Ռոբերտ Քոչարյանը: «Ժողովուրդն է որոշելու` քանի փուլով կանցնեն գալիք ընտրությունները: Այս խոսակցությունները գալիս են նրանից, որ սոցհարցումները ցույց են տալիս միափուլ ընտրությունների մեծ հավանականություն»:
Նախագահը, իր իսկ խոսքերով, փորձեց բացատրել, թե ինչու որոշ քաղաքական ուժեր շատ զգայուն են այդ հարցի նկատմամբ: «Երբ նախագահ է ընտրվում մեկ փուլով, ապա ընտրվողը պարտավորված է լինում առաջին հերթին ընտրողների առջեւ այն ծրագրերի, խոստումների համար, որոնցով ներկայացել է հանրությանը: Եթե նա ընտրվում է երկրորդ փուլով, ապա առաջին փուլից հետո քաղաքական սակարկությունների համար մեծ դաշտ է բացվում` ով ում կպաշտպանի, ում կմիանա եւ դրա դիմաց ինչ կունենա: Իհարկե, այդ հնարավորություններից զրկվելը հաճելի չէ: Ես ինքս երկու անգամ ընտրվել եմ երկու փուլով, գիտեմ ինչի մասին եմ խոսում, եւ իսկապես ժողովրդի առջեւ պարտավորություններին գումարվում են որոշ պայմանավորվածություններից բխող պարտավորություններ: Շատ ավելի ցանկալի է, որ ընտրված նախագահն այդպիսի կողմնակի պարտավորություններով ծանրաբեռնված չլինի»:
Հարցին, թե Լեւոն Տեր-Պետրոսյանն արդեն իսկ հայտարարել է իր հաղթանակած լինելու մասին, Քոչարյանը պատասխանեց. «Շնորհավորում եմ»: Իսկ թե ինչով է զբաղվելու Ռոբերտ Քոչարյանը ընտրություններից հետո, չասաց, ավելացնելով, որ այդ առնչությամբ որեւէ բան կասի ապրիլի 9-ից հետո:
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ