«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#8, 2008-01-17 | #9, 2008-01-18 | #10, 2008-01-19


ՄՐՑԱՆԱԿԱՅԻՆ ՄԹՆՈԼՈՐՏ ԵՎ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ԹՄՄ «Վահան Թեքեյան» մրցանակի 2007-ի դափնեկիրները

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Կյանքը տոն չէ: Բնա՜վ: Ո՛չ հանդիսություն, ո՛չ թատրոն, թերեւս սա պայքար է, ծանր ընտրությունՙ ինքնահաստատման, գուցե նաեւ ինքնարարման, ստեղծագործ ինքնարարման: Ու սա արվեստին չէ միայն, որ վերաբերում է, ինձ թվում է, յուրաքանչյուրն իր կյանքի ամեն փուլում գիտակից, թե անգիտակից, այդպիսի մի ընթացք ապրում է:

Չգիտեմ կյանքն առհասարակ մրցանակի հետ կապ ունի, թե՞ չէ, բայց այնքան շա՜տ են դրանք ու հաճախ անտեղի, իսկ գուցե կապ ունի. գուցե ժամանակն ինքն է ամենամեծ մրցանակը, ու մենք մեր պատասխանատվությունը կորցրել ենք կյանք-մրցանակի հանդեպ: Ինչպես ամեն բան այս քաղաքում այս օրերին անհաստատուն է, միտքս էլ այսպես անհաստատ դեգերեց, ու ԹՄՄ ավանդական մրցանակաբաշխության թեմայի ընդունված ձեւից շեղվեց-գնաց: Երեկ մտավորական-մշակութային ընտիր բազմության մասնակցությամբ, որին ներկա էին նաեւ վարչապետ Սերժ Սարգսյանը, Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արք. Կճոյանը, ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը, Ազգային ժողովի պատգամավորներ, ԳԱԱ ներկա եւ նախկին նախագահները, տարբեր բուհերի ռեկտորներ, տոնական մթնոլորտում տեղի ունեցավ ՀԹՄՄ ամենամյա մրցանակների հանձնման արարողությունը:

Կարծում եմՙ Վահան Թեքեյան բանաստեղծի ու մարդու ապրած կյանքն ու գրչական ժառանգությունը այնպես պարտավորեցնող է, որ այս մրցանակները համենայն դեպս դյուրին չէին կարող հաստատվել, առավել եւս ոչ էլ տրվել, թեպետ երբեմն որեւէ անվանակարգում լինում է անհամապատասխանություն: Սակայն եւ հարկ է արձանագրել, որ «Վահան Թեքեյան» մրցանակին արժանացած մի քանի տասնյակ արվեստագետների մեջ կան շատ երեւելի ու պատվաբեր դափնեկիրներ, ինչպես Օհան Դուրյանը, Սիլվա Կապուտիկյանը, Տիգրան Մանսուրյանը, Արտո Չաքմաքչյանը...

Անշուշտ, այդ անհամապատասխանությունները ինչ-որ տեղ պատճառաբանվում են նաեւ ըստ տվյալ ոլորտում առկա, այսպես ասած, ստեղծագործական հունձքի որակի, կամ առնվազն ներկայացվածի: Ինչեւէ: Երեկ ԹՄՄ կենտրոնում Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արք. Կճոյանի օրհնանքին եւ նախագահ Ռուբեն Միրզախանյանի բացման խոսքին հետեւեց մրցանակների հանձնման արարողությունը, որը մշտապես, բնականաբար սկսվում է գրականության անվանակարգից: Հանձնաժողովի նախագահ Երվանդ Ազատյանը մրցանակը հանձնեց բանաստեղծ Լյուդվիգ Դուրյանինՙ «Մեր տարիքն Արարատն» է ժողովածուի համար:

Հաջորդ մրցանակակիրը «Ազգ» թերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանն էր: «Հակոբ Վարդիվառյան» մրցանակը նրան հանձնեց ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գեւորգյանը: Տիկին Գեւորգյանը մասնագիտորեն բնորոշեց «Ազգի» դերն ու նշանակությունը մեր նորանկախ հանրապետության սկզբնական տարիներին եւ այնուհետեւ իբրեւ պրոֆեսիոնալ առաջին օրաթերթի եւ ազատ խոսքի մունետիկի: Թերթը իրականության, ժողովրդավարական կամքի ճշմարիտ արտացոլողը եղավ, որով եւ կարեւոր մեկ այլ առաքելություն ունեցավՙ լրագրողական նոր դպրոցի, դարբնոցի: «Ազգն» առանձնանում է տպագիր մամուլում սփյուռքի հանդեպ իր ուշադիր վերաբերմունքովՙ ճանաչողական ու բարոյական իմաստով, ինչպես նաեւ մշակութային էջերով: Իր պատասխան խոսքում Հակոբ Ավետիքյանը այս մրցանակի դափնիները վերագրեց նաեւ իր ղեկավարած խմբի անցյալ եւ ներկա անդամներին:

Երաժշտություն անվանակարգում մրցանակը հանձնվեց երաժշտական գործիքներից ամենահայկականինՙ ծիրանի փող-դուդուկը աշխարհին ներկայացնողին ու հիացնողինՙ Ջիվան Գասպարյանինՙ «Հին ու նոր հուշեր» ձայներիզի համար: Մրցանակը հանձնեց հանձնաժողովի նախագահ Դավիթ Ղազարյանը:

Կերպարվեստի անվանակարգումՙ համապատասխանաբար գեղանկարչություն եւ քանդակ, այս տարվա դափնեկրի կոչումը վաստակեցին գեղանկարիչ Վարուժան Վարդանյանը «Տիրամայրը մանկան հետ» աշխատանքի եւ Գետիկ Բաղդասարյանը «Եղիշե Չարենց» դիմաքանդակի համար:

Հանձնաժողովի նախագահը կարճառոտ անդրադարձ արեց հայերիս աստվածապաշտությանը եւ դրա դրսեւորումներից համարեց դեռեւս V դարում ստեղծված «Տիրամայրը մանկան հետ» քանդակը, որ համարվում է առաջինը, ապա եւ 915-ին Աղթամարի «Աստվածամայրը մանկան հետ» պատկերաքանդակը: Իր ստեղծագործության մեջ հոգեւոր թեմատիկայի լուրջ անդրադարձները Վարուժան Վարդանյանը սկսել է «Խաչելություն» շարքով, որ հետագայում խորացել էՙ ունենալով տարբեր արտահայտություններ: Դրանցից «Աստվածամայրը մանկան հետ» կտավը նվիրել է Մալաթիա-Սեբաստիա համայնքի Սբ. Երրորդություն եկեղեցուն:

Ռադիոհեռուստատեսություն անվանակարգում մրցանակը հանձնվեց Արտեմ Սարգսյանինՙ «Դարը» հաղորդաշարի համար, ի դեպ, խորհրդային շրջանում նա արժանացել է պետական մրցանակի:

Սոցիալ-քաղաքական երգիծանքՙ «Դավիթի պարսատիկից» մրցանակին արժանացավ Արամայիս Սահակյանըՙ «Ծիծաղի տուն» հաղորդաշարի համար: Հանձնաժողովի նախագահ Հակոբ Ավետիքյանը նշեց, որ երգիծանքը գռեհկության եւ խեղկատակության հետ շփոթելու մերօրյա իրականության մեջ սփյուռքահայ երգիծաբան Միհրան Տեր-Ստեփանյանի ստորագրությամբ «Դավիթի պարսատիկ» անունով այս մրցանակը որոշակի դեր, այնուամենայնիվ, պետք է որ կատարի:

Եվ վերջապես մանկապատանեկան ստեղծագործությունների «Արա - Մարալ» մրցանակին արժանացավ Ռուբեն Հախվերդյանը «0-ից 100 տարեկան երեխաներին» գիրք-սկավառակի համար, որ ինչպես հանձնաժողովի անդամ եւ անցյալ տարվա մրցանակակիր Տիգրան Հեքեքյանն ասաց, «խենթ ու խելառ» այս երգիչը իր այս սկավառակը հասցեագրել է նրանց, ով ունի երեւակայություն եւ կարող է դեռ հիանալ արեւածագով, ուրեմն դեռ երեխա է:

Հանդիսության ընթացքում հնչեցին երգեր Հայաստանի ռադիոհեռուստատեսության սիմֆոնիկ էստրադային նվագախմբի կատարմամբ, ղեկավարությամբ Երվանդ Երզնկյանի եւ մասնակցությամբ Մարտին Վարդազարյանի:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4