Սուրբ Սարգսի համաժողովրդական համբավը եւ նրա տոնի նախապատրաստությունը գալիս են լրացնելու այն ոգեղենության բացը, որ ամեն քայլափոխի զգում ենք նյութականացված ու ամեն ինչ դրամական արժեքի վերածվող մեր ժամանակներում: Սրբի մասին պատումը, նրա երկրային ու երկնային կյանքի ողջ ճանապարհը հակակշիռ օրինակ են դառնում պոտերամոլուցքով, ծովահենների ու տարատեսակ չարքերի մասին մտացածին ու դաժան պատմություններով լի ֆիլմերով տարված մեր երեխաների ու երիտասարդների համար, ովքեր աստվածահաճո մարդկանց կերպարները թողած` ամեն տեսակ երեւակայական անօրինակելի պատմություններով են դաստիարակվում եւ արժեհամակարգ ձեւավորում:
Այնուամենայնիվ, «Մեր ուսումնասիրությունները փաստում են, որ Սուրբ Սարգսի տոնի տարածվածության միտում է նկատվում 1990-ական թվականներից սկսած», երեկ «Հայացք» ակումբում կազմակերպված մամլո ասուլիսի ժամանակ նշեց ազգագրագետ Սամվել Մկրտչյանը: Նա մեզ հետաքրքրական մանրամասներ ներկայացրեց հիրավի համաժողովրդականություն վայելող այս տոնի մանրամասների մասին: Չնայած Սուրբ Սարգսի` սիրո արագահաս սրբի տոնականությանը հատկապես հաղորդ են դառնում արբունքահաս աղջիկները, այնուամենայնիվ, տոնի կատարումը եւ նրա ավանդույթների պահպանումն ու նոր սերունդներին փոխանցումը մեծապես հայ տիկնանց ու տանտիկինների առաքելությունն է համարվել: Մասնավորապես, նա ուշադրություն հրավիրեց հայ մամիկների (անկախ նրանց սոցիալական դիրքից) ղեկավարությամբ կազմակերպվող այն հմայական ու ավանդական սովորույթների վրա, որոնցից էր, ասենք, եռաշերտ գաթայի թխումը` հիմնականում փոխինդի համադրությամբ, որի համար օգտագործվում էին մրգային, կաթնային (պանիր) եւ դրամային մասնաբաժիններ: Ըստ ավանդույթի, ում հասներ թխվածքի կաթնային մասը, նրա ամուսինը անասնապահ էր լինելու, մրգային մասնաբաժինն անուշ անողը սպասում էր այգեպանի, իսկ ում գաթան մետաղադրամ էր պարունակում, մեծահարուստ ամուսնու ակնկալիք կարող էր ունենալ: Նույն գաթայով գուշակում էին, թե իբր ընտանիքի որդիներից ում բաժին ընկնի մրգային հատվածը, նա ժառանգություն կստանա հայրական ունեցվածքի այգիները, ում պանրով կտորը` անասունները, իսկ մետաղադրամով մասնաբաժին ունեցող որդինՙ հայրական տունն ու դրամական ունեցվածքը: Իսկ սկուտեղով փոխինդի ու աղի բլիթի մասին բոլորը գիտեն նաեւ ներկայումս:
Ազգագրագետը ուշադրություն հրավիրեց նաեւ այն հանգամանքի վրա, որ հնում Սուրբ Սարգիսը նաեւ նեղության մեջ գտնվողների, ճամփորդների ու աղքատների, գերի ընկածների, բռնության ենթարկված աղջիկների հովանավորն է համարվել: «Սուրբ Սարգիսն ամեն մեկին չէր այցելում: Հատկապես նրանց էր օգնում, ովքեր պահել են իր անունով պահքը, ովքեր բարի են»:
Ասուլիսի մյուս բանախոսը` Սուրբ Սարգիս եկեղեցու քահանա Հակոբ քհն. Խաչատրյանն էլ տեղեկացրեց, որ համաքրիստոնեական Սուրբ Սարգսի վարքը Միքայել անունով մի ճգնավոր վերցրել է ասորական մի վարքից, տառացիորեն թարգմանել եւ հանձնել Ներսես Շնորհալուն, որն էլ ավելի գեղարվեստական որակի է բերել սրբի կյանքի եւ հերոսական կյանքի ու մահվան պատմությունը, մանավանդ որ նրա գործունեությունն ինչ-որ չափով առնչվում է նաեւ Հայաստան աշխարհին:
Այս տարի հունվարի 21-ին տոնվող Սուրբ Սարգսի տոնի խորհուրդը մեկնաբանելովՙ տեր Հակոբն ասաց. «Սուրբ Սարգսի տոնն ազգային սովորություններով ու ավանդույթներով զուգորդված լինելով, մեզնից յուրաքանչյուրին ասելիք ունի: Սուրբ Սարգիսը գալիս օրինակ է հանդիսանալու ամենքիս համար, որպեսզի մեր կյանքը նկատենք Աստծու կողմից որոշակի շնորհ եւ ծառայեցնենք հանուն հանուր շահերի, ինչպես Սուրբ Սարգիսը, զինվորական լինելով հանդերձ, օգնում էր սովյալներին, աղքատներին ու կարոտյալներին»:
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ