«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#8, 2008-01-17 | #9, 2008-01-18 | #10, 2008-01-19


«ԱՐՏԵՐԿՐԻՑ ԳՆԱՃԱՅԻՆ ԼՈՒՐՋ ՃՆՇՈՒՄՆԵՐ ԿԱՆ»

Նշեց Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը

Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը երեկ, պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում է ԱՄՆ ֆեդռեզերվի նախագահի այն գնահատականին, ըստ որի դոլարի արժեզրկումը շարունակվելու է եւ դա ի՞նչ ազդեցություն կունենա Հայաստանի դրամավարկային քաղաքականության վրա, ասաց, որ այս խնդիրն իր ազդեցությունն է թողնում բոլոր երկրների տնտեսությունների վրա եւ մտահոգում է ամբողջ աշխարհին: Ըստ նրա, կարեւոր է, թե ինչպիսի՞ն կլինի ԱՄՆ տնտեսության վիճակը, անկում կունենա՞, թե՞ կմնա նույն վիճակում, ինչպիսի՞ն կլինի հիպոթեկային շուկայի եւ մասնավորապես վարկերի վերադարձելիության վիճակը: Այս ամենի մասին գնահատականներ է տալիս աշխարհի առաջատար 120 փորձագետներից կազմված խումբը, որոնց հետեւում են ֆինանսական շուկայի խոշոր մասնակիցները: Նրանց կարծիքը ԱՄՆ տնտեսության հետագա վիճակի մասին այժմ կիսված էՙ մի մասը կարծում է թե այստեղ կշարունակվի ռեցեսիան (անկումը), մյուսները, որ այն դուրս կգա այդ վիճակից: Մի կողմիցՙ բարձր գնաճն է, մյուս կողմիցՙ տնտեսական անկումը, որը ստիպում է ԱՄՆ ֆեդռեզերվին նվազեցնել տոկոսադրույքները: «Սա է այն դիլեման, որը հնարավորություն չի տալիս միանշանակ գնահատականներ տալու», ասաց ԿԲ նախագահը:

Վերոնշյալն, ըստ Տիգրան Սարգսյանի, բնականաբար, լուրջ խնդիրներ է ստեղծում նաեւ Հայաստանի դրամավարկային քաղաքականության համար: Արտերկրից գնաճային լուրջ ճնշումներ կանՙ վառելիքի, կարագի, յուղի, կաթնամթերքի գների բարձրացման տեսքով: Համաշխարհային մակարդակով այս երեւույթի մասին խոսելով, ԱՄՆ ֆեդռեզերվի նախկին նախագահ Ալան Գրինսմանն ասել է, որ առաջիկա 15 տարում պետք է մոռանալ ցածր գնաճի մասին: Դրան նպաստելու են նաեւ Հնդկաստանի եւ Չինաստանի տնտեսական աճը եւ պահանջարկի ավելացումը, Եվրոպայում գյուղատնտեսության սուբսիդավորման ավելացումը: ԿԲ նախագահի հավաստիացմամբ, եվրոյի եւ դոլարի փոխարժեքի վերաբերյալ կանխատեսումներ անելը շատ դժվար է: «Այդ առնչությամբ կան գնահատականներ, բայց դրանք շատ փոփոխական են», եզրափակեց ԿԲ նախագահը:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4