«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#8, 2008-01-17 | #9, 2008-01-18 | #10, 2008-01-19


ԱՆՁՆԱՆՈՒՆԸ ՈՐՊԵՍ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԺԵՔ

ԳԱՌՆԻԿ ԱՍԱՏՐՅԱՆ, Բան. գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Nomen est omen «Անունը մարդու ճակատագիրն է» (բառացի` «Անունը նախանշան է») լատիներեն ասացվածք


Մուտք

Զուտ հայկական անձնանուններ (ուշ նորակազմությունները նկատի չառնելով) քիչ ունենքՙ Արեգ, Արա, Արփի, Արմենակ, Հայկ, Գյուտ, Հրանտ, Աստղիկ, Եզնիկ, Գառնիկ, Ծովինար եւլն: Հայոց անձնանունների մեծ մասը գալիս է իրանական, աստվածաշնչյան եւ հունահռոմեական միջավայրիցՙ Արբակ, Արշակ, Արտավազդ, Համազասպ, Տիգրան, Տրդատ, Գոռ, Բաբկեն, Գուրգեն, Պապ, Նվեր, Դրաստամատ, Վարդան, Երվանդ, Զավեն, Վազգեն, Արտաշես, Արտավազդ, Արամազդ, Վահագն, Սուրեն, Պարույր, Վրույր, Շահեն, Վարուժան, Մերուժան, Միհրան, Անահիտ, Աշխեն, Նվարդ, Փառանձեմ, Ասպրամ, Հասմիկ, Անուշ, Հովհաննես, Աբրահամ, Իսահակ, Հակոբ, Սահակ, Հովսեփ, Սերոբ, Քերովբե, Սեդրակ, Սողոմոն, Մարիամ, Եղիշե, Գրիգոր, Գեւորգ, Ղեւոնդ, Սիմոն, Աղեքսանդր (Ալեքսանդր), Անդրեաս, Մարտիրոս, Կիրակոս, Պողոս, Պետրոս, Ղուկաս, Հեղինե եւլն: Սա, իհարկե, ծագումնաբանական դասակարգում է, այսինքն երբ մենք անձնանունները դիտում ենք դրանց ստուգաբանության տեսանկյունից: Սակայն այս կատեգորիայի բառերը, ըստ էության, նշաններ են, որոնքՙ ինչպես ամեն մի նշան, տարբերակիչ հատկություն ունեն, առարկան կոչելու միջոց են: Հենց դա է պատճառը, որ անձնանունը ինչպիսի ծագում էլ ունենա, ինչ էլ սկզբնապես նշանակի, ստեղծվելուց հետո կորցնում է իր նախնական իմաստը եւ վերածվում մերկ սիմվոլի. անվան ստուգաբանական կողմը դառնում է երկրորդական եւ անկարեւորՙ իհարկե, քննարկվող խնդրի առումով միայն: Առհասարակ անվանակոչության պրոցեսը (անունների առաջացման կանոնների մասին չէ խոսքը), ունի իր օրինաչափությունները, որոնցից առավել կարեւորներն ենՙ 1) պատմական եւ հայտնի անձանց ու առասպելական անունների օգտագործումը (օրինակՙ Տիգրան, Վարդան, Անդրանիկ, Վահագն, եւլն), 2) դրական բնութագրումներ եւ «խոսուն» անուններ (ինչպեսՙ Սիրուն, Գեղեցիկ, Երջանիկ, Աստվածատուր (Ասատուր), Պերճ, Կայծակ, Փայլակ, Ժիրայր, Քաջայր, Խաժակ, Մարգարիտ, Անգին, Հերիք, Բավական, Մեղմիկ, Համեստ, Քնքուշ եւլն), եւ 3) բացասական բնութագրումներ, որոնք միտված են հեռու պահելու նորածնին «չար աչքից» եւ դեւերից (ինչպեսՙ Վազգեն, որը ծագում է պահլավերեն Վազաղեն «գորտի նման, գորտի տեսք ունեցող, տգեղ» ձեւից): Վերջին սկզբունքով է կազմված նաեւ Զրադաշտ մարգարեի անունը, որը նշանակում է «ծեր ուղտերի տեր»: Այս կանոնով հայկական օնոմաստիկոնի բնիկ շերտում, ինչքան ինձ հայտնի է, որեւէ օրինակ չի վկայված: Սակայն կարելի է արձանագրել այս սկզբունքի մի այլ դրսեւորում հայոց անվանացանկում. դա «մուսուլմանական» անունների օգտագործումն է` այն մտայնությամբ, որ դրանք, իբր, «չար աչքից» ու այլ փորձանքներից հեռու են պահելու երեխային: Մինչեւ վերջերս տարածում ունեցող Աթաբեկ, Ամիրխան, Ամիրբեկ, Բալաբեկ, Քյարամ, Խանչալբեկ, Ջալալ, Ջավադ, Գյուլբուդաղ, Մուրադ, Ջուլֆուկար, Ասլան, Իգիթ, Ջիվան, Ջհանգիր, Սարդար, Խաթուն, Խանում, Մուշկինազ, Խաթայի, Ֆաթմա, Դիլբար եւլն անունները հենց այս տրամաբանությամբ են տրված:

Ազգային սեփական անձանվանական համակարգը յուրաքանչյուր հանրույթի ազգային մշակույթի բաղկացուցիչ մասն է կազմում: Իսկ ազգային են համարվում պատմամշակութային, կրոնական, քաղաքակրթական եւ, անգամ, աշխարհայացքային լիցք պարունակող անձնանունները: Այլ կերպ ասած, ազգային են միայն այն անձնանունները, որոնք արդեն իսկ սրբագործվել են տվյալ ժողովրդի պատմամշակութային ավանդությամբՙ անկախ դրանց ծագման: Օրինակՙ Արա, Տիգրան, Վարդան, Վռամշապուհ, Սահակ, Եզնիկ, Գրիգոր, Մուշեղ, Արիստակես, Աշոտ, Սմբատ, Շահամիր, Իսրայել, Ներսես, Անդրանիկ, Դրաստամատ, Նժդեհ, Սերոբ, Հայրիկ, Սարգիս, Հակոբ, Մարիամ, Անահիտ, Աստղիկ, Փառանձեմ անունները նախ եւ առաջ կապվում են Արա Գեղեցիկի, Տիգրան Մեծի, Վարդան Մամիկոնյանի, Վռամշապուհ արքայի, Սահակ Պարթեւի, Եզնիկ Կողբացու, Գրիգոր Լուսավորչի, Արիստակես կաթողիկոսի (նաեւՙ Արիստակես Լաստիվերտցու), Մուշեղ Մամիկոնյանի, Աշոտ Երկաթի, Սմբատ Բագրատունու, Շահամիր Շահամիրյանի, Իսրայել Օրու, Ներսես Աշտարակեցու (նաեւ Ներսես Արքեպիսկոպոս Մելիք Թանգյանի), Անդրանիկ Զորավարի, Դրաստամատ Կանայանի, Գարեգին Նժդեհի, Սերոբ Աղբյուրի, Խրիմյան Հայրիկի, Սբ. Սարգսի, Սբ. Հակոբի (նաեւ Հակոբ Մեղապարտի), Աստվածամոր, Անահիտ աստվածուհու, Աստղիկ դիցուհու, Փառանձեմ թագուհու կերպարների հետ: Դրանք այլեւս սրբացված անուններ ենՙ թեկուզ եւ դրանցից միայն Արան, Եզնիկը, Հայրիկը, Աստղիկն ու, թերեւս, Անդրանիկն են հայկական ծագման: Ընդհանրապես անունները հաճախ կանոնիկ են դառնում այն կրող անձանց պատմական դերի շնորհիվ: Օրինակ, չի բացառվում, ասենք, որ Վիկտորը ժամանակի ընթացքում դառնա ազգային օնոմաստիկոնի մաս, որովհետեւ այն եղել է ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անունը:

Այսպիսով, հայկական անձնանունների համակարգ (օնոմաստիկոն) ասելով, պետք է ի նկատի ունենալ այն բոլոր անունները, որոնք ունեն պատմական հիմնավորում եւ վկայված են 5-20-րդ դարի սկիզբը ընդգրկող ժամանակաշրջանի հայ իրականության մեջ: Ճիշտ է, դեռեւս 19-րդ դարի վերջից ի հայտ են գալիս հնարովի անուններ (ինչպեսՙ Շաքե, Կարինե, Արմինե, Լուսինե, եւլն, որոնք այսօր էլ օգտագործվում են), սակայն դրանք որակ չեն կազմել եւ շոշափելի տարածում չեն ունեցել: Հայկական ազգային անձնանունների կորպուսի մեջ պետք է ներառել նաեւ հիմնականում ազգային ազատագրական գործիչներիՙ ո (դասական ուղղագրությամբՙ օ) եւ ե (դասական ուղղագրությամբՙ է) վերջավորությամբ կրճատ անուններըՙ ինչպես Դրո (Դրաստամատ Կանայան), Արաբո, Սոսե (քրդերեն Սոսըն = հայ. Սուսան, իգական անվան կրճատ ձեւը) եւլն: Նման անձնանունները պայմանականորեն ազգային կարելի է համարել, եթե դրանք հիմնավորվում են կոնկրետ պատմական նախակերպարներով (ինչպես նշված անունները): Մեզանում այսօր շատ տարածված ո-ով անունները (հիմնականում շոումենների շրջանումՙ Բղդո, Արամո, Հայկո եւլն), ըստ էության, նորամուծություն են եւ չեն համապատասխանում մեր ավանդությանը: Հարկ է հիշել, որ նշված ձեւույթները քրդերենի կոչական հոլովի վերջավորություններ ենՙ ո-ն արական սեռի, ե-ն իգականի համար եւ խորթ են հայերենի բառակազմական կանոններին: Մանավանդ, երբ իգական սեռի անունը ստանում է արականի վերջավորություն (ինչպես, օրինակՙ Սիրուշոն, որն օրենքով պետք է լիներ Սիրուշե): Բացառություն կարելի է անել, թերեւս, Լորկե իգական անվան կապակցությամբ, որը թեեւ քրդերեն է (քրդ. լորըկ «լոր» բառի կոչականի իգական ձեւը), բայց վկայված է հայերեն ժողովրդական երգերում եւ ունի ազգային լիցք:

Անվանակոչությունը Հայաստանում

Վստահությամբ կարելի է ասել, որ աշխարհում չկա մի ժողովուրդ, որն այնքան հակում ունենա օտար անունների հանդեպ, որքան հայերը: Դա, կարծես, ի սկզբանե հատուկ է եղել մեր ժողովրդին, թեկուզ հենց այն պատճառով, որ, ինչպես նշվեց, հայոց անձնանունների լոկ չնչին մասն է բնիկ հայկական ծագման: Հայաստանի խորհրդայնացումից հետո հայերը խորհրդային ժողովուրդների մեջ առաջին տեղն էին գրավում, այսպես կոչված, «հեղափոխական» անուններովՙ Մելս (ՄարքսԷնգելսԼենինՍտալին), Մելսիդա, Լենտրոշ (ԼենինՏրոցկիՇահումյան), Պեռվպիտ ( ), Լեկդար («Լսիր, երեխա, կոմունիստ դարձիր»), Դոնարա ( ), Իլյիչ, Սերգո (Սերգո Օրջոնիկիձե), Լավրենտի (Լավրենտի Բերիա), Կիմ եւ Կիմա ( ), Գերտրուդա ( ), Վիլեն, (Վլադիմիր Իլյիչ Լենին), Մառկլեն (Մառլեն), Կառլեն, Հոկտեմբեր, Օկտրյաբրինա եւլն: Ռուս եւ այլազգի գրողների, գիտնականների ու քաղաքական գործիչների անունները խորհրդային տարիներինՙ մինչեւ հետպատերազմյան առաջին տասնամյակները հայերի շրջանում չափազանց հարգի էինՙ Պուշկին, Լեռմոնտ (Լերմոնտով), Չապաեւ, Կատաեւ, Ֆրունզե (Ֆրունզիկ), Որոշ (այսինքնՙ Որոշիլով), Բերիա, Վավիլով, Բլյուխեր, Մոլոտով, Կամո, Ջոնռիդ (կամ ուղղակի Ջոն), Նապոլեոն, Ժուլվեռն, Դարվին, Վանցեռտ, Յուգար (Յուրի Գագարին), Գայդար եւլն: Լայն տարածում էր ստացել նաեւ ծնողների անունների առաջին կամ վերջին վանկերի գումարով ստեղծված կեղծ անունները, օրինակՙ Մելվար (Մելինե+Վարդան), Մարիել (Մարինա + Սամվել) եւլն:

1950-ականներին «հեղափոխական» անունները աստիճանաբար իրենց տեղը զիջում են նոր օտարաբանությունների: Վոյնիչի «Բոռի» հայերեն հրատարակությունից հետոՙ Արթուրները ողողում են Հայաստանը այն աստիճան, որ նույնիսկ այսօր Արթուր անունը հայերի շրջանում գերակշռում է անգլիալեզու հանրույթներում այդ անվան շրջանառության ծավալներին (վկայված են նաեւ Իխտիանդր անունը «Երկկենցաղ մարդը» ֆիլմից, Աելիտան` Ալեքսեյ Տոլստոյի նույնանուն վեպից): Նույնը վերաբերում է նաեւ Համլետ, Օֆելյա, Էդվարդ, անգամ Դեզդեմոնա անուններին: Իհարկե, էլ չենք խոսում Վոլոդյա, Սաշա, Շուրա, Շուրիկ, Յուրիկ, Սերոժ (Սերյոժա), Ժոռա, Ռոբերտ, Ռոմիկ, Ալբերտ, Վերսանդիկ, Կնյազ, Ժուդեկս, Ժուդիկ, Ռուդիկ, Ռիմա, Լենա, Սվետա, Մարուսյա, Լուսյա, Անժիկ, Ռոզա, Ջուլիկ, Զոյա, Մանյա (Մանիկ), Մելադա, Մելանյա, Նելլի, Նորա, Նինա, Ժենյա, Ֆրիդա, Ժաննա, Աիդա, Էլմիրա, էլինա, Էլվիրա, Էռնա, Ֆենյա, Դիանա, Ադելաիդա, Ադելինա անձնանունների մասին: Արցախում եւ ընդհանրապես հայոց Արեւելից Կողմանց տարածքներում, հիշյալներից զատ, նշանային են դառնում Արկադի, Սլավա (Սլավիկ), Վադիմ (Վադիկ), Անատոլի (Տոլիկ), Վիտալի(կ), Վալերի(կ), Ռադիկ եւ Վյաչեսլավ անձնանունները: Իսկ վրացահայերի մեջ այս բոլորին գումարվում է նաեւ վրացական անունների շարքը` Վախթանգ, Նուգզար, Էլգուջա, Նիկո, Թենգիզ, Շալվա, Նինո, Նանի, Նաթելլա, Դարեջան եւլն:

Սակայն հենց 1950-ականների վերջից, երբ լույս է տեսնում Րաֆֆու երկերի լիակատար ժողովածուի առաջին հրատարակությունը, ազգային անունները սկսում են լայն շրջանառության մեջ մտնել: Մանավանդ 1965-ի ազգային զարթոնքի եւ այդ տարիներին լույս տեսած մի շարք պատմավեպերի ազդեցության ներքո այս երեւույթը սկսում է նոր թափ հավաքել: Ստեղծվում են նույնիսկ արհեստական ազգային անուններՙ Նարեկ, Արծրուն, Գնուն, Նաիրա (Նարա), Նաիրի, Անի. իգական անունների մեջ տեսանելի են դառնում Գոհարը, Զարան (Զարուհի) եւ Տաթեւիկըՙ երգչուհիներ Գոհար Գասպարյանի, Զարուհի Դոլուխանյանի եւ Տաթեւիկ Սազանդարյանի ժողովրդականության շնորհիվ, նաեւՙ փոքր ինչ ուշ Լիլիթըՙ Իսահակյանի համանուն պոեմից:

Այսուհանդերձ 1970-ական թվականներից օտար անունները վերստին սկսում են գերակշիռ դիրք գրավել (մինչ այդ էլ, իհարկե, դրանք ասպարեզը լիովին չէին զիջել): Կանանց անունների մեջ հատկապես սկսում են աչքի ընկնել Լիանան եւ Մարինան: Անգամ Հայաստանի անկախացումը դրությունը չի փոխում: Ընդհակառակը, օտարամետ անվանակոչությունը մեզանում այսօր, կարծես, նորից սկսում է մոդայիկ դառնալ: Այնպիսի օտարոտի եւ խորթ անուններ, ինչպիսիք Էլեն, Յանա, Մոնիկա, Մարիանա, Մելինե, Քրիստիկ (Քրիստինե), Միլենա, Էրիկ, Ալեն, Հենրի, Մայքլ, Վերոնիկա (գրում են ռ-ովՙ Վեռոնիկա), Նիկա եւլն այլեւս կայուն տեղ են զբաղեցնում մեր նորօրյա անվանացանկում:

Անվանակոչությունը իրանահայոց մեջ

Սակայն անվանակոչությունը հայ ժողովրդի որեւէ հատվածում երբեւէ այնպիսի ողբալի վիճակում չի եղել, ինչպես այսօր իրանահայ համայնքում: Հայտնի փաստ է, որ իրանահայությունըՙ որպես Հայաստանին ամենամոտ համայնքըՙ մի կողմ թողնելով նրա դերը հայ հասարակական-քաղաքական մտքի, հայ մշակույթի զարգացման ասպարեզում, մշտապես աչքի է ընկել ծայրաստիճան պահպանողականությամբ, ազգային գաղափարներին ու քրիստոնեական արժեքներին իր անմնացորդ նվիրվածությամբ: Դա վերաբերում է եւ ազգային անվանացանկին: Ընդհուպ 1950-ական թվականների սկիզբը իրանահայոց անձնանունների մեջ օտար միավորները հազվագյուտ երեւույթ էին: Ազգային անունների ֆոնդը արտահայտվում էր իր ամբողջ ընդգրկումովՙ իհարկե աստվածաշնչյան անունների գերակայությամբ:

1950-ական թվականներից աստիճանաբար սկսում են ի հայտ գալ օտարաբանությունների առաջին նշույլները այս համայնքում: Այդ տարիներին ծնված երեխաների մեջ առանձնանում են Ժոզեֆ, Ժորժիկ, Ջեֆերսոն, Վալոդ, Հենրիկ, Սերժիկ, Սերոժ, Էդիկ, էդո, Էդվարդ, Իգնատիկ, Ալիս, Քլարիս, Անժել, Ժենիկ, Ժուլեթ, Ժանեթ, Օժիկ, Օդեթ, Կատուշ (այսինքնՙ Կատյուշա), Ալենուշ (այսինքնՙ Ալյոնուշկա), Ժիլբերտ (որպես իգական անուն!), Լիլդա, Լիդա անձնանունները: Լայն տարածում է գտնում նաեւ Վիգեն անձնանունըՙ պարսկահայ երգիչ Վիգեն Տերտերյանի ժողովրդականության հետեւանքով: Վերջինս ծագում է լատինական Vincent-ից եւ մինչ այդ բնորոշ է եղել ավելի շուտ կաթոլիկ հայերին: Իսկ «Քամուց քշվածները» հայտնի ֆիլմի ցուցադրումից հետո իգական անունների շարքում կտրուկ աճում է Սքառլեթ անվան շրջանառությունը: Այս երեւույթը բուռն զարգացում է ապրում հետագա տարիներինՙ այնքանով, որ ազգային անվացանկն այսօր իսպառ վերանալու վրա է: Ընդ որում, եթե առաջ օտար անունները գոնե այս կամ այն կերպ ամբողջական տարբերակով էին օգտագործվում (երբեմն փաղաքշական ածանցներովՙ Ժորժիկ, Հենրիկ, Ժենիկ եւլն), այժմ արդեն օտար անունների գլխավորապես կրճատ ձեւերն են գերակայություն ստացելՙ միտումնավոր փոփոխություններով եւ պատահական հավելումներով: Օրինակՙ Ռոնի, Ռոբի, Միքիա, Լուդիկ, Ադրիկ, Արվին, Ալբա, Վալդեր, Ռուդվիգ, Ռոդրիկ, Առլեն, Ալեքս, Ալեն, Անիթա, Լինետ, Ամանդա, Իմելդա, Ռամոնա, Ռամելլա (եւ Ռոմելլա), Ջեսի (Ջեսիքա), Մարի (ռ-ովՙ Մառի), Նինելլի, Մինելլի, Բրայան, Փարվիկ, Փանվել (ոչ Մանվել), Էրիկ, Էլին, Սարբեյ (նաեւ Սարբել), Ռենիա, Իզետ եւլն: Հանդիպում են երբեմն այնպիսի արտառոց օրինակներ, ինչպիսիք Վեսթինգհաուս, Վայթհաուս, Վանասիս անունները: Վկայված են նույնիսկ Յուրիկ եւ Լարիսա անունները: Իսկ ընդհանրապես զգալի տոկոս են կազմում հնարովիՙ կամայական հնչյունական կոմբինացիաների վրա կերտված կազմությունները: Ծնողները, թվում է, ձգտում են իրենց երեխաներին տալ այնպիսի անուններ, որ մինչ այդ որեւէ տեղ չեն հանդիպել: Ի՞նչ արժեն, օրինակ, Ադեն, Շիղա, Սաշե, Անաշե, Արին, Թեդի, Ռոդին, Արադա, Արիգա, Ազիթա, Մինե, Օնայնա, Շարիս, Սյունե, Ալե, Արմի, Արսիս, Ռադնի, Ադրին, Թեդիս, Բոբի, Դոդի, Էդին, Հիլմա, Սերվին, Էմլին, Գիլդա, Հարբիկ, Թիեդրա, Բուրե, Նարվիկ, Սոնի, Ադիկ, Ադեն, Նորա-Նարբիկ եւլն անունները, որոնք, թող ներվի ասել, ավելի շուտ կենդանիների մականուն են հիշեցնում, քան բանական էակի անուն ու, լավագույն դեպքում, կարող են համեմատվել երեւանյան տաքսիների ֆիրմային անվանումների հետ: Իսկ հազվագյուտ շրջանառություն ունեցող հատուկենտ, այսպես կոչված, «հայրենասիրական» անունները եւսՙ մի քանի Մհերից, Սասունից, Դրոյից, Կարենից, Անուշից, Դալարից ու Բյուրեղից զատ, կրկին արտառոց ձեւով են ի հայտ գալիս: Դրանք մեծ մասամբ տեղանուններ են, գետանուններ կամ պատմական ազգանուններ (երբեմն աղավաղված ձեւով), ինչպեսՙ Էջմին (Էջմիածին), Վարագա (Վարագ տեղանվան սեռական հոլովի ձեւը), Օրբել (Օրբելյան իշխանական տան անունից), նաեւՙ Դվին, Փարպի, Օշական, Թալին, Գորիս, Սեւան եւ Սեւանա (սեռական ձեւը), Արփա, Ուրֆա, Բիայնա, Գառնի, Գեղարդ, Խանասոր եւլն: «Ազգային» անունների մեջ հանդիպում են Արութին (Հարություն անվան թիֆլիսյան արտասանությունը, բայց չկա ոչ մի նորմալ Հարություն!), Նորբերդ, Հայբերդ, Արինբերդ, Արգիշտի, Մենուա, Արքա, Քայլառ, Դուրեկՙ ընդհանուր առմամբ հնարովի ու ոչ կանոնիկ անձնանունները: Զգալի թիվ են կազմում նաեւ ո-ով կրճատ անուններըՙ Յարո, Փայլո, Լեռնո, Միրո: Վերջին 3-4 տարում Թեհրանի «Ալիք» թերթի հավելվածում տպված իրանահայ գերազանցիկ աշակերտների մոտ 6-7 հարյուր անուն ընդգրկող ցանկերում հիմնականում իշխում են վերոհիշյալ անձնանունները: Չի հանդիպում ո՛չ մի, ընդգծեմ` ո՛չ մի Վարդան, Վաղարշակ, Վարազդատ, Վահրամ, Վարդգես, Վաղինակ, Վահան, Գուրգեն, Բաբկեն, Արշակ, Հովսեփ, Հրանտ, Հակոբ, Հովհաննես (գոնե Հովիկ ձեւով լիներ), Հասմիկ, Գոհար, Աշխեն, Անահիտ, Աստղիկ, Շուշան, Նվարդ, Աննա, Փառանձեմ... Հայ ազգային ազատագրական շարժման ակունքների մոտ կանգնած իրանահայության մատաղ սերնդի անձնանունների շարքում չի գրանցված ո՛չ մի Անդրանիկ, ո՛չ մի Սերոբ, ո՛չ մի Գեւորգ: Հայ պետականության խորհրդանիշ Տիգրան Մեծի անվան մի օրինակ էլ չենք գտնում այդ ցուցակներում: Բացակայում են Արա (Արայիկ ձեւով երկու վկայություն կա), Արամ եւ, անգամ, ՀԱՅԿ անունները: Հիրավի, աղետալի վիճակ է: Համայնքում իշխող մտայնությունն այն է, որ, իբր, հայրերի ու պապերի անունները իրենց դարն արդեն ապրել են, եւ որ նոր ժամանակները պահանջում են անվանական նոր համակարգ: Բայց իրականում ազգային անունները երբեք չեն հնանում. անձնանունը, գինու պես, որքան հին է, այնքան մեծ է դրա արժեքային լիցքը եւ ազնվական ոգին: Իրականում հայ մարդը երեխայի անունը որոշելիս, նախ եւ առաջ ի նկատի է առնում դրա արտասանության դյուրությունը օտարների կողմից, իրանահայ համայնքի դեպքում, իհարկե, ամերիկյան միջավայրի համար: Այսպիսով, անունը ինքնըստինքյան ձեռք է բերում աշխարհայացքային բնույթ եւ դառնում մարդու ճակատագրի կողմնորոշիչ: Նման անունները, ըստ էության, կանխորոշիչ դեր են խաղում դրանց կրողների համար, որոնք, կարծես, ճակատագրով դատապարտվում են ապրել ու մեռնել օտար միջավայրում եւ ոչ թե հարազատ համայնքում կամ հայրենիքում: Խնդիրը, անգամ, ազգային անունների պարտադրության, եւ օտարների ի սպառ մերժման մեջ չէ. ի վերջո ներկայիս գլոբալիզացիայի պայմաններում յուրաքանչյուրն իրավունք ունի բանեցնելու իր սեփական ճաշակն ու հակումները` թեկուզ իր երեխայի անվանակոչության դեպքում: Խոսքը նախ եւ առաջ ԼԻԱՐԺԵՔ անունների մասին է: «Ալիքի» հրատարակած ցուցակներում ինձ սարսափեցրել է ոչ թե ազգային անունների բացակայությունը, այլ որ գեղեցկատես մանուկների նկարների ներքո` առանձին բացառություններից զատ, ընդհանրապես ԱՆՈՒՆ չկա: Հնչյունական քմահաճ կոմբինացիաներով հնարովի կազմությունները չեն կարող մարդու անուն լինել: Ակամայից կուզենայի դիմել այդ երեխաների ծնողներին: Հայրենակիցնե՛ր, հարգե՛ք ձեր զավակներին: Որպես մեր ժողովրդի ապագա, նրանք արժանի են լիարժեք անուններ կրելու: Եթե Ձեր երեխան երբեւէ հայտնվի Ամերիկայում կամ ցանկանա դառնալ շոումեն, հավատացեք, նա կգտնի իր համար հարմար մականուն կամ «կլիչկա», ինչպես Հայաստանում են ասում... Թող նա կրի լիարժեք եւ հայ մարդուն արժանի անուն:

Ի՞նչ է անձնանունը

Անձնանունները, ինչպես ասվեց, կազմում են, նախ եւ առաջ, նշանային համակարգ եւ, ըստ էության, տեղայնական բնույթ ունեն (այն էՙ ազգային, էթնիկ, ցեղական, նույնիսկ կրոնական, դավանական եւ այլն): Այլ կերպ ասած, անձնանունները յուրաքանչյուր հանրույթի բնորոշիչ կոդերն են: Նույնիսկ այնպիսի համաշխարհային մի ժողովուրդ, ինչպիսիք հրեաներն են, հետեւողականորեն պահպանում են իրենց ավանդույթըՙ կապված անվանակոչության հետ: Ինչ էթնիկ միջավայրում էլ նրանք գտնվեն, ինչ լեզվով էլ խոսեն, հրեաներին կարելի է տարբերակել նրանց անուններով (Աբրահամ, Մովսես, Իսահակ, Հովսեփ, Սողոմոն, Դավիթ, Հակոբ, Ահարոն, Իսրայել, Սառա, Ռաքել, Ռեբեկա, Սուլամիթ եւլն անունների արեւելյան կամ արեւմտյան տարբերակներով): Հետեւաբար, մարդու անունը ազգային (կամ էթնիկ, կրոնական, եւլն) ինքնության ամենաառաջնային ցուցանիշն է: Անգամ լեզուն այս տեսանկյունից դառնում է երկրորդական: Անձնանունները, փաստորեն, հանդես են գալիս որպես ազգային արժեքային համակարգի անքակտելի տարրերից մեկը:

Անվան եւ անվանյալի միջեւ գոյություն ունեցող սերտ դիալեկտիկական կապը նկատել են դեռեւս հին մտածողները: Անվան դետերմինիզմը մարդու ճակատագրում հնուց ի վեր եղել է իմաստունների քննարկման առարկա: Բայց, անկախ դրանից, ընդունում ենք այս դրույթը, թեՙ ոչ, կասկածից վեր է, որ հնչյունական սիմվոլիզմի հիման վրա հորինված անուններ կամ արտառոց փաղաքշական մականուններ կրող մարդիկ ակամայից դառնում են իրենց անվան գերին: Անունը, հիրավի, երբեմն որոշիչ նշանակություն է ունենում մարդու ճակատագրում:

Մի հանգամանք եւս: Ըստ մեզանում իշխող մտայնության, հայրենասիրությունը հիմնականում ինչ-որ վեհ արարքների արտահայտություն է: Իրականության մեջ, սակայն, հայրենիքի, սեփական ժողովրդի հանդեպ սերը պարզապես նշանակում է նվիրում ազգային ավանդույթներին, որից էլ, բնականաբար, բխում են մյուս, այսպես ասած, վեհ արարքները (ինքնազոհություն մարտի դաշտում, հերոսություն, եւլն): Հայրենասիրական ֆրազեոլոգիան դեռեւս հայրենասիրություն չէ բնավ: Թուրքին հայհոյելը, ապրիլքսանչորսյան երթին մասնակցելն ու ֆիդայական երգեր երգելն այն դեպքում, երբ մարդու, երեխայի անունը Ադրիան է, Էլվիս, Բրայան, Քեւին կամ, ավելի վատ, Բոբի, Ռոնի, Դոդի ու Էմլիկ, ծաղր ու ծանակ է հիշեցնում եւ ոչ հայրենասիրություն: Երեխայի անվանակոչությունը այն փորձաքարն է, որով որոշվում է, թե տվյալ մարդը ինչ աշխարհայացք է դավանում, ինչ ապագա է ծրագրել իր զավակի համար: Հայրենասիրության այդպիսի մի փորձաքար էր, օրինակ, խորհրդային տարիներին Հայաստանում երեխային հայկական դպրոց ուղարկելը: Օրն ի բուն խորհրդային կարգերը պախարակող ու հայրենասիրության մասին ճամարտակող շատերը, այդ թվում նույնիսկ գրողներ ու հայերենի մասնագետներ (որոնց համար հայոց լեզուն նաեւ ապրուստի միջոց էր), իրենց զավակներին ռուսական կրթություն էին տալիս: Այն տարիներին դա իսկապես մարդու նշանային վարքի դրսեւորում էր:

Իհարկե, քավ լիցի, ես հեռու եմ հախուռն մեղադրելու բոլոր օտար անուններ կրող հայ երեխաների ծնողներին ապազգային վարքի կամ հայրենասիրության պակասի մեջ. հասկանալի է, որ այս երեւույթը մեծամասամբ տուրք է օրվա մոդային, տիրող ընդհանուր հոսանքին, եթե կուզեքՙ գաղափարական վակուումի արտահայտություն է, ըստ էության, հաճախՙ անգիտության արդյունք նաեւ: Սակայն դրանով գնահատականը չի կարող փոխվել. երեւույթն արդեն իսկ սպառնում է դառնալ հայկական մենտալիտետի կայուն էլեմենտ, որն առաջիկայում կարող է լրջորեն սասանել մեր ինքնության հիմքերը:

Միով բանիվ, անվանակոչության խնդիրն այսօր դարձել է հրատապ ազգային հիմնահարցերից մեկը, որը պահանջում է լուրջ` ինչպես պետական, այնպես էլ հասարակական մոտեցում: Ըստ երեւույթին, անհրաժեշտ է հայկական ազգային անունների համապարփակ մի բառարան, որը պետք է պարտադիր կերպով կիրարկվի Հայաստանում եւ սփյուռքյան համայնքների ազգային իշխանությունների ու թեմական խորհուրդների համար ծառայի որպես ուղեցույց անունների ընտրության գործընթացում: Այս խնդրում զգալի դեր կարող են խաղալ նաեւ մեր եկեղեցին եւ հոգեւոր դասը:

Այնուհանդերձ, բնական է, որ դիրեկտիվ միջոցներով այս ոլորտում հնարավոր չէ արմատական փոփոխություն ակնկալել. պետք է փոխել անձանվան հանդեպ մեզանում այսօր իշխող աշխարհայացքային ընկալումները: Ժամանակն է, կարծում եմ, որ ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը քննարկման դնի բուհերի համար «Հայ անվանագիտության ներածություն» պարտադիր դասընթացի (20 ժամ, մեկ կիսամյակ) հարցը եւ հայտարարի մրցույթ համապատասխան դասագրքի (ձեռնարկի) կազմման համար: Նման ձեռնարկը անտարակույս օգտակար կարող է լինել նաեւ սփյուռքյան համայնքների համար:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4