Սպանության տարելիցին մասնակիցները դա հնչեցրել են Թուրքիայի 10 քաղաքներում
Հ. ՉԱՔՐՅԱՆ
Հրանտ դինքի մահվան տարելիցին, ինչպես նշել էինք նախորդ համարում, գլխավոր միջոցառումը տեղի էր ունեցել «Ակօս» շաբաթաթերթի խմբագրատան առջեւ: «Մենք բոլորս հայ ենք, բոլորս Հրանտ Դինք» կարգախոսներով մեր հայրենակցի սպանության վայրում հավաքված հոծ բազմությանը ելույթներով դիմել էին հանգուցյալի այրինՙ Ռաքել Դինքը, մտերիմ ընկերներից Անկարայի համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետի պրոֆ. եւ «Ակօսում» սյունաշարի հեղինակ Բասքըն Օրանը, «Ջումհուրիեթ» թերթի հեղինակ Օրալ Չալըշլարը, Թուրքիայի ժուռնալիստների միության փոխնախագահ Թուրգայ Օլջայթոն եւ այլք:
Հայաստանյան հեռուստաընկերությունները Հանրայինի գլխավորությամբ հանգամանալից լուսաբանեցին Դինքի ոգեկոչման արարողություններն ու միջոցառումները: Պարզապես ասենք, որ ելույթներում ընդգծվել է Դինքի խորհրդանիշ դառնալու հանգամանքը նրանց համար, որոնց մտահոգում են անարդարությունները երկրում: Դա հատկապես արտահայտվել է Թուրքիայի ժուռնալիստների միության փոխնախագահի ելույթում, որը դատապարտելով ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական, Ձախ ժողովրդավարական կուսակցություններին ու կառավարությանը, ասել է. «Այստեղՙ հավաքին պետք է ներկա լինեին իրենց սոցիալ-դեմոկրատական համարող կուսակցությունների եւ կառավարության ներկայացուցիչները: Հրանտ Դինքը երկրում սպանված 62-րդ լրագրողն է: Սպանությունները մեծ մասամբ բացահայտված չեն: Թեեւ այստեղ բազմաթիվ մարդիկ են հավաքվելՙ «Արդարություն ենք պահանջում» կագախոսով, սակայն հասարակական հիշողությունը տկար է լինում, որոշ ժամանակ անց մոռացության են տրվում այս կարգի մարդիկ: Դրա պատճառով էլ սպանությունները չեն բացահայտվում»:
Ի դեպ, այս ամենի մասին կայքէջում նշել է թուրքական BIA լրատվական գործակալությունը, ավելացնելով, որ «Ակօսի» խմբագրատան առջեւ կազմակերպված հավաքին վարչապետ Էրդողանի «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցությունից ընդամենը ներկա է գտնվել Թուրքիայի ազգային մեծ ժողովի մարդու իրավունքների նախագահ Զաֆեր Ուսքյուլը:
Այդ ընթացքում, ինչպես հունվարի 20-ի համարում նշել էր «Ռադիկալը», Հրանտ Դինքի մահվան տարելիցի առթիվ հանգուցյալի ընտանիքին վշտակցության ուղերձ է հղել Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը, որով նա հավաստիացրել է, որ ինքը հետամուտ է լինելու սպանության վերջնական բացահայտմանը, որպեսզի դատաստանի առջեւ կանգնեն դրա անխտիր բոլոր պատասխանատուները:
Հունվարի 19-ին, սպանության օրը Հրանտ Դինքի հիշատակին նվիրված միջոցառումներ են կազմակերպվել նաեւ Անկարայում, Իզմիրում, Էսքիշեհիրում, Դենիզլիում, Թունջելիում, Ադանայում, Հաթայում, Տրապիզոնում եւ հանգուցյալի ծննդավայր Մալաթիայում: Հունվարի 20-ի համարում, անդրադառնալով միջոցառումներին, «Էվրենսել» թերթը գրում է, որ միջոցառումներին մասնակցել են հասարակական կազմակերպությունների, արհեստակցական միությունների, քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ, որոնք անցկացվել են «Բոլորս Հրանտ ենք, բոլորս հայ», «Կեցցե քուրդ, թուրք, հայ ժողովուրդների եղբայրությունը», «Ի հակադրություն ֆաշիզմի, դու մեր եղբայրն ես, Հրանտ» կարգախոսներով:
Իզմիրում միջոցառման մասնակիցները տեղական ժամանակով ժ.15-ին մեկ րոպե լռությամբ հարգել են Դինքի հիշատակը, ապա հայկական մեղեդիների հնչյունների տակ աղավնիներ բաց թողել, ելույթներից հետո մասնակիցները ձեռք ձեռքի բռնած շղթա են կազմել եւ մեխակներ են նետել ծով: «Բոլորս Հրանտ ենք, բոլորս հայ» կարգախոսը հնչել է նաեւ Անկարայում: Մինչդեռ մեկ տարի առաջ թաղման արարողությանը, այն էլՙ միայն Ստամբուլում հնչած այս կարգախոսին բուռն հակազդեցությամբ արձագանքել էին Թուրքիայի ազգայնական շրջանակները:
Սպանության տարելիցին կարգախոսի հնչեցումը Թուրքիայի 10 քաղաքներում, ընդ որում բուռն հակազդեցություններից եւ անհարգի քննարկումներից հետո, որոնց մասնակցում էին Ժողովրդա-հանրապետականի գլխավորությամբ մի շարք ընդդիմադիր կուսակցություններ, ցույց է տալիս, որ Հրանտ Դինքի հիշատակը ոչ միայն հետապնդում է երկրում բռնությունը պաշտամունքի առարկա դարձրած ազգայնամոլ տարրերին, այլեւ այդ տարրերին հրահրող քեմալական ազգայնականությանը:
Ինչ վերաբերում է Հրանտ Դինքի ոգեկոչման արարողությունների լուսաբանմանը Թուրքիայում, ապա երկրի կենտրոնական 22 թերթերից միայն 9 որպես առաջնորդող լուր առաջին էջում են տեղ հատկացրել դրանց, հրապարակելով նաեւ համապատասխան մեկնաբանություններ: BIA գործակալությունն առանձնացնելով այդ թերթերից «Ռադիկալին» եւ «Սթարին», նշում է, որ «Ջումհուրիեթի», «Միլիեթի», «Սաբահի», «Ենի շաֆաքի» պես 7 թերթեր Դինքի տարելիցին թեեւ առաջին էջում են անդրադարձել, սակայն ոչ որպես առաջնորդող լուր: Իսկ «Հյուրիեթի», «Աքշամի» «Թերջումանի» նման 12 թերթեր հարկ չեն համարել Դինքի տարելիցը ներկայացնել առաջին էջում, որոնց թվում եղել է նաեւ «Զամանը»:
Ի դեպ, «Զաման» թերթում մեկնաբանություններով հանդես են գալիս Հրանտ Դինքի մտերիմ ընկերները, այդ թվում նաեւ «Ակօսի» ներկա գլխավոր խմբագիր Էթիեն Մահճուպյանը: