«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#9, 2008-01-18 | #10, 2008-01-19 | #11, 2008-01-22


ՄԻՋՈՑԱՌՈՒՄ` ՆՎԻՐՎԱԾ ՀՐԱՆՏ ԴԻՆՔԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Գուգարաց թեմի առաջնորդարանը եւ Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտը հունվարի 19-ին կազմակերպեցին պոլսահայ անվանի մտավորական, «Ակօս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի նահատակության տարելիցին նվիրված ոգեկոչման արարողություն: ՎՊՄԻ-ի դահլիճում հավաքվածները մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցեցին ազատ խոսքի քաջամարտիկի հիշատակին:

«Մենք այստեղ հավաքվել ենք ոչ միայն Հրանտ Դինքի ողբերգական մահվան տարելիցի կապակցությամբ. հավաքվել ենք նաեւ կանխելու հետագա ոճրագործությունները հրանտդինքերի նկատմամբ, եթե երբեւիցե կատարվեն: Հավաքվել ենք նաեւ մեզ համար, մեր խղճի համար, որ երբեք մեր խիղճը չքնի, որովհետեւ Հրանտ Դինքը մեր ազգային խիղճն արտահայտողներից մեկն էր: Մենք ուզում ենք այսօր անպայման նշել Հրանտ Դինքի մահվան կապակցությամբ այս միջոցառումը, որպեսզի է՛լ ավելի ուշադիր լինենք մեր հայազգի որդիների նկատմամբ: Նա արժանավոր հայորդի էր, առաջամարտիկ էր, քաջամարտիկ էր, որովհետեւ իր հողում, իր բնի՛կ հողում պայքար էր մղում իր թշնամիների դեմ», բացման խոսքում նշեց ՎՊՄԻ-ի ռեկտոր Գուրգեն Խաչատրյանը:

Ըստ Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանի` Դինքի սպանությունը 1915-ի եղեռնագործությունների շարունակությունն է, որը մեկ անգամ եւս ապացուցում է, որ Թուրքիան շարունակում է ցեղասպանությունը: «Մենք պետք է ճանաչենք այդ հատվածը, բեկորները, որ գերեվարված են: Այսօր տեղի-անտեղի Թուրքիան հաճախ ասում է. «Թող ՀՀ ղեկավարները չմոռանան, որ մեզ մոտ 60 հազար հայություն կա: Սա պատահական արտահայտություն չէ», եզրափակեց սրբազանը:

Իր ընկերոջ` «Ակօսի» հանգուցյալ խմբագրապետի, թերթի ստեղծման ու առաքելության, ինչպես նաեւ Թուրքիայում 1915-ից մինչեւ մեր օրերը հայության վիճակի մասին խոսեց «Ակօսի» հայաստանյան ներկայացուցիչ, պոլսաբնակ Տիրան Լոքմագյոզյանը: Նա համոզված է, որ Եղեռնը 1915-ով չվերջացավ, ու դրանից առաջ էլ հայերն ու թուրքերը կողք կողքի խաղաղ ու հանգիստ չէին ապրում: Բավական է նշել, որ հայերին չէր թույլատրվում ձի հեծնել, զենք կրել եւ մուսուլմանի դեմ դատարանում վկայություն տալ: Այն, որ հայահալած, ընդհանրապես քրիստոնյաների դեմ տարվող քաղաքականությունը շարունակվում է, խոսում է այն փաստը, որ այսօր Ստամբուլում մի քանի հարյուր հազար հայերից, հույներից, հրեաներից ու ոչ մուսուլման այլ ազգերից փշրանքներ են մնացել: Իսկ հայերի 80 տոկոսը մայրենիին չի տիրապետում, մյուսներն էլ դժվարությամբ են հայերեն գրում-կարդում, ուստի նրանք կարդում էին ստերով հեղեղված թուրքական թերթեր: Ահա թե ինչու ստեղծվեց «Ակօսը», հրատարակվեց թուրքերենով, եւ միայն երկու-երեք էջն է հայերեն: Ըստ Տ. Լոքմագյոզյանի` թերթը երեք նպատակ ուներ. հայերին հասցնել հայկական տվյալներ, հայի խոսքը հասցնել ոչ հային եւ, վերջապես, պատասխանել թուրքերի հերյուրանքներին: «Այն, որ Հրանտը սպանվեց, ապացուցում է, որ «Ակօսը» հասել էր նպատակին», համոզված է թերթի ներկայացուցիչը:

Նիստից հետո մանկավարժական ինստիտուտից դեպի Սուրբ Աստվածածին եկեղեցի խաղաղ երթով շարժվեցին բուհի ուսանողներ, դասախոսներ, վանաձորցիներ` հայոց եռագույնները, Դինքի նկարներն ու ոճրագործությունը դատապարտող լոզունգները պարզած: Եկեղեցու Նահատակաց պուրակում` Մեծ եղեռնի հուշակոթողի առջեւ, նախագահությամբ Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ եպս. Չուլջյանի, կատարվեց հոգեհանգստյան պաշտոն: Ծաղիկներ դրվեցին հուշակոթողին:

ՄԱՆՎԵԼ ՄԻԿՈՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4