Կարծում է պրոֆ. Թաթուլ Մանասերյանը
- 97-ի անվտանգության խորհրդի հայտնի նիստում Լեւոն Տեր-Պետրոսյանն ասել է. «Հայաստանն իր տնտեսական զարգացման մեջ արդեն բախվում է, կարելի է ասել, ֆիզիկական լիմիտների, եւ մեկ-երկու տարուց մեր տնտեսության մեջ դրսեւորվելու են նաեւ անկման միտումներ», իսկ իր 2008-ի նախընտրական ծրագրում շռնդալից սոցիալական տնտեսական խոստումներ է տվել, ներառյալ ստվերի կրճատում եւ այլն: 98-ից 2008 թվականը գործող իշխանություններին հաջողվել է, ի հեճուկս Տեր-Պետրոսյանի հայտարարության, նույն աշխարհաքաղաքական իրավիճակում, առանց Ղարաբաղի հարցի վերջնական հանգուցալուծման, ապահովել երկնիշ տնտեսական աճ: Ի՞նչ կասեք Տեր-Պետրոսյանի նախընտրական ծրագրի տնտեսագիտական այս հայտարարության մասին:
- Անկեղծ ասած, տեղյակ չեմ, թե ինչ է ասվել տասնմեկ տարի առաջ եւ ինչու: Ծանոթ եմ թեկնածուի նախընտրական ծրագրին, սակայն ոչ միայն շռնդալից, այլեւ տնտեսական ցուցանիշներով հիմնավորված եւ որեւէ տրամաբանված միտումի կամ կանխատեսման երեք հարյուր բառ պարունակող տնտեսական բաժնում չեմ հանդիպել: Տպավորություն է ստեղծվում, որ նման վերացարկված մտքեր կարելի է հայտնել զարգացման տարբեր մակարդակներում գտնվող որեւէ երկրի տնտեսության համար` սկսած Բոտսվանայից վերջացրած Սլովենիայով եւ Բելգիայով: Օրինակ, տնտեսական բաժնում հաճախակի են «Կառավարման բարելավում... հարկային օրենսդրության կատարելագործում... հակամենաշնորհային քաղաքականության հետեւողական իրագործում» եւ այլն` ոչինչ չասող արտահայտություններ: Նույնը` ստվերի կրճատման եւ այլ խնդիրների առնչությամբ: Խոսելով բարեփոխումների նոր փաթեթի ընդունման մասին, թեկնածուն պետք է առնվազն տեղյակ լիներ Հայաստանի Հանրապետությունում արդեն իսկ իրագործվող ՀՀ կառավարության երկրորդ սերնդի բարեփոխումների ծրագրի մասին: Բացի այդ, ազատական գաղափարախոսություն դավանող քաղաքական ուժի ղեկավարի ծրագրում մի քանի անգամ ակնարկվում է պետական հովանավորչությունը, որը ոչ միայն հակասում է «աջ» գաղափարախոսությանը, այլեւ անթույլատրելի է Հայաստանի համար 2003-ին Առեւտրի համաշխարհային կազմակերպությանն անդամակցելուց ի վեր: Թեեւ թեկնածուների տնտեսական ծրագրերի վերլուծությունն առանձին քննարկման առարկա է, այնուհանդերձ կարելի է արձանագրել, որ այսպիսի տնտեսական ծրագրով ավելի շատ անորոշության կարելի է մատնվել, քան հավակնել առաջընթացի: Իհարկե, նախագահի թեկնածուն կարող է եւ հեռու լինել տնտեսագիտությունից, սակայն նրան սատարող թիմի համար խիստ էական է մոլորության չմատնել հանրության ուշադրությանը վերադարձած անձին: Ինչ վերաբերում է վերջին տարիներին մեր երկրում արձանագրվող աճի տեմպերին, ապա, չնայած դրանք իրականում ուղղված են երկրի տնտեսական կարողության վերականգնմանը եւ նոր ոլորտների կայացմանը, եւ ես գնահատում եմ որպես վերականգնողական աճի տեմպեր, այնուամենայնիվ, արդեն ուրվագծվում են բազմաթիվ ոլորտներ, որտեղ արագընթաց զարգացումը կարող է լոկոմոտիվի դեր խաղալ եւ իր հետեւից տանել նաեւ մյուս ճյուղերը: Կարծում եմ, առկա դժվարություններով հանդերձ, արհեստավարժ մոտեցմամբ եւ հետեւողական աշխատանքով հնարավոր է Հայաստանը հասցնել քաղաքակիրթ երկրներին բնորոշ զարգացման մայրուղի: Այս օրերին Heritage Foundation-ի հրապարակած տվյալները մեկ անգամ եւս վկայում են, որ առաջընթացն, այնուամենայնիվ, շոշափելի է, թեեւ իրական անելիքները եւս քիչ չեն:
- Պարոն Մանասերյան, որպես «Արդարություն» դաշինքի նախկին անդամ, չե՞ք կարծում, որ այսօր Տեր-Պետրոսյանի շուրջը համախմբված թիմին սպասում է դաշինքի նույն վախճանը, քանզի ինչպես եւ առաջին դեպքում, այս անգամ եւս տարբեր քաղաքական ուժեր համախմբվել են միայն «ընդդեմ» գաղափարի շուրջը:
- Միանգամայն կիսում եմ Ձեր մտահոգությունն այս կանխատեսման հարցում: Չնչին բացառությամբ, ընդդիմություն ներկայացնողներն այս կամ այն չափով անձնական հաշիվներ ունեին իշխանությունների հետ, որը եւ պայմանավորել էր «ընդդեմ» գաղափարի շուրջը համախմբվելը: Ավելին, որքան ինձ հայտնի է, դաշինքի անդամների մեծ մասն այս կամ այն չափով շարունակական կամ հարադեպային շփումներ է ունեցել երկրի բարձրաստիճան ղեկավարների հետ. մի ձեռքով հանրահավաքներին մատ թափ տվել նրանց վրա, իսկ մյուսով` այս կամ այն խնդրանքով դիմել նույն անձանց: Ավելին, ակնկալվող պաշտոններ չստանալուց, նախարար կամ դեսպան չդառնալուց սրտնեղած` շատերը հայտնվեցին ընդդիմության շարքերում: Այդպես չի կարելի ընդդիմություն ձեւավորել: Բացի գաղափարական պայքարից, ինքս անձնական թշնամանք չեմ տածում որեւէ մեկի նկատմամբ: Գուցե դա էր պատճառը, որ եղել եմ «ընդդիմություն ընդդիմության մեջ» եւ շարունակաբար հրաժարվել երեւույթների քննադատությունը անձնավորած վիրավորանքի հետ նույնացնելուց: Քաղաքական բոյկոտի ողջախոհ ժամկետից հետո հակադրվել եմ բոյկոտով սեփական ծուլությունը քողարկողներին եւ մասնակցել ՀՀ Ազգային Ժողովի բոլոր կարեւոր քննարկումներին եւ նիստերին: Այդպես եմ պատկերացնում հանուն երկրի բարգավաճման ստեղծագործ ու տքնաջան աշխատանքը եւ դրանով մերժում «ընդդեմ» մոտեցումները:
- Վերջին ժամանակահատվածում ՀԺԿ-ն լքեցին մի քանի լուրջ քաղաքական գործիչներ: Ի դեպ, տեղեկություններ կան, որ ՀԺԿ-ի հռչակած 20 հազար անդամ թիվը ֆանտազիայի ոլորտից է եւ այդ կուսակցությունում այսօր հաշվվում է առավելագույնը 2 հազար անդամ: Դուք լավ տեղյակ եք այդ կուսակցության խոհանոցին. ի՞նչ կասեք այդ կապակցությամբ: Եվ ընդհանրապես, ի՞նչ կասեք այսօր Տեր-Պետրոսյանի շուրջը համախմբված թիմի մասին:
- Երբեք ՀԺԿ անդամ չեմ եղել, ուստի ՀԺԿ-ում տեղի ունեցող ցավալի միտումները մեկնաբանել չեմ կարող: Ակնհայտ է միայն, որ նվիրյալներից շատերին պատած հիասթափությունը պատմության գիրկն ուղարկեց ՀԺԿ-ի քաղաքական ակտիվ դերակատարությունը: Ինչ վերաբերում է ԼՏՊ-ի շուրջը համախմբված թիմին, ապա այս առումով թույլ տվեք ներկայացնել հետեւյալ հիմնական դիտարկումները:
Ինչպես թեկնածուի, այնպես էլ ժողովրդի մի որոշակի զանգվածի համար ցանկալի կլիներ տեսնել գաղափարական հենքի վրա միավորված ընդդիմություն:
Միավորված ընդդիմության առկայությունը ձեռնտու է նաեւ գործող իշխանությանը ոչ միայն ընտրություններից առաջ, այլեւ դրանից հետո. ընդդիմությունը կարող է կատարել մարզչի դեր` մատնանշելով մարզիկի, ասել է թե` իշխանության թույլ կողմերը, դրանով իսկ նպաստելով կարողությունների ավելի հաջող դրսեւորմանը: Մինչդեռ ներկայումս «ամենաարմատական» կոչմանը հավակնող քաղաքական ուժերի մեծ մասը կազմող «մարզիչը» անձնավորված ատելությամբ է մոտենում «մարզիկին» եւ դա վերածում անցանկալի ավանդույթի:
«Ով մեզ հետ չէ` մեր թշնամին է» կարգախոսը ակնհայտորեն պառակտման եւ ոչ երբեւէ համախմբման վտանգավոր տարրեր է պարունակում:
Այսօր ընդդիմության դերում հայտնված այս թիմը սեփական իշխանության տարիներին երբեւէ չէր էլ ենթադրում, որ ինքը կարող է ընդդիմություն դառնալ, ուստի քաղաքական անհանդուրժողականության հիմքերը, որոնք այդքան պարսավելի են այսօր, դրվել են հենց ՀՀՇ-ի իշխանության տարիներին: Նույն շրջանում են կյանքի կոչվել նաեւ «մեր դեմ խաղ չկա» հանճարեղ աֆորիզմը, խաբված ավանդատուները եւ մենաշնորհները:
- Հանրությանը հայտնի են Ձեր ընդդիմադիր ելույթները եւ քննադատությունն ուղղված կառավարության վարած տնտեսական քաղաքականությանը: Եթե փորձեք անաչառորեն վերլուծել ստեղծված իրավիճակը, ինչպե՞ս կգնահատեիք ՀՀԿ առաջնորդ, վարչապետ Սերժ Սարգսյանի նախագահ ընտրվելու իրական հնարավորությունները:
- Նախ, ելույթները կորակեի ոչ թե ընդդեմ, այլ հանուն իմ երկրի եւ նրա տնտեսության առաջխաղացման: Այո, բազմիցս քննադատել եմ, սակայն, որպես կանոն, ներկայացրել եմ նաեւ հստակ առաջարկություններ: Լինելով կառավարության հիմնական քննադատներից մեկն, այնուամենայնիվ, արդարության առջեւ չմեղանչելու համար պետք է առանձնացնեմ Սերժ Սարգսյանի բազմաթիվ սուր բանավեճերում դրսեւորած բարձր քաղաքական կուլտուրան, զսպվածությունը եւ քննարկվող հարցին համակողմանի մոտենալու կարողությունը: Չի կարելի չնշել նրա ավանդը Արցախի հաղթանակի եւ բանակի կայացման գործում, աշխատասիրությունը եւ ձեռքբերումներով չբավարարվելու կարողությունը: Պարտավոր եմ նշել նաեւ, որ իմ ներկայացրած առաջարկներից շատերն ընդունելի են դարձել կառավարության եւ նրա ներկայիս ղեկավարի կողմից: Որոշակի տեղաշարժեր են նկատվում նաեւ ստվերի կրճատման եւ մենաշնորհների դեմ պայքարում: Սա ոչ այնքան գոհունակություն է պատճառում, որքան ստիպում խորհել հետագա անելիքների մասին: Սակայն կարեւորն այն է, որ մասնագիտական կարողությունն օրեցօր դառնում է ավելի պահանջարկված:
Ի վերջո, որեւէ մրցակից ուժ պետք է իրեն նեղություն տա եւ հրապարակ հանի երկրի բարեփոխումների իրական այլընտրանք: Մրցակից թեկնածուներն առնվազն պետք է քաջատեղյակ լինեն կառավարության ծրագրերին եւ մշակեն դրանցից ավելի համոզիչ լուծումներ: Միայն տկարամիտ անձը կարող է բազմաթիվ մարտահրավերներով լի այս իրավիճակը գովաբանել եւ արժանի համարել մեր ժողովրդին: Բեւեռացումը, եկամուտների անհավասար բաշխումը հասարակության տարբեր խավերի եւ երկրի տարբեր բնակավայրերի միջեւ, կոռուպցիայի բարձր մակարդակը եւ օրինազանցությունների վիճակագրությունը բնավ հարիր չեն մեր նկարագրին: Ամեն ինչ համեմատության մեջ է հասկացվում եւ որեւէ թեկնածու այդպես էլ ի վիճակի չեղավ ներկայացնել առկա ծրագրերից ավելի համակարգված, ազգաբնակչության կենսամակարդակի բարձրացմանն ուղղված սոցիալ-տնտեսական զարգացման անգամ այլընտրանքային հայեցակարգ, եթե ոչ` գործողությունների ծրագիր: Հետեւաբար, թեկնածուներից շատերի հրաշքների խոստումները որեւէ տնտեսագիտական հիմնավորումներ չունեն եւ առայժմ չեն էլ ուրվագծվում հին կողպեքների նոր բանալիներ: Սրանով հանդերձ, որպես անկախ տնտեսագետ, չեմ պատկերացնում ինձ դրվատանքի խոսքեր շռայլողի դերում, այլ շարունակելու եմ վեր հանել բացթողումները եւ ներկայացնել կառուցողական առաջարկներ: Ուստի, ըստ իս, պետք է ըստ արժանվույն գնահատել ձեռքբերումները եւ իրական առաջընթացի ճանապարհին որդեգրել ոչ այնքան իշխանամետ կամ ընդդիմադիր կեցվածք, որքան ազգայնամետ եւ պետականամետ մոտեցում ու գիտակցել, որ հարատեւ չեն քաղաքական բարեկամներն ու հակառակորդները, այլ մնայուն կարող են լինել միայն երկրի ու ժողովրդի շահերը: Պետք է գործել ոչ թե եղածն էլ ավերելու ու մնացած բոլորին մերժելու մտայնությամբ, այլ ստանձնել եղածին մի բան ավելացնելու, երկիրը միասնաբար վերածնելու դժվարին պատասխանատվություն: Այս առումով կցանկանայի մեջբերել ԱՄՆ-ի նախագահ Հարի Տրումենի խոսքերն ուղղված Ֆրանկլին Ռուզվելտին. «Լինել նախագահ նույնն է, ինչ հեծնել վագրին. կամ կսանձահարես, կամ նա կուլ կտա քեզ»: Այս խոսքերն ավելի քան արդիական են այսօր: Իրոք, բարդ է լինելու ներքին եւ արտաքին բազմաթիվ հիմնախնդիրների հանգուցակետում հայտնված երկրի նախագահի գործը: Դափնիները վայելելու ժամանակը չէ դեռ այն անձի համար, ում բախտ կվիճակվի ղեկավարել գալիք հինգ տարիներին: Ավելին, որեւէ մեկը հրաշագործ չէ` միայնակ դուրս բերելու երկիրը դժվարին փորձություններից: Հրաշքներ չեն լինում: Միակ հրաշքը երկրի եւ նրա ժողովրդի բարեկեցությանն ուղղված ամենօրյա ստեղծագործ աշխատանքն է, որը կմիավորի ժողովրդին: Դրանում եմ տեսնում նախագահի դերը. միաբանելու եւ առաջնորդելու մարդկանց, բոլորին, ով իր մեջ ուժ կգտնի իրենից կախվածը բերելու ընդհանուր գործին, ով իրեն կզգա պետության մի կարեւոր մասնիկ:
Պետք է լինի վստահություն, այդ վստահությամբ կատարված ընտրություն, վստահություն վայելող առաջնորդ, բայց եւ բավարար պահանջկոտություն` թե՛ նախագահի եւ թե՛ սեփական անձի հանդեպ: Եվ հաջողությունը մեր երկրում իրեն երկար սպասել չի տա:
Ս. ՄՈՒՐԱԴՅԱՆ