«2007-ը լավ տարի էր, ցույց տվեց, որ եթե որոշակի նպատակի շուրջը համախմբվում ենք, ապա հաջողության հասնում ենք անպայման: Մենք կարողացանք դիմակայել «Միություն ընդդեմ զրպարտության» (ՄԸԶ) նման հրեական հզոր մի կազմակերպության, որը բացի հայկականից, դատապարտում էր բոլոր ցեղասպանությունները», Նոր տարվա առթիվ հարցազրույց տալով նշել է հասարակական ակտիվ գործիչ եւ անկախ լրագրող Դավիթ Բոյաջյանը, որին իր քաղաքի` Նյուտոնի (Մասաչուսեթս) թերթերից «Նյուտոն Տեբը» տարվա աչքի ընկնող մարդկանցից մեկն է ճանաչել:
«Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթի հունվարի 5-ի համարի տեղեկատվության համաձայն, այդ պատվին նա արժանացել է ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության հարցի քննարկման օրերին «Միություն ընդդեմ զրպարտության» կազմակերպության նախագահ Աբրահամ Ֆոքսմանի դիրքորոշման դեմ դուրս գալու իր վճռականության եւ հետեւողական աշխատանքի համար:
Այդ քարոզարշավի արդյունքում Ուոթերթաունը առաջինն էր, որ հրաժարվեց սատարել ՄԸԶ-ի հովանավորած «Ատելության համար տեղ չկա» ծրագրին: Հետեւեցին այլ քաղաքներ` Առլինգտոնը, Լեքսինգտոնը, Վեստվուդը, Նեդհեմը եւ ուրիշներ:
Այդ բոլոր քաղաքներում հայազգի Բոյաջյանը անցյալ տարվա հուլիսից ելույթներ էր ունեցել ի պաշտպանություն Հայոց ցեղասպանության ճանաչման:
«Ամեն մեկիս անհատական ակտիվ գործը կարեւոր նշանակություն ունի եւ կարող է մթնոլորտ ստեղծել», հավատացած է նա:
Հ. Ծ.