«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#9, 2008-01-18 | #10, 2008-01-19 | #11, 2008-01-22


ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. ՌՈՒՍԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԸ ԻՐԵՆ ՀԱՐՄԱՐԱՎԵՏ Է ԶԳՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Երեւանում երեկ տեղի ունեցավ Ռուսաստանի հայերի միության ու ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության համատեղ կազմակերպած Հայ-ռուսական գործարար ֆորումը, որտեղ մասնակիցներին առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Ներսես Երիցյանը ներկայացրեց Հայաստանի տնտեսության զարգացման հեռանկարները եւ ներդրումային առաջնահերթ ուղղությունները, իսկ Զարգացման հայկական գործակալության գործադիր տնօրեն Տիգրան Դավթյանը` ավելի կոնկրետ ներդրումային արդի միջավայրը Հայաստանում: Ֆորումը նախագահում էր վարչապետ Սերժ Սարգսյանը: Ռուսաստանյան պատվիրակությունը գլխավորում էր Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը: Ֆորումին մասնակցում էին ՌԴ եւ ՀՀ տրանսպորտի նախարարները, կառավարության անդամներ, նաեւ Հայաստանի եւ Ռուսաստանի գործարարներ:

Հայաստանի վարչապետ, տնտեսական համագործակցության հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, ֆորումը նախագահող Սերժ Սարգսյանն իր բացման խոսքում նշեց, որ ռուսական կապիտալը Հայաստանում իրեն շատ հարմարավետ է զգում: «Հայ-ռուսական տնտեսական գործընկերությունը բնութագրող վիճակագրական տվյալներն այսօր ավելի քան խոսուն են եւ տպավորիչ: 1991-2007-ի հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում Հայաստանի տնտեսության իրական հատվածում օտարերկրյա ներդրումների ծավալում Ռուսաստանից կատարված ներդրումները կազմել են մոտ 1 մլրդ դոլար կամ ընդհանուր օտարերկրյա ներդրումների մեկ երրորդը»:

Վարչապետի ներկայացմամբ, 2007 թվականի դրությամբ Հայաստանում գրանցված են ռուսական կապիտալի մասնակցությամբ 852 ձեռնարկություններ: «Համոզված եմ, որ մեր ոչ մեծ տնտեսության համար սա լուրջ թիվ է: Ռուսաստանի եւ Հայաստանի համագործակցության խորացումը կարող է նպաստել երկու երկրների տնտեսության կայուն զարգացմանը», նշեց Սերժ Սարգսյանը:

Իգոր Լեւիտին. «Ռուսական երկաթուղի»-ն եւ «Կովկաս-Փոթի»-ն` մրցակցություն Վերին Լարսին

Տնտեսական համագործակցության հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, ՌԴ տրանսպորտի նախարար Իգոր Լեւիտինը ֆորումի անցկացումը երկու երկրների գործընկերության խորացման ուղղությամբ եւս մեկ քայլ որակեց, որ կնպաստի այդ կապերի ընդլայնմանը: Լեւիտինն ընդգծեց առեւտրատնտեսական եւ ներդրումային համագործակցության ընդլայնման կարեւորությունը, հատկապես որ, ՌԴ տրանսպորտի նախարարի մատուցմամբ, ռուս-հայկական առեւտրաշրջանառության ծավալն ամեն տարի ավելանում է մոտ 50 տոկոսով:

Բազմազան են նաեւ ռուսական կապիտալի ներդրման ոլորտները Հայաստանում` էներգետիկայից մինչեւ կապ, արդյունաբերությունից մինչեւ բանկային համակարգ: Ամեն դեպքում, ըստ տրանսպորտի ռուս նախարարի, Ռուսաստանը հաստատուն զբաղեցնում է Հայաստանի տնտեսության գլխավոր ներդնողներից մեկի դիրքերը: Բացի այդ, ըստ Լեւիտինի, ռուսական ընկերությունների ներդրումները Հայաստանում նպաստում են հենց Հայաստանի ներդրումային գրավչության մեծացմանը:

Հայաստանն, իր հերթին, Լեւիտինի մոտեցմամբ, կարող է իր ներդրումն ունենալ Ռուսաստանում, մասնավորապես նկատի ունենալով ընդգրկուն շինարարական աշխատանքները 2014 թվականի օլիմպիական խաղերին պատրաստվող Սոչի քաղաքում: Ընդ որում, խոշոր ենթակառուցվածքների շինարարության արդյունքում կարող է բարձրանալ հայկական շինանյութերի մրցունակությունը` Կովկաս-Փոթի լաստանավային հաղորդակցության միջոցով: Ավելին, Լեւիտինի խոսքերով, հայ մասնագետները կարող են մասնակից լինել հատկապես հյուրանոցային եւ սպորտային համալիրների շինարարության նախագծերի մրցույթներին:

Ֆորումի ավարտին, արդեն լրագրողների հարցերին ի պատասխան, Իգոր Լեւիտինը նշեց, որ մինչեւ 2015 թվականը Ռուսաստանը մտադիր է ամբողջությամբ ապահովել Սեւ ծովի ավազանում երկաթուղային փոխադրումների տեխնոլոգիական գործընթացը: Ներկա դրությամբ գործող Կովկաս-Փոթի լաստանավային ուղղության երկրորդ լաստանավն, ըստ Լեւիտինի, կմիանա մարտին, ընդ որում, երկրորդ օպերատորը կունենա եւս մեկ ուղղություն` Կովկաս-Կերչ:

ՌԴ տրանսպորտի նախարարը հիշատակեց, որ դեռեւս ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Բուլղարիա այցելությանը իր բուլղարացի գործընկերոջ հետ ստորագրած համաձայնագրով կստեղծվի Կովկաս-Վառնա լաստանավային հաղորդակցություն: Եվ սա, ըստ Լեւիտինի, վկայում է Ռուսաստանի` Կովկասում լաստանավային տրանսպորտային հանգույց ձեւավորելու մտադրության մասին, հատկապես որ նմանատիպ համաձայնագիր կարող է ստորագրվել նաեւ Թուրքիայի հետ: Եվ, որպեսզի հանգույցը ձեւավորվի, անհրաժեշտ է 12 երկաթուղային լաստանավ, որոնցից 6-ը, տրանսպորտի նախարարի խոսքերով, նախատեսվում է բաց թողնել մինչեւ 2010-ը, մնացյալը` մինչեւ 2015ըՙ ամբողջական դարձնելով Սեւ ծովով երկաթուղային փոխադրումների տեխնոլոգիական գործընթացը:

Ինչ վերաբերում է Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման նախագծին, ապա, ըստ Լեւիտինի. «Ռուսաստանը շահագրգիռ է Իրանի երկաթգծի կառուցմամբ: Իրանական ուղղությունը կարեւոր է Ռուսաստանի համար եւ հետաքրքրական, քանի որ կասպյան ավազանի վրա ունեցած մեր փոխադրող հզորությունն արդեն բավարար չէ»: Իրան-Հայաստան գծի իրագործումն, ըստ Լեւիտինի, պետք է քննարկել աբխազական երկաթգծի վերականգնման հետ համատեղ` որպես առավել կարճ ճանապարհ «Հյուսիս-հարավ» երկաթուղային միջանցքով:

Իգոր Լեւիտինն անդրադարձավ Վրաստան-Ռուսաստան ցամաքային Վերին Լարս անցակետին, որտեղ իրականացվող շինարարական աշխատանքները, նախարարի խոսքերով, ծրագրվում է ավարտել 2008-ին: Բայց Ռուսաստանը Վերին Լարսը դիտարկում է ոչ թե Հայաստանից Ռուսաստան ցամաքային միակ հնարավորություն, այլ որպես հաղորդակցության ուղիների մրցակցություն: Նկատի ունենալով Կովկաս-Փոթի լաստանավային հաղորդակցությունը, ռուսաստանյան երկաթուղային ընկերության` Հայաստանի երկաթուղիների կոնցեսիոն կառավարման հետ համատեղ, կդառնան լուրջ մրցակցություն Վերին Լարսի անցակետի համար:

Արա Աբրահամյան. ռուս-հայկական գործարար ընկերակցության առաջարկ

Ֆորումի ընթացքում իր ելույթում Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը նախ պարզաբանեց, որ նման հանդիպում անցկացնելու գաղափարը ծագել է դեռեւս անցյալ տարվա հոկտեմբերին Երեւանում տեղի ունեցած «Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության օրեր»-ի շրջանակներում վարչապետ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը:

«Ռուս-հայկական տնտեսական ֆորումի նպատակն է նպաստել Ռուսաստանի մասնավոր կապիտալի ներդրումային հոսքի ավելացմանը դեպի Հայաստանի տնտեսություն, նրա տնտեսական զարգացմանն օժանդակող բիզնես ծրագրերի մշակմանն ու իրագործմանը, ինչպես նաեւ նոր տեխնոլոգիաների ներդրմանը: Այստեղ պետք է կարեւորել նաեւ Ռուսաստանի հայկական սփյուռքի տնտեսական ներուժի ընձեռած հնարավորությունների առավել արդյունավետ օգտագործման խնդիրը: Սա պահանջում է հարաբերությունների նոր մեխանիզմների ստեղծում», իր ելույթում նշեց Աբրահամյանը:

Ընդհանրապես գործարար կապերի առումով Ռուսաստանում լավ փորձ է կուտակվել, տարբեր երկրների հետ ստեղծվել են ձեռնարկատերերի ընկերակցություններ: «Առաջարկում եմ ստեղծել ռուս-հայկական գործարարների մշտական գործող ընկերակցություն, որն իր գործունեության արդյունքում կարող է վերածվել ներդրումային քաղաքականության մշակմամբ եւ իրագործմամբ զբաղվող կենտրոնի: Եվ այդ կառույցն իր աշխատանքային գործունեության ընթացքում առանձնահատուկ տեղ կհատկացնի գործարարների միջեւ երկխոսության կազմակերպմանը` երկու երկրների սոցիալ-տնտեսական զարգացման համար կարեւոր նշանակություն ունեցող խնդիրների շուրջը», ներկայացրեց Աբրահամյանը:

Ֆորումում ելույթ ունեցան նաեւ «Ռոստեխնոլոգիի» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Սերգեյ Չեմեզովը, Ֆինանսաարդյունաբերական խմբերի ասոցիացիայի նախագահ Օլեգ Սոսկովեցը եւ ուրիշներ: Հնչեցին ինչպես զուտ դիտարկումներ, այնպես էլ հայ-ռուսական գործարար համագործակցության կոնկրետ առաջարկություններ:

Հայ-ռուսական տնտեսական ֆորումը` նոր աշխատատեղերի բացման հնարավորություն

Հայ-ռուսական տնտեսական ֆորումի արդյունքներն ամփոփելով վարչապետ Սերժ Սարգսյանը նշեց, որ այդ հանդիպումը կարող է նպաստել Հայաստանում նոր ձեռնարկությունների եւ աշխատատեղերի բացմանը: «Համաժողովի ընթացքում բազմաթիվ առաջարկներ եղան եւ եթե դրանց գոնե կեսն իրագործվի, կնշանակիՙ մեր խնդիրը կատարված է», նշեց Սարգսյանը, ավելացնելով, որ Հայաստանի տնտեսությունում արդեն ներդրված են գրեթե բոլոր անհրաժեշտ ինստիտուտները` շուկայական հարաբերությունների արժեքների հիման վրա եւ համակարգային բարեփոխումներ կատարելու առաջադրանքները փոխարինվում են զարգացում ապահովելու առաջադրանքներով: Եվ արդեն առանձնացվում են հարցեր, որ վերաբերում են շուկայական հարաբերությունների մշակույթի բարձրացմանը, տնտեսության հիմնական եւ առաջատար ոլորտների վերակառուցմանը, հակամենաշնորհային քաղաքականությանը եւ այլն:

Իր հերթին ՌԴ տրանսպորտի նախարար Լեւիտինը նշեց, որ ֆորումի նախօրեին տեղի է ունեցել հանձնաժողովի համանախագահների հանդիպում` քննարկելու երկկողմ գործընկերության հարցեր: «Կարծում ենք, ֆորումը դառնալու է մեր բարիդրացիական հարաբերությունների զարգացման քայլերից մեկը», նշեց Իգոր Լեւիտինը:

Ֆորումի աշխատանքների ավարտինՙ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Ներսես Երիցյանի ու Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի համատեղ ասուլիսում նշվեց, որ տպավորիչ էր ռուսաստանյան ներկայացուցչությունը, եւ թերեւս կարելի էր ասել, որ երեկվա ֆորումում մի քանի միլիարդ կապիտալ էր նստած, որին պետք էր շահագրգռել ներդրումներ անել Հայաստանում: Արա Աբրահամյանը մանրամասնեց, որ ֆորումին մասնակցում էին ՌԴ 45 մարզերի հայ եւ ռուս գործարարներ եւ դա ոչ միայն Հայաստանում Ռուսաստանից, այլեւ հակառակ ուղղությամբ ներդրումներ անելու հնարավորությունների քննարկման նպատակով:

Նախարար Երիցյանն, ի պատասխան լրագրողների հարցերի, նշեց, որ Ռուսաստանում լուրջ տեխնոլոգիական փոփոխությունների գործընթացում զգալի է ծրագրային ապահովման անհրաժեշտությունը, ինչին կարող են մասնակից դառնալ այդ ոլորտի հայաստանյան մասնագետներն ու ընկերությունները: Ֆորումի ընթացքում արված առաջարկներից մեկի` Հայաստանում ռուսաստանյան մեքենաներ հավաքելու կապակցությամբ նախարարը նշեց, որ նման առաջարկը հնարավորինս արագ պետք է դարձնել իրականություն:

Ինչ վերաբերում է Սոչիում հայկական մասնակցությանը, ապա հայաստանյան շինարարական նյութերը պահանջարկ ունեն Ռուսաստանում, եւ ըստ Արա Աբրահամյանի, կան նաեւ պայմաններ դրանց տեղափոխման համար: Բացի այդ, Սոչիում ուղղակի հնարավոր է հայկական կապիտալի ներդրում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4