«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#9, 2008-01-18 | #10, 2008-01-19 | #11, 2008-01-22


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃԸՙ 13,8 ՏՈԿՈՍ

Առաջատարը ծառայությունների եւ շինարարության ճյուղերն են

Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության նախնական ցուցանիշների համաձայն, 2007-ին եւս Հայաստանը արձանագրել է տնտեսական բարձր աճՙ 13,8 տոկոս: Անցյալ տարի համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) գերազանցեց 3 տրիլիոն դրամը եւ կազմեց 3 տրիլիոն 140 մլրդ դրամ: Առավել բարձր աճ արձանագրած ոլորտներն են եղել ծառայություններըՙ 21 տոկոս, եւ շինարարությունըՙ 19,5 տոկոս:

Արդյունաբերության արտադրանքի աճը հետ է մնում շինարարության եւ ծառայությունների ոլորտներից: Այն այստեղ կազմել է 2,6 տոկոս: Առանց էլեկտրաէներգիայի արտադրության արդյունաբերության արտադրանքի աճը 1,7 տոկոս է, իսկ առանց ադամանդի արտադրությանՙ 8,8 տոկոս: Արդյունաբերական արտադրանքի վերոնշյալ ցուցանիշները կայուն պահպանվել են ամբողջ տարվա ընթացքում: Գյուղատնտեսության արտադրանքի ծավալն աճել է 9,6 տոկոսով, մանրածախ առեւտրի շրջանառությունըՙ 9,4 տոկոսով:

Արտաքին առեւտրի ծավալներն ավելացել են 41,7 տոկոսով եւ կազմել ուղիղ 4,5 մլրդ դոլար: Արտահանումը Հայաստանից կազմել 1 մլրդ 218 մլն դոլար: Դա 23,7 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ցուցանիշը: Ներմուծումը կազմել է 3 մլրդ 281 մլն դոլար կամ 49,7 տոկոսով ավելի 2006 -ի համեմատ: Արտաքին առեւտրում բացասական հաշվեկշիռը խորացել է եւ կազմել ավելի քան 2 մլրդ դոլար: Առանց ադամանդի արտահանումն ավելացել է 38,7 տոկոսով, ներմուծումըՙ 58,4 տոկոսով: Այս դեպքում գումարային առումով արտահանումը կազմել է 1 մլրդ 52 մլն դոլար, ներմուծումըՙ 3 մլրդ 118 մլն դոլար:

Միջին ամսական աշխատավարձը 2007-ին կազմել է մոտ 77 հազար դրամ, նախորդ տարվա համեմատ ավելանալով 20,4 տոկոսով: Բյուջետային ոլորտում միջին աշխատավարձը եղել է մոտ 54 հազար դրամ, մասնավոր հատվածումՙ մոտ 96 հազար դրամ:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4