«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#10, 2008-01-19 | #11, 2008-01-22 | #12, 2008-01-23


«ՄԵՆՔ ԱՊՐԵԼՈՒ ԵՆՔ ԱՎԵԼԻ ԼԱՎ ԵՐԿՐՈՒՄ»

Հունվարի 22-ին նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը իր քարոզարշավը սկսեց Վայոց Ձորի մարզից: Մարզի սահմանին մարզպետ Վարդգես Մաթեւոսյանի գլխավորած պատվիրակությունը դիմավորեց վարչապետին եւ ուղեկցեց Եղեգնաձոր, որտեղ արդեն նրանց էին սպասում 3000-ից ավելի ընտրողներ, մինչ այդ քաղաքի հրապարակում բացօթյա համերգներով ելույթներ էին ունենում հայ էստրադայի ճանաչված արտիստներ Էմմա Պետրոսյանը, Արամոն, Սիլվա Հակոբյանը, Ֆորշը եւ ուրիշներ:

Ելույթ ունենալով հավաքվածների առաջ, Սերժ Սարգսյանը հայտարարեց. «Պատահական չէ, որ ես իմ քարոզարշավը Վայոց ձորից եմ սկսում, ու դրա համար ուզում եմ բոլորին հասկացնել, որ Հայաստանում չկան մեծ ու փոքր մարզեր, մեծ ու փոքր քաղաքներ, ինձ համար կան պրոբլեմներ, դրանք պետք է տեսնել եւ լուծել: Ես կարող եմ այստեղ թվարկել, թե վերջին տարիներին ինչ աշխատանքներ ենք կատարել Վայոց ձորում, բայց ես դրա համար չեմ եկել: Եկել եմ ասելու, որ մեր կյանքը գնալով լավանալու է եւ երեք-չորս տարի հետո ապրելու ենք այլ Հայաստանում»:

Եղեգնաձորից հետո Սերժ Սարգսյանը ընտրարշավը շարունակեց Մալիշկա գյուղում, որտեղ նրան ավանդական աղ ու հացով դիմավորեցին ԱԺ պատգամավորներ Գագիկ ու Սերգեյ Աբրահամյանները ու 5.600 բնակչություն ունեցող համայնքը: Չնայած 16 աստիճան ցրտին, Մալիշկայի բնակիչները բարձր տրամադրությամբ եւ ոգեւորությամբ դիմավորեցին վարչապետին:

Այնուհետեւ Սերժ Սարգսյանը ուղեւորվեց Վայք, որտեղ հրապարակում ընթացող համերգի ընդմիջմանը դիմեց վայքեցիներին. «Բոլորիդ օգնության, բոլորիդ աջակցության կարիքն ունեմ, այս ընթացքում գալու են շատ մարդիկ, պրոպագանդիստներ, թեկնածուներ, նրանց վստահված անձինք եւ գալու են սարեր են խոստանալու: Բնականաբար պետության, իշխանությունների համար շատ ավելի բարդ է, շատ ավելի պատասխանատու է հանդիպումը, որովհետեւ ձեր ակնկալիքները շատ ավելին են ու դուք պահանջելու իրավունք ունեք: Որովհետեւ լավ ապրել եք ուզում: Վստահ եմ, որ բոլորդ ուզում եք, որ մեր կյանքը արագ փոխվի, ավելանան թոշակները, աշխատավարձերն ու լավ ապրենք, հավատացեք, իմ ցանկությունն էլ է դա»:

Վայքի ընտրողների հետ հանդիպումից հետո Սերժ Սարգսյանը մեկնեց Ջերմուկ, որտեղ տեղի ունեցավ «Ջերմուկ գրուպ» ընկերության նոր մասնաշենքի բացումը: Այնուհետեւ Ջերմուկ քաղաքի կենտրոնում, որտեղ մի քանի հազար մարդ էր հավաքված, ընտրողների հետ հանդիպեց Սերժ Սարգսյանը:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ, Վայոց ձոր


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4