«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#10, 2008-01-19 | #11, 2008-01-22 | #12, 2008-01-23


ԿԵՂԾԻՔԸ` ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ՀՆԱՐՔ

Կամ անհավանական արկածներ Ռուսաստանում

Լեւոն Տեր-Պետրոսյանի քարոզչական մեքենան, ինչպես եւ կանխատեսվում էր, սկսել է լուրջ սայթաքումներ թույլ տալ: Նրա սենսացիոն վերադարձով պայմանավորված հասարակական որոշակի ուշադրությունը երկար ժամանակ պահպանել չհաջողվեց: Այդպես էլ պետք է լիներ: Իրականում նրա պերճախոսությունը բավարար ռեսուրս չէր նախագահական ընտրարշավի ընթացքում ընտրողների ուշադրությունը պահելու եւ ավելացնելու համար: Իսկ նրա կողմնակիցները` քաղաքական անհաջողակներ Ստեփան Դեմիրճյանը, Արամ Զ. Սարգսյանը եւ այլք իշխանությունների դեմ պայքարում բավարար քարոզչական ռեսուրս չէին կարող լինել:

Ուստի Տեր-Պետրոսյանի «պիարշիկները» սկսել են գործողության մեջ դնել վիրտուալ եւ իրականությանը ի սկզբանե չհամապատասխանող քաղաքական հնարքներ, որոնցից ուշադրության արժանի է Ռուսաստանի «լյուբիմչիկի» կերպարը:

Եվ այսպես, հունվարի 17-ին ռուսական «Իզվեստիա» թերթում Լեւոն Տեր-Պետրոսյանը հարցազրույց է տպագրել, որի ամբողջ բովանդակությունը նրա նախորդ միտինգային ելույթների գրեթե բառացիորեն կրկնությունն էր, ի դեպ, ակնհայտորեն նախապես պատրաստած հարցերով: ՀՀՇ-ական մամուլը հաջորդ իսկ օրվանից փորձեց ներկայացնել այդ` Ռուսաստանի համար շարքային նյութը որպես Մոսկվայի անթաքույց աջակցություն իրենց թեկնածուին: Ավելին, տեղեկություններ հաղորդվեցին, թե իբր այդ նյութը տեղադրվել է նաեւ kreml.org հանրահայտ կայքում: Սակայն իրականությանը չհամապատասխանող այս լրակույտը շատ շուտ ի չիք դարձավ:

Նախՙ նույն օրն իսկ, երկու ժամ անց, izvestia.ru կայքից անհետացավ այդ հարցազրույցը: Իսկ kreml.org կայքում այն այդպես էլ չհայտնվեց: Ակնհայտ է, որ Կրեմլում, գուցե ռուսական դեսպանատան միջոցով, շատ շուտ տեղեկացան հարցազրույցից քաղաքական շոու սարքելու ՀՀՇ-ական ջանքերի մասին: Մոսկվան թույլ չտվեց, որպեսզի իրականությանը չհամապատասխանող քաղաքական մեկնաբանություններ տարածվեն իր անունից: Այնուհետեւ ռուսական «Ռեգնում» գործակալությունը ինֆորմացիա հաղորդեց, որ առաջին նախագահից հարցազրույց վերցրած լրագրողը կեղծանունով է հանդես եկել:

Իսկ ՀՀՇ-ական «պիարշիկներին» պետք է հիշեցնել երկու բան. նախՙ տեղեկատվական այս դարում շատ հեշտ է բացահայտել կեղծիքները: Եվ երկրորդՙ PR անել կարելի է, բայց չափը ճանաչելու մասին նույնպես պետք չէ մոռանալ:

Ս. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4