Մտավորական, կրթական ասպարեզի ակնառու գործիչ, Թեքեյան մշակութային միության «Հայկաշեն Ուզունյան» գրական մրցանակին արժանացած, Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա. Կաթողիկոսի կողմից «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով պարգեւատրված Ժիրայր Դանիելյանի անունը ծանոթ է թե՛ սփյուռքին, թե՛ հայրենիքին:
1973 թվականից նա պարբերաբար Հայաստան է գալիս: Էջմիածին, Մատենադարան, արվեստի եւ գիտության երեւելի օջախներ Երեւանում, Գյումրիում Վանաձորում...
Ա՛յս է նրա հոգու եւ մտքի հետաքրքրությունների սրբազան արահետը: Ա՛յն, որ Էջմիածնից Մատենադարան եւ Մատենադարանից Էջմիածինՙ քար առ քար կապում է հայրենի ոգու տաճարի կամարը: Եվ անդրադարձվում է նրա խմբագրած «Կամար» պարբերականում:
Ժիրայր Դանիելյանի բազմանուն աշխատությունների, ուսումնասիրությունների, հոդվածների եւ գրքերի շարքում, իրենց ուրույն տեղն ունեն կարեւոր երկու հատորներ. «Բանասիրական որոնումներ» եւ «Գրական որոնումներ»: Թեպետ մի քանի տարի է բաժանում երկուսի ծնունդը, սակայն, ըստ էության, մեկը մյուսի բնական եւ տրամաբանական շարունակությունն է: Եվ երկուսը միատեղՙ հայ մամուլի (սփյուռք եւ Հայաստան) եւ գրականության հարուստ շտեմարանների յուրովի արձանագրությունների ամբողջություն են: Եվ ընդգրկվում են նշյալ երկու ասպարեզներիՙ տասնամյակների փաստավավերագրական, ժամանակագրական իրադարձություններ եւ դրանց մեկնաբանումներ:
Դեռեւս «Բանասիրական որոնումներ» ծավալուն հատորին ընծայված իր հիշարժան խոսքում, որ կրում է «Բանասիրական որոնումների հրճվանքն ու տառապանքը» խորագիրը, ակադեմիկոս Լեւոն Հախվերդյանը գրել է. «Գրավիչ եւ գնահատելի կողմեր շատ կան: Ամենից առաջՙ հեղինակի լայն մտահորիզոնը, ժամանակի մեծ ընդգրկումը: Լայն ընդհանրացմամբ, այս գիրքն ամբողջության մեջ այլ բան չէ, քան հայ (ոչ թե արեւմտահայ կամ արեւելահայ) գրի, գրականության ու լրագրության պատմությունը, գրված ոչ թե սովորականի պես, այլ հանուն նորահայտ փաստերի հայտնաբերման, բանասիրական ճշտումների եւ նորովի մեկնությունների»:
Եվ ահա Նոր տարվա նախաշեմին, ընթերցողի սեղանին դրվեց Ժիրայր Դանիելյանի այս անգամՙ «Գրական որոնումներ» հատորը: Բանասեր, հրատարակիչ Վաչե Ղազարյանը ներածության մեջ շեշտում է. «Ժիրայր Դանիէլեանինՙ բանասէրին ու մտաւորականին յատկանշող գիծերն այս հատորին մէջ ընթերցողին կը յայտնուին իրենց յստակութեամբ, ուրուագծելով պատկերը բծախնդիր, մեղուաջան, լայնահորիզոն եւ լուրջ «հետախոյզի», որ համակ գուրգուրանք է հայ մշակոյթի նկատմամբ»:
Ինչպես ժամանակին Լեւոն Հախվերդյանը, Վաչե Ղազարյանը նույնպես մեծ կարեւորություն է տալիս գրքի հեղինակիՙ Հայրենիք-սփյուռք նետած կամուրջին, որ կամրափակի իր մեջ «մեկ ազգ» հասկացությունը:
«Որոնումներ», «Գրական ընդմիջում», «Գրքերի մտերմության մեջ», «Հայ տպագրության եւ մամուլի առնչություններ» եւ դեռ այլ խորագրեր կրող բաժիններում Ժիրայր Դանիելյանը շատ դեպքերում յուրակերպորեն է անդրադառնում-մեկնաբանում թե՛ սփյուռքի, թե՛ հայրենիքի գրական մարզի երեւելի անուններին առնչվող այլ եւ այլ իրադարձություններ: Նորովի լույսով է ներկայացնում արդեն իսկ ծանոթ թվացող կենսագրական եւ ստեղծագործական փաստեր, եղելություններ: Երվանդ Օտյան, Մուշեղ Իշխան, Արշակ Չոպանյան, Վազգեն Շուշանյան, Արմեն Դարյան, Անդրանիկ Ծառուկյան, Գառնիկ Ադդարյան... Ինչպես նաեւՙ Րաֆֆի, Եղիշե Չարենց, Հովհաննես Շիրազ, Սիլվա Կապուտիկյան, Պարույր Սեւակ, Վարդգես Պետրոսյան, Խաչիկ Դաշտենց եւ այլք: Ժամանակի մեջ չխամրող այս անունները շունչ են առնում հեղինակի հոգեմտային հարուստ ներաշխարհի որոնումների դաշտում:
Աներկբայորեն, նման բազմաշերտ եւ երփնագիր ուսումնասիրությունը կարող է հատուկ եւ բազմաէջ գրախոսականի նյութ դառնալ: Երբեք ուշ չէ եւ առիթնՙ ավելի քան արժանի:
ԹԱՄԱՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Բեյրութ