«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#10, 2008-01-19 | #11, 2008-01-22 | #12, 2008-01-23


ՀՕՖ-Ի ԴՐԱՄԱՇՆՈՐՀԸ ՇՆՈՐՀՎԵՑ 21 ԳԻՏԱԿԱՆ ԽՄԲԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ

Հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ Արեւելյան թեմի Հայ օգնության ֆոնդը (ՀՕՖ) ստեղծման օրվանից իր իրականացրած մարդասիրական ծրագրերով նպաստել է մեր պետության կայացմանը, ինչպես նաեւ կյանքի ամենատարբեր ոլորտների առաջխաղացմանը:

ՀՕՖ-ը իր գործունեության գերակա ուղղություններ հռչակեց կրթությունն ու գիտությունը:

Երեկ ՀՕՖ-ի երեւանյան գրասենյակում գիտական թեմաներով անցկացված մրցույթի 21 հաղթողների շնորհվեց դրամական պարգեւ: Մեր գիտության ոլորտում ՀՕՖ-ն արդեն ներդրել է շուրջ 920000 ԱՄՆ դոլար: Հաղթողները ներկայացնում էին ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտը, Բյուրականի աստղադիտարանը, Երեւանի պետհամալսարանը, Պոլիտեխնիկական ինստիտուտը եւ այլն:

«Մեր նպատակն է կանխել ուղեղների արտահոսքը մեր երկրից եւ քիչ թե շատ նպաստավոր պայմաններ ստեղծել գիտական գործունեության համար: Անցած 8 տարիների ընթացքում 183 գիտական թեմաներ են ֆինանսավորվել, իսկ դրանց մասնակից գիտնականների թիվն արդեն անցնում է 800-ից», ասում է ՀՕՖ-ի Հայաստանի մասնաճյուղի տնօրեն Բագրատ Սարգսյանը:

ՀՕՖ-ի գիտական այս մրցույթի առանձնահատկությունն այն է, որ դիմել կարող են գիտության բոլոր ճյուղերի ներկայացուցիչները: Մեկ տարվա գիտահետազոտական աշխատանքների համար ստանում են 5000 ԱՄՆ դոլար դրամաշնորհ:

Սակայն նկատելի է, որ հումանիտար ոլորտի գիտական ներկայացուցիչների դիմումների քանակն ավելի քիչ է: Եվ այս տարի, ըստ մասնագիտությունների հաղթողների, պատկերը հետեւյալն է. 13-ըՙ ֆիզիկայի, 3-ըՙ կենսաբանության, 2-ըՙ քիմիայի բնագավառից են: Հաղթել են նաեւ բժշկության, աստղագիտության եւ հումանիտար ոլորտի մեկական մասնագետներ: Իսկ թե ինչո՞ւ են նվազում հումանիտար հոսքի դիմումներն ու հաղթողները, ՀՕՖ-ի ծրագրի ղեկավար Լեւոն Լաճիկյանն ասաց. «Ես որպես հումանիտար ոլորտի ներկայացուցիչ, կասեմ հետեւյալը. ինքներս էմոցիոնալ ենք մոտենում այս հարցին: Մի տարի դիմում ենք, տեսնում ենք չի ստացվում, էլ չենք դիմում: Թերթերում էլ հայտարարություններ են տրվում, բայց գիտնականները չեն կարդում: Սակայն Սամվել Կարապետյանը, որ հումանիտար ոլորտի ներկայացուցիչ է, 4 անգամ շահել է»:

Բաղդասարյան Հովիկը, որ մրցույթի հաղթող է ճանաչվել Հայաստանի պետական Ճարտարագիտական համալսարանից, նշեց. «Երկրորդ անգամ եմ ստանում այս դրամաշնորհը, իսկ մեր լաբորատորիան 4 անգամ է ստանում մրցանակ»:

Ութ տարի առաջ Նյու Յորքում ՀՕՖ-ի հովանու ներքո ստեղծված Գիտության եւ կրթության հայկական ազգային հիմնադրամը (ԳԿՀԱՀ կամ ANSEF) իր առջեւ հատուկ նպատակ դրեց կասեցնելու մտավոր ներուժի արտահոսքը Հայաստանից` գործուն աջակցություն ցուցաբերելով թե՛ գիտության բնագավառում առաջին լուրջ քայլերն անող երիտասարդներին, թե՛ վաստակավոր ու փորձառու գիտական այրերին:

ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4