Մեկօրյա հանգստից հետո Վեյք ան Զեեում վերսկսվեց շախմատային մրցավեճը: 9-րդ տուրում Լեւոն Արոնյանը սպիտակներով մրցում էր ուկրաինացի գրոսմայստեր Պավել Էլյանովի հետ, որ 2,5 միավորով Գելֆանդի հետ եզրափակում էր մրցաշարային աղյուսակը: Հայ շախմատիստին չհաջողվեց հաղթել մրցակցին: Գրանցվեց ոչ-ոքի: Արոնյանը 9 հնարավորից վաստակեց 5,5 միավոր: Այսօր կայանալիք 10-րդ տուրում Լեւոնը սեւերով կմրցի Մայքլ Ադամսի հետ:
Տուրը հարուստ էր ոչ-ոքիներով: Խաղաղ դաշն կնքեցին նաեւ Իվանչուկն ու Մամեդյարովը, Պոլգարն ու Ռաջաբովը, Գելֆանդն ու Անանդը: Իհարկե, առավել մեծ հետաքրքրություն էին ներկայացնում Վլադիմիր Կրամնիկի եւ աղյուսակը գլխավորող Մագնուս Կառլսենի մասնակցությամբ հանդիպումները: Ճակատագրի բերումով, մինչ այդ մրցաշարում անպարտելի Կրամնիկն ու Կառլսենն անհաջողության մատնվեցինՙ անդրանիկ պարտությունները կրելով համապատասխանաբար Վեսելին Թոփալովից ու Պետեր Լեկոյից: Դա հնարավորություն տվեց Լեւոն Արոնյանին 5,5 միավորով Մագնուս Կառլսենի հետ գլխավորել մրցաշարային աղյուսակը: 5-ական միավորով առաջատարներին հետապնդողների թվում են Կրամնիկը, Ռաջաբովը, Անանդն ու Ադամսը: Վերջինս առավելության հասավ վան Վելիի նկատմամբ: 4,5-ական միավորով հաջորդ տեղերում են Մամեդյարովը, Իվանչուկը, Թոփալովն ու Լեկոն:
«B» մրցաշարի միանձնյա առաջատարի իր դիրքը պահպանեց Սերգեյ Մովսիսյանը, որը 9-րդ տուրում խաղաղ դաշն կնքեց անգլիացի գրոսմայստեր Նայջլ Շորթի հետ: Մովսիսյանը վաստակեց 6,5 միավոր: Այսօր կայանալիք 10-րդ տուրում հայ շախմատիստը սպիտակներով կմրցի Յան Սմիթսի հետ:
Ոչ մի կերպ չի հաջողվում խաղը կարգավորել Գաբրիել Սարգսյանին: Նա դեռեւս հաղթանակ չունի: Այս անգամ էլ Գաբրիելին չհաջողվեց իր հաշվին անդրանիկ հաղթանակը գրանցելՙ Էթիեն Բաքրոյի հետ պարտիայում բավարարվելով ոչ-ոքի արդյունքով: Սարգսյանը 3 միավորով նախավերջին տեղում է: Իսկ Բաքրոն 6 միավորով ընթանում է 2-րդ տեղում:
5,5 միավոր ունի Շորթը: Չեպարինովը հաղթեց Կրասենկովին, Նեպոմնյաշչին պարտության մատնեց Սթելվագենին: Ոչ-ոքի ավարտվեց Կոներու-Հարիկրիշնա պարտիան:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ