Ինչպես տեղեկացրել ենք, 2007-ի Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ Լեւոն Փաչաջյանով հետաքրքրվում էր շվեդական ԳԱԻՍ-ը: Բանակցությունները հաջող են ընթացել եւ հայ ֆուտբոլիստը քառամյա պայմանագիր է կնքել Շվեդիայի բարձրագույն խմբում հանդես եկող ակումբի հետ: Ընդհանրապես տրանսֆերային շուկայում այս տարվա սկիզբը բավական խոստումնալից է հայ ֆուտբոլիստների համար: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Բելառուսի «Վիտեբսկի» հետ պայմանագիր են կնքել Արթուր Ոսկանյանն ու Ալեքսանդր Թադեւոսյանը, իսկ Աղվան Մկրտչյանը հանդես կգա այդ երկրի մեկ այլ թիմում` «Գոմելում»: Ռոբերտ Արզումանյանն էլ նոր մրցաշրջանը կդիմավորի դանիական «Ռանդերսի» կազմում: Բացառված չէ, որ հայ լեգեոնականների թիվն առաջիկայում աճի: Ղազախստանի «Կայսարում» փորձաշրջան անցնելուց հետո «Միկայի» դարպասապահ Ֆելիքս Հակոբյանը վերադարձել է թիմ, իսկ Արամ Հակոբյանն ու Վալերի Ալեքսանյանը մեկնել են Բելառուս:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ