«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#11, 2008-01-22 | #12, 2008-01-23 | #13, 2008-01-24


ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ԸՆԴՀԱՏԱԿՅԱ ՑԱՆՑԻ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄԸ ՆՈՐ ՍԿԱՆԴԱԼ Է ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ

Դրա անդամները մասնակից են բազմաթիվ սպանությունների, այդ թվումՙ հանգուցյալ Հրանտ Դինքի

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

Թուրքիայում, անկախ իրականացնողների կալանավորումից, ահաբեկչական գործողությունների եւ սպանությունների բուն կազմակերպիչները չեն բացահայտվում: Ահաբեկչական գործողությունների պարագայում խոսքն անցյալ տարվա կեսերին Անկարայում Պետական խորհրդիՙ բարձրագույն վարչական դատարանի վրա կատարված հարձակման մասին է, որի հետեւանքով դրա անդամներից մեկը մահացել էր, իսկ մյուսները վիրավորվել էին: Դրան էր հետեւել Ստամբուլում «Ջումհուրիեթ» թերթի խմբագրատան կրկնակի ռմբահարումը:

Ինչ վերաբերում է սպանվածներին, ապա տվյալ դեպքում մենք նկատի ունենք Տրապիզոնի կաթոլիկ եկեղեցու քահանա Սանտորոյին, «Ակօսի» գլխավոր խմբագիր Հրանտ Դինքին եւ Մալաթիայում «Զիրվե» հրատարակչության երեք աշխատակիցներին, որոնք քրիստոնյա միսիոներներ էին:

Ահաբեկչությունների եւ սպանությունների չբացահայտումը հիմք էր տալիս ենթադրելու, որ «խորքային պետությունն» իբրեւ գործիք օգտագործում է կազմակերպիչներին, ինչի շնորհիվ վերջիններս հետախուզական կառույցների հետ սերտաճելու հնարավորություն են ստանում, իսկ դա նրանց որոշակի անձեռնմխելիություն է ապահովում թուրքական պետության մեջ: Այլ կերպ, բուն կազմակերպիչներին հովանավորում են անմիջականորեն «խորքային պետության» վերահսկողության տակ գտնվող հետախուզական կառույցները:

Թերեւս այդ հովանավորությունն էր պատճառը, որ Աբդուլլահ Չաթլըի, Սեդաթ Փեքերի պես մարդասպաններն ունեին դիվանագիտական անձնագրեր, նաեւ անձեռնմխելիություն: Թեեւ Սուսուրլուքի աղմկահարույց սկանդալը մասնակի բացահայտել էր նրանց սերտաճումը պետական գաղտնի ծառայությունների հետ, սակայն Չաթլըի ընդհատակյա կազմակերպությունըՙ գործունեությամբ հանդերձ, առ այսօր առեղծված է մնում:

Թուրքիան ցնցելու առումով Սուսուրլուքին ամենեւին չզիջող մեկ այլ սկանդալ ծագել է հունվարի 22-ի լույս գիշերը, երբ թուրքական անվտանգության ուժերի ահաբեկչության դեմ պայքարի վարչությունը միաժամանակյա գործողություններ է իրականացրել Ստամբուլում, Ադանայում, Իզմիրում, Դյուզջեում, Բիլեջիքում, Մալաթիայում եւ Բուրսայումՙ ձերբակալելով ընդհատակյա հանցագործ ցանցի 33 անդամների:

Նրանց հարցաքննում են «պետական գաղտնի փաստաթղթեր ձեռք բերելու», «փաստաթղթերը հրապարակելու», ինչպես նաեւ «ահաբեկչական կազմակերպության մեջ ներգրավելու» մեղադրանքով: Սա ձերբակալվածների ինքնության եւ նրանց դեմ հարուցված մեղադրանքների, ինչպես նաեւ անվտանգության ուժերի միաժամանակյա գործողության առումներով Թուրքիայում հետախուզական կառույցների հետ սերտաճած ընդհատակյա ոճրագործ ցանցերի դեմ ձեռնարկված ամենահանգամանալի գործողությունն է: Դրան նախորդել են նախապատրաստական լուրջ աշխատանքներ:

Ի դեպ, լայնամասշտաբ այս գործողության հիմքը դրվել է դեռեւս 2007-ի հունիսի 12-ին Ստամբուլի Ումրանիե թաղի տներից մեկում մեծ թվով նռնակների եւ զինամթերքի այլ տեսակների հայտնաբերմամբ, որից հետո 21 ձերբակալվածներից 15-ը կալանվել էին «ահաբեկչական զինված կազմակերպություն ստեղծելու», «այս կազմակերպությանն անդամակցելու», «զինծառայողներին անհնազանդության հրահրելու», «պետության անվտանգությանն առնչվող տեղեկություններ ձեռք բերելու» մեղադրանքներով: Կալանվածների մեջ էին պաշտոնաթող կապիտան Մուզաֆեր Թեքինը, ենթասպա Օքթայ Յըլդըրըմը, ինչպես նաեւ գրող Էրգուն Փոյրազը:

Նախքան վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անմիջական կարգադրությամբ իրականացված այս լայնամասշտաբ գործողություններին դիմելը, թուրքական անվտանգության ուժերը 8 ամիս շարունակ հետեւել են ընդհատակյա ցանցի անդամներին: Այս գործողությունը Թուրքիայում կարեւոր է պետական գաղտնի կառույցների հետ հանցագործ ցանցի սերտաճը, ինչպես նաեւ «խորքային պետության» հանցավոր գործունեությունը բացահայտելու առումով: Թերեւս, բացահայտումը միայն կարող է սանձել նրանց, ովքեր Անկարայի կուլիսներից «խորքային պետությունը» կառավարելիս, դրան հակադրում են երկրի օրինական իշխանություններին:

Ավելի քան կարեւոր է ձերբակալվածների ինքնությունը, որովհետեւ նրանց մեջ են այնպիսի անուններ, որոնք անմիջականորեն հիշատակվում են ինչպես քահանա Սանտորոյի եւ Հրանտ Դինքի սպանությունների, այնպես էլ Բարձրագույն դատարանի վրա կատարված հարձակման ու «Ջումհուրիեթ» թերթի խմբագրության ռմբահարման առնչությամբ: Ավելին, ձերբակալվածներից ոմանք ուղղակի կապ ունեն Սուսուրլուքի սկանդալի հետ, մասնակից են չբացահայտված բազմաթիվ սպանությունների, ինչպես նաեւ ղեկավար դիրք ունեն Kuvayi Milliye-իՙ «Ազգային ուժեր» միության մեջ, որի կազմում ձեւավորված «Հատուկ բյուրոն» մոտոցիկլավորների 2 հազարանոց զինյալ խումբ եւ հետախուզական կառույցներ էր ստեղծումՙ պայքարելու համար երկրի բոլոր քաղաքներում քրդերի գլխավորությամբ թուրք ազգի թշնամիների հետ, եւ Հրանտ Դինքի սպանությունից հետո սպառնալից նամակներ ուղարկում պոլսահայ վարժարաններ:

«Ազգը» ժամանակին առանձին հոդվածներով անդրադարձել էր «Ազգային ուժեր» միությանն առընթեր գործող «Հատուկ բյուրոյի» գործունեությանը: Պարզապես ավելացնենք, որ միության անդամները նախագահի կարգադրությամբ «սպանություն կատարելու երդում էին տալիս», այն էլ «զենքի վրա»:

Ձերբակալվել են պաշտոնաթող գեներալ Վելի Քուչյուքը, որի սպառնալիքներից առավելագույնս անհանգստացել էր Հրանտ Դինքը, Օրհան Փամուքի եւ Էլիֆ Շաֆաքի դեմ 301-րդ հոդվածով դատական գործ հարուցելու համար միջնորդած «Մեծ իրավաբանների միության» նախագահ, փաստաբան Քեմալ Քերինչսիզը, «Ազգային ուժեր» միության նախագահ, պաշտոնաթող գնդապետ Մեհմեդ Ֆիքրի Կարադաղը (ի դեպ, դեռեւս 2007-ին կալանված կապիտան Թեքինն այդ միության փոխնախագահ է, իսկ ենթասպա Յըլդըրըմըՙ անդամ), Դինքի սպանության պատվիրատու Յասին Հայալի դատապաշտպան Ֆուադ Թուրգութը, ենթասպա Մոհամմեդ Յուջեն, «Աքշամ» թերթի լրագրողուհի Գյուլեր Քյոմուրջյուն, Դինքի թաղման եկեղեցական կարգը Պոլսո հայոց պատրիարքարանի մայր տաճարում կատարելու համար Մութաֆյան պատրիարքին հարձակումների թիրախ դարձրած «Թուրք ուղղափառ պատրիարքարանի» մամուլի խոսնակ, տկն Սեւգի Էրեներոլը, ինչպես նաեւ Անատոլի Մաջարը եւ ուրիշներ:

Ի դեպ, փաստաբան Քերինչսիզը Հրանտ Դինքին 301-րդ հոդվածով դատապարտման գլխավոր դերակատարներից է, իսկ Հայալի դատապաշտպան Թուրգութը դատական նիստի ժամանակ սպառնացել է հանգուցյալի այրի Ռաքել Դինքին եւ դուստրեր Սերային ու Դելային, ասելով. «Գնացե՛ք գրողի ծոցն առանց Հրանտի: Բոլորդ էլ արդեն հայ եք, ռադ եղեք Հայաստան»:

Երեկ թուրքական կենտրոնական թերթերն իրենց ուշադրությունը սեւեռել էին անվտանգության ուժերի ահաբեկչության դեմ պայքարի վարչության կատարած 33 ձերբակալությունների վրա: Ձերբակալվածների հարցաքննությունն ընթանում է խիստ գաղտնի: Դրա հետեւանքով դատախազությունն ընդհատակյա ցանցի բնույթին առնչվող տեղեկություններ խուսափում է հայտնել: Պարզապես «Ենի շաֆաքն» է նշում, որ ձերբակալվածներին իր հովանու տակ միավորել է «Ազգային ուժեր» միության ենթակա «Երգենեքոն» կազմակերպությունը:

Հարցը, սակայն, սոսկ միությանը կազմակերպության ենթակայությունը չէ, այլ 5 զինծառայողների հայտնվելը ձերբակալվածների մեջ: Թերեւս այս հանգամանքը, ինչպես նշում է CNN-Turk-ը, ստիպել է թուրք լրագրողներին դիմել պաշտոնական այցով Լոնդոնում գտնվող թուրքական զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յաշար Բույուքանըթին, իսկ նա ողջամտորեն անպատասխան է թողել ձերբակալված 5 զինծառայողի վերաբերյալ հարցերը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4