«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#11, 2008-01-22 | #12, 2008-01-23 | #13, 2008-01-24


ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՆՑ ԱԴԱՄԱՆԴԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ «ԲԱՎԱԿԱՆԻՆ» ԱՃԵԼ Է

Հավաստիացրեց առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարը

Անցած տնտեսական տարին ամփոփող մամուլի ասուլիսով երեկ հանդես եկավ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Ներսես Երիցյանը: Անդրադառնալով հիմնական մակրոտնտեսական ցուցանիշներին, նա նշեց, որ տնտեսական աճը տպավորիչ է եղել: Ինչ վերաբերում է արդյունաբերությանը, նախարարի հավաստմամբ, այստեղ եւս, եթե բացառենք ադամանդագործությունը, բավականին բարձրՙ 8,8 տոկոս աճ է արձանագրվել: Նա հատկապես առանձնացրեց մեքենասարքավորումների արտադրության աճըՙ մոտ 20 տոկոսով:

Տնտեսության զարգացման ծրագրերի մասին խոսելով, Ներսես Երիցյանը հայտնեց, որ մշակվել են բիզնես միջավայրի բարելավման, տնտեսական զարգացման ամբողջականացման եւ այլ ծրագրեր, որոնցում թվարկված են առաջնահերթություններըՙ հանքարդյունաբերություն, քիմիական արդյունաբերություն, զբոսաշրջություն եւ տեղեկատվական տեխնոլոգիաներ: Մշակվել են տեղեկատվական տեխնոլոգիաների գերակայությունը ապահովելուն կոչված եւ զբոսաշրջության զարգացման հայեցակարգերը: Ադամանդագործության ոլորտում անկումից դուրս գալու որոշակի հույսեր են կապվում ռուսական «Ալռոսայի» հետ համագործակցության առնչությամբ, բայց նախարարի գնահատմամբ, այստեղ անցում պետք է կատարվի դեպի ոսկերչություն:

Պատասխանելով լրագրողների հարցերից մեկին, Ներսես Երիցյանն այն կարծիքը հայտնեց, որ ԱՄՆ տնտեսական անկման պարագայում Հայաստանից արտահանվող հումքային ապրանքների, տվյալ դեպքումՙ պղնձի միջազգային գները մեծ փոփոխություններ չեն կրի: Հանքարդյունաբերությանն առնչվող «Ազգի» հարցն այն էր, որ կառավարության կողմից առաջնահերթություն համարվող այս ոլորտի զարգացումն արդյոք չի՞ գնում էքստենսիվ ճանապարհով, երբ արդյունահանվող հանքանյութն է արտահանվում, եւ խնդիր դրված չէ՞ մետաղաձուլարանների ստեղծման եւ մետաղից պատրաստի արտադրանքի ստացման նպատակով: Պատասխանելով հարցին, առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարն ասաց, որ «ամեն ինչ մեկ օրում չի ստեղծվում» (թեեւ շուրջ 9-10 տարի է, ինչ այս ոլորտը սկսել է գործել-Ա. Մ.): Այնուհետեւ Ներսես Երիցյանը հայտնեց, որ այս ոլորտում կան խոշոր ներդնողներ, որոնք ծրագրեր ունեն հանքանյութի պարզ մշակումից անցնելու դրա մաքուր ստացմանը: Միաժամանակ, հանքարդյունաբերության եւ քիմիայի փոխգործակցության տարբերակներ են քննարկվում: Մի խոսքով, նախարարը խոստացավ 6-7 ամսից այս խնդիրների վերաբերյալ ավելի հստակ մանրամասներ հաղորդել:

Նախընտրական ծրագրերի մասին տրված հարցին պատասխանելով, Ներսես Երիցյանը մտահոգություն հայտնեց, որ այնպիսի խոստումները, ինչպիսիք են կրկնապատկել կամ քառապատկել բյուջեն եւ աշխատավարձերը, կարող են բերել բարձր գնաճի, ինչպես նաեւ որոշակի սպասումների, որոնք չիրականանալու դեպքում հիասթափության պատճառ կդառնան: Միաժամանակ նախարարը նշեց, որ նախընտրական ծրագրերում ինքը գործողություններ չի տեսնում, բայց ավելացրեց, որ «երեւի նախընտրական ծրագրերն այդպիսին էլ պետք է լինեն»:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4