Վեյք Ան Զեեի շախմատի մրցաշարը մոտենում է ավարտին: Վերջնագծի մատույցներում պայքարը զգալիորեն սրվել է, շախմատիստներն էլ արդեն որոշակիորեն հոգնել են: Գուցե հենց դրանով էլ պետք է բացատրել կարճատեւ պայքարից հետո գրանցված ոչ-ոքիները: 10-րդ տուրում նման կերպ վարվեցին Լեւոն Արոնյանն ու անգլիացի Մայքլ Ադամսը: Արդեն 21-րդ քայլում նրանք հաշտություն կնքեցին: Ավելի կարճ տեւեց Վիշվանաթան Անանդի եւ Պետեր Լեկոյի մրցավեճը, որում ոչ-ոքի գրանցվեց 19-րդ քայլում: Որոշ ժամանակ անց միավորը բաժանեցին նաեւ Շահրիյար Մամեդյարովն ու Հուդիթ Պոլգարըՙ կատարելով 28 քայլ: 42 քայլ պահանջվեց, որպեսզի հաշտություն կնքեն Ռաջաբովն ու Թոփալովը: Միավորը բաժանեցին նաեւ Կրամնիկն ու Գելֆանդը: Իվանչուկը հաղթեց Էլյանովին:
Իսկ ահա մրցաշարի ամենակրտսեր մասնակից, 16-ամյա նորվեգացի գրոսմայստեր Մագնուս Կառլսենը սեւերով կարողացավ պարտության մատնել հոլանդացի Լյուկ վան Վելիին: Վերջինս 49-րդ քայլում ստիպված էր կանգնեցնել ժամացույցը, այլապես հաջորդ քայլին կկորցներ թագուհին: Այս հաղթանակի շնորհիվ Կառլսենը վաստակեց 6,5 միավոր եւ կրկին միանձնյա գլխավորեց աղյուսակը: 6 միավորով 2-րդ տեղում է ընթանում Լեւոն Արոնյանը: Վաղը կայանալիք 11-րդ տուրում Արոնյանը սպիտակներով հանդիպելու է 4 միավոր ունեցող Լյուկ վան Վելիի հետ: 5,5-ական միավորով հաջորդ տեղերում են Կրամնիկը, Իվանչուկը, Ռաջաբովը, Ադամսն ու Անանդը:
«B» խմբի մրցաշարի միանձնյա առաջատար Սերգեյ Մովսիսյանը 10-րդ տուրում ամրապնդեց դիրքերըՙ հաղթելով Յան Սմիթսին: Այդ հաղթանակից հետո հայ շախմատիստի օգտին 7,5 միավոր գրանցվեց: Առաջատարին մեկ միավորով զիջում են Նայջլ Շորթը, որը սպիտակներով հաղթեց Միխալ Կրասենկովին, եւ Էթիեն Բաքրոնՙ ոչ-ոքի խաղալով Չեպարինովի հետ: 6 միավոր է վաստակել Յան Նեպոմնյաշչինՙ պարտության մատնելով Սպելմանին: Գաբրիել Սարգսյանը մրցում էր հնդիկ շախմատիստ Պենտալա Հարիկրիշնայի հետ: Գաբրիելը վերջնախաղում մեկ զինվորի առավելություն ուներ եւ փորձում էր հաղթանակի հասնել: Սակայն դա նրան չհաջողվեց: Սարգսյանը 10 հնարավորից վաստակել է 3.5 միավոր:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ