Այս կարծիքին է AEPLAC-ի հայաստանյան տնօրենը
Տնտեսական համագործակցության եւ իրավական խորհրդատվության հայ-եվրոպական կենտրոնի (AEPLAC) հայաստանյան տնօրեն, տնտեսագետ Տիգրան Ջրբաշյանի կարծիքով, ԱՄՆ տնտեսական անկումը, եթե տեղի ունենա, որոշակի սցենարներով կարող է ազդեցություն ունենալ Հայաստանի տնտեսության վրա: Լրագրողների հետ երեկ Մամուլի ազգային ակումբում տեղի ունեցած հանդիպման ժամանակ սակայն նա այն կարծիքը հայտնեց, որ Հայաստանի անշարժ գույքի շուկայի վրա դա չի կարող էական ազդեցություն ունենալ, քանի որ իր ծավալներով եւ ինտեգրացման մակարդակով այն դեռ լրջորեն ներգրավված չէ համաշխարհային հիպոթեկային շուկայում: Սակայն այլ ոլորտներում ազդեցություններ հնարավոր են:
Մասնավորապես, Տիգրան Ջրբաշյանի կարծիքով, առաջին սցենարը Հայաստան մտնող մասնավոր տրանսֆերտների ծավալների փոփոխություններն են, որոնք հիմնականում գալիս են Ռուսաստանից եւ ԱՄՆ-ից: Ճգնաժամի հետեւանքով նավթի գների անկման դեպքում կտուժի Ռուսաստանի տնտեսությունը: Այդ դեպքում հնարավոր է այդ երկրից Հայաստան փոխանցումների նվազում: Նույնը կարող է տեղի ունենալ, եթե ճգնաժամն ընդգրկի Ռուսաստանի ֆինանսական շուկան: Սակայն Տիգրան Ջրբաշյանն այն տեսակետին է, որ, այդուհանդերձ, տրանսֆերտների ծավալների կտրուկ նվազում չի լինի:
Եթե անկումը երկար տեւի, ապա հնարավոր է մետաղների միջազգային գների նվազում, որը կազդի Հայաստանից արտահանման վրա: Սակայն, տնտեսագետի կարծիքով, Հայաստանի տնտեսությանը աղետային անկումներ չեն սպասում: Մեր երկրի տնտեսական աճը կշարունակվի, պարզապես կարող է դանդաղել:
Ինչ վերաբերում է աշխարհում ներկայումս տրվող գլխավոր հարցինՙ ԱՄՆ տնտեսությունը առաջիկայում անկում կունենա, թե՞ ոչ, ապա Տիգրան Ջրբաշյանի խոսքերով, այժմ այդ երեւույթի նախաշեմին ենք: Նա նշեց, որ մի քանի օր առաջ ԱՄՆ ֆեդռեզերվի տնօրենների խորհուրդն արտահերթ նիստ է գումարել իր քայլերը որոշելու համար: AEPLAC-ի հայաստանյան տնօրենը մատնանշեց այն փաստը, որ դա արդեն իսկ արտակարգ իրադարձություն է, քանի որ նախորդ արտահերթ նիստը տնօրենների խորհուրդը գումարել էր 2001-ի սեպտեմբերի 12-ին: Ֆեդռեզերվը որոշել է աննախադեպ իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքներըՙ 4,25 տոկոսից մինչեւ 3,5 տոկոսի: Սակայն մինչեւ վերջերս բարձրացնում էր վերաֆինանսավորման տոկոսադրույքները, որովհետեւ գնաճի վտանգը կար: Մի խոսքով, եթե տնտեսական աճի դանդաղում լինի, ապա «անկման ուրվականն» արդեն ի հայտ կգա: Ըստ Տիգրան Ջրբաշյանի, սպասվում է տնօրենների խորհրդի եւս մեկ նիստ, որտեղ գուցե որոշվի էլի իջեցնել տոկոսադրույքները:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ