Դանիացի 62-ամյա մասնագետ Յան Բորգե Պոուլսենը նշանակվել է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ ու տեխնիկական տնօրեն: Նա ֆեդերացիայի հետ պայմանագիր է կնքել մինչեւ 2010-ի մայիսը: Երեկ ֆուտբոլի ֆեդերացիայում կայացած ասուլիսում նորանշանակ մարզիչը ներկայացվեց լրագրողներին:
«Շնորհակալ եմ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահից, որ հնարավորություն ստեղծեց աշխատելու Հայաստանում: Տխուր եմ, որ փոխարինելու եմ վաղամեռիկ Իան Պորտերֆիլդին, որը շատ մեծ գործ է արել Հայաստանի ֆուտբոլի համար: Հուսով եմ, որ կշարունակեմ նրա անավարտ թողած գործը եւ կաշխատեմ բարձրացնել հայկական ֆուտբոլի մակարդակը: Ֆուտբոլը թիմային աշխատանք է եւ միայն համատեղ ջանքերով` ինչպես խաղադաշտում, այնպես էլ դրանից դուրս, կարող ենք հաջողության հասնել: Հուսով եմ, որ միասին կհամագործակցենք», լրագրողներին ուղղված իր առաջին խոսքում նշեց Պոուլսենը:
Պոուլսենը հասցրել է դիտել Հայաստան-Սերբիա եւ Ֆինլանդիա-Հայաստան ընտրական մրցախաղերի տեսագրությունները եւ արդեն որոշակի կարծիք կազմել է մեր հավաքականի ֆուտբոլիստների մասին, որոնց խաղային ունակություններին մոտիկից կծանոթանա արդեն Մալթայում կայանալիք մրցաշարի ընթացքում: Պոուլսենի կարծիքով, հայ ֆուտբոլիստներն ընտրական նախորդ փուլում իրենց վատ չեն դրսեւորել: Նա նշեց, որ աշխարհի առաջնության ընտրական խումբը, որտեղ հանդես է գալու ՀՀ հավաքականը, բավական ուժեղ է, սակայն չպետք է վախենալ մրցակիցներից, այլ անհրաժեշտ է հավատալ սեփական ուժերին ու պայքարել մինչեւ վերջ:
Ի դեպ, Պոուլսենը բնակվելու է Երեւանում, ինչը չափազանց կարեւոր է: Բացի հավաքականը գլխավորելուց, Պոուլսենն ազատ ժամանակը կնվիրի հանրապետության երիտասարդ մարզիչների համար դասընթացների կազմակերպմանը, նաեւ ձգտելու է երիտասարդական ու պատանեկան հավաքականների խաղաոճերը նմանեցնել ազգային ընտրանու խաղաոճին: Պոուլսենը պատրաստ է նաեւ համագործակցել լրատվամիջոցների հետ:
ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը նշեց, որ ամեն ջանք պետք է ներդնել, որպեսզի հավաքականը հաջող հանդես գա եւ ձգտի աշխարհի առաջնության եզրափակիչի ուղեգիր նվաճել: Այժմ աշխատանքներ են տարվում հավաքականի համար ընկերական հանդիպումներ կազմակերպելու հարցում: Անդրադառնալով Թուրքիայի հավաքականի հետ առաջիկայում կայանալիք հանդիպումներին, Ռուբեն Հայրապետյանը հույս հայտնեց, որ երկու երկրներում էլ դրանք նորմալ պայմաններում կանցնեն, ֆուտբոլիստները ջերմ հյուրընկալության կարժանանան: Նա նաեւ գոհունակություն հայտնեց, որ «Հրազդան» մարզադաշտի տնօրենությունը որոշել է խոշոր ներդրումներ կատարել մարզակառույցի վերանորոգման եւ միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու համար, ինչը հնարավորություն կընձեռի հետագայում ՀՀ հավաքականի հանդիպումներն անցկացնել այնտեղ: Նա նաեւ տեղեկացրեց, որ վերակառուցվում է «Հանրապետական» մարզադաշտը եւ իսրայելական ընկերության առջեւ խնդիր է դրվել սեպտեմբերի 1-ին կազմ ու պատրաստ հանձնել շահագործման: Լիովին կփոխվի խոտածածկը, ինչը մրցակիցների դժգոհության տեղիք էր տալիս: Ռուբեն Հայրապետյանը չբացառեց, որ հնարավոր է «Հանրապետականում» այլեւս չթույլատրի առաջնության հանդիպումների անցկացումը, իսկ համերգներն այսուհետեւ խոտածածկի վրա չեն կազմակերպվի: Ինչ վերաբերում է 2008-ի ՀՀ առաջնությանը, ապա այն եւս կանցկացվի 8 թիմերի մասնակցությամբ: Բարձրագույն խմբի ուղեգիր նվաճած Երեւանի «Դինամոն» ֆինանսական խնդիրների պատճառով հրաժարվել է ուժեղագույնների մրցաշարից:
Ավանդույթի համաձայն, ասուլիսի վերջում ՀՖՖ նախագահը ՀՀ հավաքականի մարզաշապիկ նվիրեց Յան Բորգե Պոուլսենին:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ