Դրա բացահայտումը հուսադրող է համարում Դինքի ընտանիքի դատապաշտպանը
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
Ինչպես տեղեկացրել էինք հունվարի 24-ի համարում, Հրանտ Դինքի սպանության տարելիցից 2 օր անց, հունվարի 21-ի լույս 22-ի գիշերը թուրքական անվտանգության ուժերի ահաբեկչության դեմ պայքարի վարչությունը Ստամբուլի գլխավորությամբ 7 քաղաքներում «Հայրենիք» պայմանական անունով միաժամանակյա գործողություններ էր իրականացրել «Էրգենեքոն» ահաբեկչական կազմակերպության դեմ, ձերբակալելով դրա 33 անդամների: Միաժամանակ նշվել էր, որ լայնամասշտաբ այս գործողության հիմքը դրվել է դեռեւս 2007-ի հունիսի 12-ին, երբ նույն վարչության «Հորձանուտ» պայմանական անունով Ստամբուլի Ումրանիե թաղում իրականացրած գործողության հետեւանքով ձերբակալվել է 21 մարդ: Ձերբակալվածներից 15-ը կալանվել էին «ահաբեկչական զինված կազմակերպություն ստեղծելու» մեղադրանքով:
Հունվարի 23-ին Դիարբեքիրում անվտանգության ուժերը կատարել էին եւս 2 ձերբակալություն, այսպիսով «Էրգենեքոնի» գործով ձերբակալվածների թիվը հասել էր 35-ի: Թուրքական հանրային հեռուստատեսության տվյալներով, կասկածյալներից 5-ը ազատ է արձակվել, իսկ 14-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը: Շարունակվում է մյուսների հարցաքննությունը:
Ի՞նչ է իրենից ներկայացնում «Էրգենեքոն» ահաբեկչական կազմակերպությունը: Հարցի պատասխանը միանշանակ չէ: Պարզապես հայտնի է, որ կազմակերպության մեջ առանցքային դեր են խաղացել պաշտոնաթող զինծառայողներն ու թուրքական զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության նախկին աշխատակիցները, որոնցից 8-ը ձերբակալվածների մեջ է, իսկ կազմակերպությունը ունեցել է նախագահություն եւ 6 վարչություններ: Դրանցից 4-ի ղեկավարությունը ռազմականացված լինելու պատճառով կոչվում է վարչության հրամանատարություն:
Հայտնի է նաեւ այն, որ «Էրգենեքոնի» կազմում առաջին դեմքը գեներալ Վելի Քյուչուքն է, որն այդ կոչման արժանացել է 1996-ին, ծառայելով երկրի տարբեր քաղաքներում որպես ժանդարմերիայի կայազորի հրամանատար: Նա եղել է նաեւ «Հայրենասիրական ուժերի զորության» միության ղեկավարներից: Սակայն այս միությանը հակադրվել է «Ազգային ուժեր» միությունը, որոնք մինչ այդ համատեղ են գործել, ինչից հետո Վելի Քյուչուքն իր գործունեությունը ծավալել է վերջինի միջոցով, որին նախքան ձերբակալությունը ղեկավարում էր պաշտոնաթող գնդապետ Ֆիքրի Կարադաղը:
Ի դեպ, թուրքական անվտանգության ծառայությունները մեկ տարի շարունակ գաղտնալսել են Կարադաղի հեռախոսազրույցները: Նա մի դեպքում, նկատի ունենալով Հուսեյին Չելիքին, ասել է. «Նա այս երկրում ինչպես է դառնում ազգային կրթության նախարար, երբ նրա մայրը քուրդ է, իսկ հայրը` արաբ», մյուս դեպքերում դուրս է եկել քրդերի դեմ, ավելացնելով. «Մեր ձեռքում ունենք հազարավոր դավաճանների ցուցակ»:
Այլ կերպ «Էրգենեքոն» կազմակերպությունը վերոհիշյալ միությունների ներքին բախումներից հետո անցել է «Ազգային ուժերի» շարքը: Ենթադրվում է, որ կազմակերպությունը ծրագրում էր թուրք-քուրդ բախումներ հրահրել երկրում, առաջացնել քաոս եւ դրանով նպաստել զինվորական հեղաշրջման համար անհրաժեշտ նախադրյալների ստեղծումը, պիտակավորելու միջոցով ճնշել ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին, հակահարված տալ Թուրքիայում գործող քաղաքացիական հասարակությամբ օտարերկրյա կազմակերպություններին, հավասարեցնելու համար դրանց ազդեցությունը զրոյի, ինչպես նաեւ անհաշտ պայքար մղել քաղաքական միահեծան խմբավորումների, դրսից ֆինանսավորվող եւ դրսի ուժերի հետ համագործակցող կազմակերպությունների դեմ, որպեսզի «չեզոքացվեն վերջիններիս պառակտիչ ու կործանարար նախաձեռնությունները»:
«Ռադիկալը» հունվարի 24-ի համարում, անդրադառնալով «Էրգենեքոնի» կառուցվածքին, նշում է «Լոբբի» կոչվող կառույցի մասին, որին համարում է կազմակերպություն կազմակերպության մեջ եւ գլխավորըՙ տալիս է դրա ձեւավորման հիմնավորումը, համաձայն կանոնադրության. «Թուրքական զինված ուժերի կազմում գործող «Էրգենեքոնին» ենթակա «քաղաքացիական տարրերի» կազմակերպումը անխուսափելի էր: Մեծ բացթողում է այն, որ ժամանակին չի ստեղծվել «Լոբբի» կոչվող այս գաղտնի կառույցը»:
Եթե իսկապես «Էրգենեքոնը» գործել է թուրքական զինված ուժերի կազմում, ապա դրանց կազմում պետք է գործած լինեն «Հայրենասիրական ուժերի զորություն» եւ «Ազգային ուժեր» ընդհատակյա միությունները: Թերեւս այդ առումով հատկանշական է Թուրքիայի ազգային մեծ ժողովի Սուսուրլուքի գործով հանձնաժողովի նախագահ Էլքաթմըշի դեռեւս 1997-ի ամռանն արած հետեւությունը. «Հանցագործ խմբավորումներն ունեն 3 հենասյուներ, որոնցից առաջինը ոստիկանությունն է, երկրորդը` բյուրոկրատիան, իսկ երրորդը` զինվորականությունը: Ոստիկաններն ու որոշ բյուրոկրատներ հասանելի են մեզ, սակայն զինվորականությանը հասնելն անհնար է: Մեր ձեռքում ունենք գեներալ Վելի Քյուչուքի մեղսակցությունն ապացուցող տվյալներ: Սակայն դրանք որպես ապացույց չեն ընդունվում եւ չենք կարողանում հետաքննություն սկսել նրա դեմ»:
Այնուամենայնիվ «Էրգենեքոն» ահաբեկչական կազմակերպության դեմ թուրքական անվտանգության ուժերի իրականացրած լայնամասշտաբ գործողությունը, շնորհիվ դրա հնարավոր եղավ բացահայտել ընդհատակյա այս կազմակերպությանը, չափազանց կարեւոր տեղաշարժ է Թուրքիայում: Գործողության իրականացումը ցույց է տալիս, որ վարչապետ Էրդողանի կառավարությունը չի հրաժարվել աղմկահարույց սպանությունները, այդ թվում Հրանտ Դինքինը մինչեւ վերջ բացահայտելու մտադրությունից, իշխանությունն ու իրավապահ մարմինները դրանք չեն պայմանավորում անձնական նախաձեռնություններով, այլեւ գործում են դրանց խորքային արմատների առկայության գիտակցությամբ:
Պատահական չէ, որ Դինքի ընտանիքի դատապաշտպան Նուսրեթ Գյուրգոզը, ինչպես հունվարի 25-ին նշել է «Զամանը», սպանության բացահայտման առումով հուսադրող է համարել «Էրգենեքոն» կազմակերպության դեմ իրականացված գործողությունը եւ ավելացրել. «Հուսամ, որ լեռը մուկ չի ծնի: Հրանտ Դինքի սպանության բացահայտումը նախադրյալներ կստեղծի նաեւ չբացահայտված մյուս սպանությունների համար»: