Բնության համաշխարհային հիմնադրամը եւ ՀՀ բնապահպանության նախարարությունը իրականացնում են «Հայաստանի Ջավախք (Աշոցք) շրջանում պահպանվող տարածքների ստեղծում» ծրագիրը, որը ֆինանսավորում են Գերմանիայի կառավարությունը, Գերմանիայի վերականգնման վարկերի բանկը (KfW):
Երեկ «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում ծրագրի պաշտոնական բացման արարողությունն էր:
Ծրագրի նպատակն է պահպանել Հայաստանում Շիրակ-Ջավախք բարձրավանդակի բացառիկ կենսաբազմազանությունը, որը տեղակայված է Վրաստանի եւ Թուրքիայի սահմանի երկայնքով` միաժամանակ Շիրակի մարզում ուժեղացնելով համայնքային կայուն զարգացումը Արփի լիճ ազգային պարկի ստեղծման միջոցով եւ իրականացնելով պահպանման գոտում ծրագիրը` 15 թիրախային համայնքների ընդգրկմամբ:
Ջավախք-Շիրակ հայաստանյան հատվածը, գտնվելով հրաբխային ծագում ունեցող լեռնային բարձրավանդակի վրա, իր լեռնային տափաստաններով, ենթաալպյան մարգագետիններով, ինչպես նաեւ լճերով եւ խոնավ տարածքներով, բացառիկ է կովկասյան էկոտարածաշրջանում եւ ընտրվել է որպես առաջնահերթ «Ջավախք-Շիրակ» բնապահպանական տարածք «Կովկասի էկոտարածաշրջանային բնապահպանական պլանում»: Ավելի քան 140 թռչունների տեսակ է գրանցվել այս տարածքում: 80-85 տեսակներից 7-ը համաշխարհային բնապահպանական մտահոգություն առաջացնող տեսակներ են: Ծրագրի նպատակներից է նաեւ նպաստել Հայաստան-Վրաստան անդրսահմանային համագործակցությանը:
«Բնապահպանական ոլորտում առաջին անգամ իրականացվում է ծրագիր Գերմանիայի կառավարության հետ: Այդ խոշոր ծրագիրը` 2 միլիոն 200 հազար եվրո է, տեւողությունըՙ երեք տարի: Առաջին գլխավոր խնդիրը ծրագրի իրականացումն է ՀՀ կառավարության եւ Գերմանիայի կողմից: Հաջորդ խնդիրը վերաբերում է կենսաբազմազանությանը. Ազգային պարկը ստեղծվելու է Արփի լճի շրջակայքում եւ հիմնականում կենսաբազմազանության խնդիրներն են դիտարկվելու` բուսական եւ կենդանական աշխարհի պահպանության, ինչպես նաեւ ծրագիրը շփվելու է Շիրակի մարզի շուրջ 20 համայնքի հետ: Երրորդ կարեւորագույն խնդիրը ծրագրի անդրսահմանային լինելու հասկացողությունն է, որ իրականացվում է Վրաստանի եւ Թուրքիայի միջոցով», ասում է ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը:
«Գերմանիայի կառավարությունը մեծ նշանակություն է տալիս Հայաստանի հետ համագործակցությունը ինչպես երկկողմ հարաբերություններում, այնպես էլ կովկասյան նախաձեռնության շրջանակում` անդրսահմանային ծավալված համագործակցությանը: Անցած տարի, միջկառավարական բանակցությունների ընթացքում, մենք արդեն ամրագրել ենք այն քայլերը, այն բոլոր ծրագրերը, որոնք ծրագրված են հետագա տարիներին իրականացնելու համար: Բնապահպանության այս միջոցառումները, որոնք միտված են արգելոցներ ստեղծելու, ինչպես նաեւ զարգացնելու ենթակառուցվածքները, առաջնային խնդիրներ են կովկասյան նախաձեռնության շրջանակում: Բնությունը սահմաններ չի ճանաչում. այս համագործակցությունը բխում է երկու երկրների շահերից, եւ պետք է մաղթել ամենայն հաջողություն` հույս ունենալով, որ այս ձեռնարկը մեծապես կնպաստի տարածաշրջանի զարգացմանը», իր ելույթում նշեց Գերմանիայի դեսպան տիկին Անդրեա Վիկտորին:
Ծրագրի շրջանակներում կստեղծվեն տարածաշրջանում զարգացման նոր հնարավորություններ ամառային եւ ձմեռային տուրիզմի, էներգիայի արտադրության ու կլիմայի փոփոխության հետ կապված:
«Կարող ենք արձանագրել, որ Հայաստանում բացի Խոսրովի անտառից, Սեւանա լճից կա եւս մի անկյուն, որ գրավել է բնապահպանների ուշադրությունը: Ամասիայի եւ Աշոցքի տարածաշրջաններում Ազգային պարկ ստեղծելու ծրագիրը վեր է մեր բոլոր սպասելիքներից: Ծրագրում լուրջ տեղ է հատկացված տարածաշրջանի սոցիալ տնտեսական եւ կենսաբանական գնահատմանը, որի արդյունքները կարող են ուղղորդել նաեւ մեր գործունեությունը», նշեց Շիրակի մարզպետ տիկին Լիդա Նանյանը:
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ