Հունվարի 24-ի ժամը 19:00-ի տվյալներով, ՀՀ-ում հաշվառված է եւ այսպիսով ընտրելու իրավունք ունի 2.312.945 քաղաքացի: Ամեն օր գրանցվող կալանավորումների, մահացության դեպքերի, 18 տարին լրացող եւ անձնագիր ստացողների թվի աճի եւ այլ պատճառներով այս տվյալն անընդհատՙ մինչեւ ընտրությունների օրը, փոփոխությունների է ենթարկվում: Գործում է նաեւ թեժ գիծ, որի միջոցով պատասխանատուները ընտրացուցակներում ճշգրտումներ են կատարում: Մինչ օրս ոստիկանությունը այս հարցով 28 հեռախոսազանգ է ստացել:
Երեկ ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ Ալվինա Զաքարյանը լրագրողներին ներկայացրեց նախագահական ընտրությունների նախաշեմին իրենց վարչությունում կատարվող աշխատանքները: Նա տեղեկացրեց, որ 2007 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրացուցակներում ընդգրկված է եղել 2.285.830 ընտրող: Այսինքնՙ 1 տարվա ընթացքում ավելի քան 27 հազարով ավելացել է ընտրելու իրավունք ունեցող անձանց թիվը, ինչը, Զաքարյանի խոսքերով, միանգամայն նորմալ է, քանի որ միայն վերջին 10 օրերին ընտրելու իրավունք ունեցողների թիվը հետեւյալ կերպ է փոփոխվել. 4000-ից ավելի քաղաքացի դարձել է 18 տարեկան, շուրջ 2000 քաղաքացի մահացել է, շատերը վերադարձել են Հայաստան եւ վերականգնել ընտրելու իրենց իրավունքը: Նրա հավաստմամբՙ ՀՀ բոլորՙ 1923 ընտրատեղամասերը ստացել են նախնական ընտրացուցակները եւ փակցրել: Հայփոստը հունվարի 21-ի դրությամբ ստացել է ընտրացուցակները եւ ընտրություններին մասնակցության ծանուցագրեր է պատրաստում ու բաժանում մեր ընտրողներին: Ընտրացուցակները տեղադրված են նաեւ ինտերնետում: «Ազգ»-ի հարցին, թե արդյո՞ք տեղեկատվությունը ինտերնետում տեղադրելը ազգային անվտանգությանը չի խոչընդոտում, տիկին Զաքարյանը պատասխանեց. «Դա անվտանգության ոչ մի խնդիր չի առաջացնում, քանի որ ոչ թե քաղաքացիների անձնագրային տվյալներն են ներկայացված, այլ պարզապես նրանց անուն, ազգանունը, հաշվառման հասցեն: Իսկ հակառակ դեպքը անձի անհատական տվյալների գաղտնիության օրենքի խախտում կլիներ»:
Տիկին Զաքարյանը անդրադարձավ այն բարեփոխմանը, որը կապված է գյուղական բնակավայրերի հետ: Նա տեղեկացրեց, որ բոլոր բնակավայրերը հասցեավորված են, ինչի շնորհիվ զգալիորեն կհեշտացվի միեւնույն անուն, ազգանունով տարբեր անձանց քվեարկելու գործընթացը եւ կբացառվի մի քանի անգամ ընտրելու հնարավորությունը:
«Ազգ»-ի հարցին, թե ինչպես կարող են քվեարկել երկքաղաքացիության իրավունք ստացած անձինք, տիկին Զաքարյանը տեղեկացրեց, որ ընտրացուցակներում ներգրավված են միայն այն երկքաղաքացիները, ովքեր փաստացի ապրում են ՀՀ-ում: Եթե նրանք իրենց անունը չեն գտնում ընտրացուցակում, ապա կարող են դիմում ներկայացնել եւ վերականգնել ընտրելու իրենց իրավունքը: Մինչ օրս դիմած երկքաղաքացիների թիվը, ըստ Զաքարյանի, «100-ներից ավելի է, հնարավոր էՙ 1000 լինի»: Ինչպես երկքաղաքացիները, այնպես էլ ՀՀ ոչ մի քաղաքացի իրավունք չունի մասնակցելու ընտրությանը, եթե ընտրության օրը ՀՀ տարածքում չէ: Ընտրություններից 4 օր առաջ պատասխանատուները բուժհիմնարկներից կստանան ստացիոնար բուժում ստացող այն հիվանդների ցանկը, ովքեր ցանկանում են մասնակցել ընտրությանը եւ բուժհիմնարկներում կկազմակերպեն վերջիններիս ընտրությունը: Իրենց բնակության վայրում ընտրություններին կարող են մասնակցել այն մարդիկ, ովքեր չնայած գրանցված են ՀՀ մեկ այլ բնակավայրում, սակայն համապատասխան դիմում են ներկայացնում, ինչի արդյունքում իրենց անունը դուրս է գալիս գրանցված վայրի համապատասխան ընտրատեղամասից եւ տեղափոխվում բնակության վայրի տեղամաս:
Տիկին Զաքարյանը հերքեց այն լուրերը, թե իբր մեծ քանակությամբՙ մոտ 400 հզր կեղծ անձնագրեր են տպագրվել, եւ նշեց որ, եթե կեղծ անձնագրի մեկ օրինակ իրեն ներկայացվի, ինքը պատրաստ է ներողություն խնդրել: Նա նաեւ անդրադարձավ ԿԸՀ անդամ Սոնա Սարգսյանի հայտարարությանը, թե իբր իր մահացած հոր անուն, ազգանունը դեռ ընտրացուցակներում էՙ ասելով որ վերջինիս անունը ընտրացուցակներից հանված է դեռեւս 2005-ի սահմանադրական հանրաքվեից:
ԹԱՄԱՐ ՄԻՆԱՍՅԱՆ