«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#13, 2008-01-24 | #14, 2008-01-25 | #15, 2008-01-26


«ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՇՐՋԱՆՆ ԷԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԹՈՂԵԼ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՇՈՒԿԱՅԻ ՎՐԱ»

Այս մասին վկայող տեղեկություններ հայտնեց Մանուկ Վարդանյանը

«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում կառավարության հաստատած փոփոխությունները երեկ լրագրողներին ներկայացրեց անշարժ գույքի կադաստրի կոմիտեի նախագահ Մանուկ Վարդանյանը: Նա հայտնեց, որ մինչ այս փոփոխությունը, կադաստրի կոմիտեն տրամադրում էր պահանջվող տեղեկատվությունը, բայց այս փոփոխության ընդունումից հետո այլ անձի վերաբերյալ տեղեկատվությունը կտրամադրվի միայն նրա գրավոր համաձայնության, լիազորագրի կամ դատարանի որոշման առկայության դեպքում: Միաժամանակ ամեն մեկին կշարունակվի տրամադրվել տեղեկատվություն, որն առնչվում է իր սեփականությանը:

Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի նախագահը նաեւ որոշ մանրամասներ հայտնեց իր ղեկավարած կառույցի անցյալ տարի կատարած աշխատանքների մասին: Համաձայն դրանց, ամբողջությամբ ավարտվել է համայնքներին պետական հողերի փոխանցման գործընթացը, բացառությամբ բացառիկ պետական սեփականություն հողերիՙ անտառների, ենթակառուցվածքների տակով անցնող հողերի եւ այլն: Ավարտվել են համայնքների սահմանների նկարագրության աշխատանքները եւ Հայաստանում ներկայումս բոլոր համայնքներն ունեն իրենց հստակ սահմանները: Մանուկ Վարդանյանը նշեց, որ երկու վիճելի հարցեր են մնացել համայնքների սահմանների առնչությամբՙ Իջեւանի եւ հարեւան երկու գյուղական համայնքների, Մարալիկ եւ Ձորակապ համայնքների միջեւ:

Հայաստանի շուրջ 40 հազար աշխարհագրական անվանումներ փոխվել են եւ դարձել հայեցի, հիմնականում վերստանալով պատմական անունները: Տեղեկացվեց, որ Հայաստանը 2007-ին 250 հազար դոլարով ձեռք է բերել ընդունիչ արբանյակային կայան, որի միջոցով կարելի է ինքնուրույն տեղեկություններ ձեռք բերել: Դա շատ կարեւոր նշանակություն ունի ինչպես երկրի պաշտպանության, այնպես էլ տնտեսության համար: Հաստատվել է հողային հաշվեկշիռը, էլեկտրոնացվել են կադաստրային արխիվները, տարվա ընթացքում կատարվել է 155 հազար պետական գրանցում: Այսինքն, այդքան գործարքներ են կատարվել: Ընդ որում, չնայած տարին ընտրական էր, բայց այդ թիվը 24,5 տոկոսով ավելի է 2006-ին արձանագրված 124 հազար գործարքներից: Կադաստրի կոմիտեի նախագահը հայտնեց, որ գործարքների աճ է արձանագրվել ե՛ւ առուվաճառքի, ե՛ւ գրավադրման, ե՛ւ վարձակալության ոլորտներում: Նա ասաց, որ հիպոթեկային վարկերն ավելացել են 80 տոկոսով եւ հունվարի 1-ից Կենտրոնական բանկի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել արձանագրելու, թե գործարքների որ մասն է իրականացվել բանկերի վարկային միջոցների հաշվին:

Անդրադառնալով գործարքների քանակի ցուցանիշներին, անշարժ գույքի կադաստրի կոմիտեի նախագահն իր զարմանքը հայտնեց որոշ թերթերում հայտնված այն տեսակետի կապակցությամբ, ըստ որի, շուկայում պասսիվացում է նկատվում: Նշելով, որ յուրաքանչյուր երկրում ընտրական գործընթացներն ազդում են անշարժ գույքի շուկայի վրա եւ որն ավելի զգայուն է, քան անգամ ֆինանսական շուկան, Մանուկ Վարդանյանն ասաց, որ ցուցանիշները վկայում են, որ մեր շուկայի վրա դրանք էական ազդեցություն չեն ունեցել: Անցյալ տարի գործարքների քանակը որոշակիորեն նվազել է խորհրդարանական ընտրությունների շրջանումՙ ապրիլ եւ մայիս ամիսներին, իսկ հաջորդող ամիսներինՙ շարունակաբար աճել:

Ինչ վերաբերում է նախագահական ընտրություններին նախորդող շրջանին, եթե 2007-ի նոյեմբերին գործարքների թիվը կազմել է մոտ 14 հազար, ապա դեկտեմբերին 16 հազար: Փաստորեն, չնայած ընտրությունների օրվան մոտենալուն, գործարքներն ավելացել են, այլ ոչ թե նվազել: Իսկ նախորդ տարվա դեկտեմբերին, ինչպես պատասխանելով մեր հարցին հայտնեց Մանուկ Վարդանյանը, գործարքների քանակը 2006-ի դեկտեմբերին կազմել էր 12 հազար: Փաստորեն, գործարքների քանակով այս տարվա դեկտեմբերը գերազանցել է ինչպես նախորդ տարվա դեկտեմբերի, այնպես էլ նախորդ ամսվաՙ նոյեմբերի ցուցանիշները, ինչը ցույց է տալիս, որ նախընտրական գործընթացների հետ կապված անսպասելի իրադարձությունների սպասումներ շուկայում չկան:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4