«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#13, 2008-01-24 | #14, 2008-01-25 | #15, 2008-01-26


ՌՈՒՍԱԿԱՆ «ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿԸ» ՁԵՌՔ ԲԵՐԵՑ «ԱՌԷՔՍԻՄԲԱՆԿԻ» ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ 80 ՏՈԿՈՍԸ

Հայաստան մուտք գործած միջազգային ճանաչում ունեցող հերթականՙ ռուսական «Գազպրոմբանկի» ղեկավարները հանդիպումներ ունեցան Հայաստանի նախագահի եւ վարչապետի հետ: Ռուսական բանկը ձեռք է բերել հայկական «Առէքսիմբանկի» բաժնետոմսերի 80 տոկոսը: Այդ իրադարձությանն էր նվիրված երեկ հրավիրված մամուլի ասուլիսը:

Ինչպես հայտնեց «Առէքսիմբանկի» գլխավոր տնօրեն Արմեն Խանդկարյանը, բանկի բաժնետոմսերի 80 տոկոսի վաճառքը «թելադրված էր հայկական շուկա հզոր բանկերի մուտք գործելու անհրաժեշտությամբ, քանի որ Հայաստանում կան այդպիսի բանկերի ծառայությունների պահանջ ունեցող հաճախորդներ»: Գլխավոր տնօրենի կարծիքով, հայկական բանկերի դժբախտությունն այն է, որ նրանք փոքր են եւ չեն կարողանում սպասարկել խոշորակապիտալ հաճախորդների: Այս առումով, ըստ նրա, «Գազպրոմբանկի» մուտքը հայկական շուկա կփոխի իրավիճակը»: «Այսօր հայաստանյան շուկայում անհրաժեշտ է տեխնոլոգիապես հզոր բանկ, որը հետագայում կկարողանա նպաստել հայկական ֆինանսական շուկայի զարգացմանն ամբողջությամբ», ասաց Արմեն Խանդկարյանը: Միաժամանակ «Առէքսիմբանկի» գլխավոր տնօրենը նշեց, որ դա չի նշանակում, թե բանկն այսուհետեւ սպասարկելու է միայն խոշորագումար հաճախորդներին: Մատուցվելու է մանրածախ սպասարկման ոլորտի ծառայությունների լայն շրջանակ, մասնավորապես հիպոթեկային շուկայում:

«Գազպրոմբանկի» առաջին փոխնախագահ Օլգա Կազանսկայան հայտնեց, որ բանկը հիմնադրվել է 1990-ին եւ Ռուսաստանի խոշոր ֆինանսական կազմակերպություններից մեկն է: Այն նաեւ իր կապիտալով երրորդ խոշոր բանկն է կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի երկրների բանկերի մեջ: Բանկի հիմնական բաժնետերերն են «Գազպրոմը» եւ «Գազֆոնդը»: Սպասարկում է 1,8 մլն քաղաքացիների եւ 40 հազար կորպորատիվ հաճախորդների:

Օլգա Կազանսկայան նշեց, որ «Գազպրոմբանկը» հետաքրքրված է Հայաստանում իրականացվող բոլոր գազաէներգետիկ ծրագրերով: Նա այն կարծիքը հայտնեց, որ մոտ ապագայում Հայաստանը կդառնա տարածաշրջանում միակ երկիրը, որ չունենալով սեփական էներգետիկ ռեսուրսներ, նախատեսված խոշոր էներգետիկ նախագծերի իրականացումից հետո կդառնա էներգիայի ավելցուկ ունեցող երկիր:

Ինչ վերաբերում է «Առէքսիմբանկի» հետագա անվանմանը, ապա մինչեւ տարեվերջ կվերանվանվի եւ կկոչվի «Գազպրոմբանկ Հայաստան»:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4