70 տարի առաջ էր, երբ Մոսկվայում զինվորականի ընտանիքում ծնվեց փոքրիկ Վոլոդյան: Վլադիմիր Վիսոցկին հետագայում դարձավ ֆենոմեն, մի քանի սերնդի կուռքն ու պաշտամունքի առարկան: Վիսոցկու կերպարը, երգերն ու խոսքերը նորարարություն էին: Երգի յուրաքանչյուր բառի մեջ խորիմաստություն կա: Ամեն անգամ լսելով նոր ձեւով ես ընկալում, նոր երանգներ բացահայտում: Նրա երգերն այսօր էլ արդիական են ու սիրելի: Ասում էրՙ միտքս պետք է արտահայտեմ ամենայն խորությամբ, որ ընկալվի:
Վիսոցկին հսկայական ժառանգություն է թողել. 10-ամյա երգեր, որոնցից շատերը կատարում էր նաՙ կիթառի ուղեկցությամբ: Երգեր, որոնց մեծ մասն անգիր գիտեին ոչ միայն Ռուսաստանում, այլեւ ամբողջ ԽՍՀՄ տարածքում: Դերեր, որոնցից, թերեւս, լավագույնը Տագանկայի թատրոնում խաղացած Համլետի կերպարն էր, որ խաղացել է ավելի քան 217 անգամ: Իսկ «Վերտիկալ» եւ «Հանդիպման վայրը փոխել չի կարելի» ֆիլմերում ի հայտ եկան նրա դերասանական ունակությունները: Վիսոցկին ժողովրդի սիրելին էր: Ժամանակագիրները վկայում են, որ 1980-ի հունիսին տոնական Մոսկվան մռայլվեցՙ իմանալով արվեստագետի մահվան գույժը: Երգերից մեկում ասում է. «Ես, իհարկե, կվերադառնամ»: Վիսոցկու մեծության ու հզորությամբ գաղտնիքը թաքնված է նրա բանաստեղծությունների մեջ, իսկ երաժշտությունը, ձայնը, կիթառն ու կատարումն այդ գաղտնիքը տարբեր կողմերից տեսանելի դարձնելու միջոցներ են: Մահվանից հետո նրա արխիվում գտան մանկական պոեմներ, կինոսցենարներ ու բանաստեղծություններ: Նրա մահվանից հետո եղան բանաստեղծությունների ու երգերի բազմաթիվ հրատարակություններ ու թարգմանություններ:
Վիսոցկու 70-ամյակի կապակցությամբ Երեւանի մի շարք մշակութային օջախներում տեղի ունեցան հոբելյանական հանդիսություններ: Վիսոցկու երաժշտությամբ սկսվեց Ազգային գրադարանում տեղի ունեցած միջոցառումը: Վիսոցկու երաժշտությունը երեկ հնչեց նաեւ Կամերային երաժշտության թատրոնի դահլիճում: Երաժշտական միջոցառումներից զատ, տեղի ունեցավ Վ. Վիսոցկու «Հուշարձան» հայերեն թարգմանությամբ գրքի շնորհանդեսը: Թարգմանիչըՙ Հովհաննես Սարոյանը, եղել է Վիսոցկու երկրպագուն: Վիսոցկուն երբեք չի տեսել, բայց լսել է բազմաթիվ պատմություններ ու զրույցներ Լեոնիդ Ենգիբարյանից: Մինչ գրքի հրատարակումը Սարոյանը հեղինակային իրավունքների վերաբերյալ պայմանագիր է կնքել երգչի որդիներիՙ Նիկիտա եւ Արկադի Վիսոցկիների հետ:
«Գրքում առկա 100-ից ավելի բանաստեղծությունները կօգնեն երիտասարդներին մարդ մնալ, հզոր լինել, չէժանանալ, չիջնել: Վիսոցկին ազատություն է տալիս: Շատ դժվար է հասկանալ նրա երգերը, կրկնակի դժվար է դրանք թարգմանել: Ապագայում միգուցե թարգմանեմ նրա մնացած բանաստեղծություններն ու «Վեպ աղջիկների մասին» գիրքը»:
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ