«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#13, 2008-01-24 | #14, 2008-01-25 | #15, 2008-01-26


ՄԱՐԱԴՈՆԱՅԻ ՎԱՐՄՈՒՆՔԸ ԶԱՅՐԱՑՐԵԼ Է ՀՐԵԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ

Արգենտինական ֆուտբոլի նախկին «աստղ» Դիեգո Մարադոնան Բուենոս Այրեսում գտնվող Իրանի դեսպանատան միջոցով այդ երկրի նախագահ Մահմուդ Ահմադինեժադին է նվիրել 10 համարի իր մարզաշապիկը: Հիշեցնենք, որ նախկինում Մարադոնան հայտարարել էր, թե ցանկանում է հանդիպել Իրանի նախագահի հետ եւ որ իր սիրտը իրանական ժողովրդի կողմն է:

Մարադոնայի այս արարքը Արգենտինայի հրեական համայնքի զայրույթն է հարուցել: Պատճառն այն է, որ 1992-ի մարտին Բուենոս Այրեսում ահաբեկչական գործողություն էր իրականացվել Իսրայելի դեսպանատան վրա, որի հետեւանքով 29 մարդ զոհվել էր, 30-ը վիրավորվել էին: 1994-ի հուլիսի 18-ին էլ պայթեցվել էր Բուենոս Այրեսում գտնվող հրեական մշակութային կենտրոնի շենքը, որի հետեւանքով 85 մարդ զոհվել էր, ավելի քան 200 հոգի վիրավորվել էին: Այն ժամանակ այդ ահաբեկչությունների մեջ արգենտինյան իշխանությունները մեղադրել էին Իրանին:

«Դիեգո Մարադոնայի վարմունքը պարզապես վրդովեցուցիչ է եւ ահաբեկչության զոհերի հարազատների մոտ խոր հիասթափություն է առաջացրել», հայտարարել է հրեական համայնքի ներկայացուցիչ Սերխիո Բուրշտեյնը:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4